‘Խաչիկյան-3. Կալանավորվել է «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ տնօրենը. Մամուլ’

1067

«Հրապարակի» տեղեկություններով, մոտ երկու շաբաթ առաջ կալանավորվել է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ տնօրեն Սամվել Հովհաննիսյանը։ Թերթը գրում է, որ սա, կարելի է ասել, Խաչիկյան-3-ն է՝ Դատական կարգադրիչների գործից հետո։ Այս ընկերությունում ևս մեռյալ հոգիներ են պահել՝ մարդկանց են ձևակերպել, որոնք չեն աշխատել, իսկ նրանց հասանելիքն ստացել են ընկերության տնօրենն ու այլ անձինք։ Այս գործում ևս ահռելի յուրացումներ են կատարվել պետական բյուջեից՝ գումարներ են լվացվել, աշխատողների ցուցակներ են կեղծվել, չիրականացված ծախսեր ցույց տրվել։

Երեկ ոստիկանության լրատվության պատասխանատու Արմեն Մալխասյանը հաստատել է տեղեկությունը, սակայն չի հայտնել յուրացման չափը։ Մեր տեղեկություններով, դեռ հաշվարկներ են արվում, և մեղադրյալների ցուցակը դեռ ավարտուն չէ։ Առայժմ մեղադրանք առաջադրված է միայն «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ տնօրեն Սամվել Հովհաննիսյանին։ «Ինչպես հաղորդեցին ոստիկանությունից՝ նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախությանն օժանդակելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ (Քրօր. 38-178 հոդված, 3-րդ մաս, 1 կետ, 308 հոդվածի 3-րդ մաս)։ Գործը ոստիկանության քննչական վարչության վարույթում է»,–գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Գյումրեցիները ևս առանց նվերի չեն մնա. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Իշխանությունները շարունակում են թաքցնել աղքատության ցուցանիշները. Մամուլ’