‘Խեչոյանի քաղաքացիական կեցվածքը և իշխանությունների անգործությունը’

1197

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, արձակագիր Լևոն Խեչոյանը բուժման նպատակով հոկտեմբերի կեսից գտնվում է Գերմանիայում: Նրա վիճակը, սակայն, չի բարելավվում: Մոտ երկու շաբաթ առաջ նրան կրկին վիրահատել են: Գրողը ևս մեկ անգամ Գերմանիայում վիրահատության էր ենթարկվել ամիսներ առաջ:

«Ցավոք, Գերմանիայում կյանքի սահմանագծին մաքառող Լևոն Խեչոյանի հետվիրահատական վիճակն օրհասական է: Բժիշկները խորհուրդ են տալիս նրան անկողնային վիճակում տեղափոխել Հայաստան, ինչը ընտանիքի հնարավորությունների սահմաններից դուրս է»,- ֆեյսբուքյան էջում երեկ առավոտյան գրել է Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյանը, որն արձակագրի մտերիմ ընկերն է:

Մ. Մանուկյանը նաև նշել է, թե Խեչոյանի վիճակի մասին տեղեկացնելով՝ նպատակ ունի իրազեկել պատկան մարմիններին: «Գերմանիայում բուժման կազմակերպման գործընթացին որևէ կերպ օժանդակություն չցուցաբերած ՀՀ կառավարությունը, կարծում ենք, հիմա արագ ինչ-որ բան պետք է ձեռնարկի»,- գրել է նա:

Այս գրառումից հետո համարյա բոլոր լրատվամիջոցները սկսեցին պարզել, թե պետական որ գերատեսչությունն է օգնել, կամ պատրաստվում օգնելու Խեչոյանին: Երեկ միայն երեկոյան կողմ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը ասել էր. «Վերջին տարվա ընթացքում և նախագահի հիմնադրամը, և «Լույս» հիմնադրամը պարբերաբար աջակցել են պարոն Խեչոյանին բուժման հետ կապված հարցերում, և ներկայումս նույնպես դիտարկվում են աջակցություն ցուցաբերելու եղանակները»:

Իսկ ավելի ուշ պարզ դարձավ, որ, իսկապես, որոշակի աջակցություն ցուցաբերվել է, բայց այն բավականին քիչ է եղել բուժման ծախսերը հոգալու համար: Երեկ օրվա վերջում մամուլում նաև հրապարակում եղավ, թե Լ. Խեչոյանի բուժման և Հայաստան տեղափոխելու համար կառավարությունը 8 մլն դրամ է հատկացրել: Տիգրան Սարգսյանի մամլո ծառայությունից, այնուհետև հայտնել էին, որ «վարչապետը Մշակույթի և Առողջապահության նախարարություններին հանձնարարել է հարցին անհապաղ լուծում տալ»:

Երեկ ողջ օրը կոնկրետ պատասխաններ հնարավոր չէր ստանալ նաև Մշակույթի նախարարությունից, թե ինչ քայլեր են ձեռնարկել անվանի արձակագրին Հայաստան տեղափոխելու համար: Նախարարության հասարակայնության հետ կապերի լրատվական ծառայությունից մամուլին ընդամենը փոխանցել էին, թե «նախարարը տեղյակ է խնդրին, և այս պահին միջոցառումներ են ձեռնարկվում», սակայն չէին հստակեցրել, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեն, իսկ մեր հարցմանն ի պատասխան նույն ծառայությունից փոխանցեցին, որ արձակագիր Լևոն Խեչոյանին Հայաստան տեղափոխելու հետ կապված նոր բան չունեն ավելացնելու: Ինչպես արդեն հաղորդել են, նախարարությունն առայժմ աջակցության տարբերակներն է քննարկում:

Տեղեկացնենք, որ Լևոն Խեչոյանին պետք է տեղափոխեն անկողնային վիճակով, և դա բավականին մեծ խնդիր է Գերմանիայում միայնակ գտնվող նրա ընտանիքի համար: Ընդ որում՝ արձակագրի հետ այդ երկրում են նրա կինն ու որդին: Բանն այն է, որ նրան տեղափոխելու համար անհրաժեշտ է որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել այն ավիաընկերության հետ, որի միջոցով նա պետք է Հայաստան վերադառնա: «Առաջին լրատվական»-ին փոխանցեցին, թե անհրաժեշտ է ինքնաթիռի սրահից հանել որոշ նստատեղեր, որ հնարավոր լինի արձակագրի անկողինն այնտեղ տեղավորել: Բացի դրանից՝ ավիաընկերությունները պայման են դնում, որ նման դեպքում նրան պետք է ուղեկցեն նաև բժիշկ և բուժքույր: Իսկ այդ ամենն ապահովելու համար անհրաժեշտ է թե՛ կազմակերպչական, թե՛ ֆինանսական օժանդակություն:

Հիշեցնենք նաև, որ այս տարվա մայիսին Լևոն Խեչոյանը չընդունեց Հայրենիքին մատուցած ծառայությունների համար նրան շնորհված ՀՀ նախագահի շքանշանը: Նա ասել էր, թե չի կարող ընդունել այն, երբ այս չափի արտագաղթ կա երկրում, և երբ իր «եղբայր ազատամարտիկները, չդիմանալով սոցիալական ծանր պայմաններին, հենց այսօր էլ նստացույց են անում»: Ազատամարտիկն ինքը մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին և եղել է Սասուն Միքայելյանի ջոկատի անդամ: Նախկինում` 2008-ի մարտի 1-ի իրադարձություններից հետո, Լևոն Խեչոյանը մերժել էր իշխանության` մշակույթի ներկայացուցիչների հետ հանդիպման հրավերը` ասելով, թե երկրում քաղբանտարկյալների առկայության փաստն իրեն թույլ չի տալիս իշխանության հետ գնալ նման հանդիպման:

Հավանաբար այս հանգամանքից ելնելով` ՀՀ իշխանությունները խուսափել են նրան օգնել: Նշենք, որ այս տարի նախագահական ընտրություններից հետո կառավարությունը 20 մլն դրամ հատկացրեց նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին՝ նրա նկատմամբ կատարված մահափորձի հետևանքով վիրավորված ձեռքը նույն Գերմանիայում բուժելու համար: Մինչդեռ վերջինս այնքան առողջ է, որ հաճախակի հանրահավաքներ է կազմակերպում:

Երեկ Գերմանիայում Հայաստանի դեսպանատնից հայտնել էին, որ չեն հետևել Հայաստանի լրահոսին և տեղյակ չեն թե՛ Խեչոյանի՝ Գերմանիայում գտնվելու, թե՛ առողջական վիճակի մասին: Իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ դեսպանատնից կապվել են Լ. Խեչոյանի ընտանիքի հետ ու նրա տեղափոխման հետ կապված որոշակի պարտավորվածություն ստանձնել:

Ամենայն հավանությամբ Լեոն Խեչոյանին Հայաստան կտեղափոխեն դեկտեմբերի 15-16-ին:

Նյութի աղբյուրը՝ http://www.1in.am/arm/armenia_society_237715.html

Նախորդ հոդվածը‘Յացենյուկ. Չպետք է թույլ տալ, որ Ուկրաինան մտնի «նոր Խորհրդային Միություն»’
Հաջորդ հոդվածը‘122 տարվա ընթացքում առաջին անգամ Կահիրեում ձյուն է տեղացել (ֆոտոշարք)’