‘Խզվածները’

1697

Չնայած ամոթ է անդրադառնալ ամեն մի լուսանցքային  քաղաքական գործչի  գործունեությանը, սակայն այստեղ խոսքը ոչ թե այդ մարդկանց արարքներին է վերաբերում, այլ այդպիսի մարդկանց հայտարարությունների հասարակական ընկալմանը և այդպիսի գործիչների ինքնագնահատմանը:

Եթե արևմուտքում որևէ քաղաքական գործիչ հասարակության տեսանկյունից որևէ անբարո քայլ է կատարում, այդ գործչի քաղաքական կարիերան անմիջապես ավարտված կարելի է համարել:

Ըստ տվյալ երկրի ժողովրդի «մենթալիտետի»՝ այդ անբարո արարքի մեջ կարող են մտնել իր ընտրողներին խոստացածը չկատարելն ու խաբելը, քաղաքական դաշտ փոխելը, ընտրողների մեջքի ետևում, իր անձնական շահերից ելնելով՝ իշխանությունների հետ գործարքի մեջ մտնելը, կոռուպցիոն կամ սեռական սկանդալները և նմանատիպ այլ բաներ:

Եթե այսպիսի երևույթներ բացահայտվում են այս կամ այն գործչի վերաբերյալ, ապա բոլորին էլ պարզ է, որ տվյալ գործիչը դառնում է «քաղաքական դիակ», և որևէ մեկը նրա ետևից չի գնա:

Ընդհանուր գծերով՝ Հայաստանում էլ է նույնը, և դրա վառ օրինակներն են Գեղամյանը, ԱԽՔ-ը, Վազգեն Մանուկյանը և նմանատիպ մանր ու մեծ քաղաքական գործիչներ, որոնք պատմական ինչ-որ պահի ունեցել են որոշակի ընտրազանգված, սակայն այս կամ այն «բացահայտումից» հետո կորցրել են իրենց ընտրազանգվածը, և այն ետ բերելը գործնականորեն անհնարին է:

Տարբերությունը Արևմուտքի և Հայաստանի միջև այն է, որ եթե արևմտյան գործիչները նմանատիպ իրավիճակներում հայտնվելու դեպքում  գիտակցում են իրենց  վիճակը և դադարում են որևէ քաղաքական հավակնություն ունենալ, ապա Հայաստանում դրանք մինչև իրենց կյանքի վերջն էլ այդպիսի գիտակցություն ձեռք չեն բերում, և նրանց թվում է, թե դեռ կարող են որևէ դերակատարություն ունենալ երկրի քաղաքական գործընթացներում:

Այլ հարց է, որ այսպիսի մտայնության ձևավորմանը նպաստում է նաև իշխանությունը՝ այս կամ այն հարցի լուծման նպատակով, սակայն դա լրիվ այլ խոսակցության թեմա է, իսկ բուն խոսքը վերաբերում է զուտ մարդու իրականության ընկալմանը և ինքնագնահատականին:

Մի  օրինակ, որից հետո բոլորին պարզ կլինի՝ ինչի մասին է խոսքը. Տիգրան Խզմալյան անունով մի կինոռեժիսոր-քաղաքական գործիչ կա, ով հայտնի է իր ընդդիմադիր կեցվածքով և մնացած ընդդիմադիրներին ուղղված՝ անվճռականության և իշխանություններին ծախվածության մեղադրանքներով:

Սույն գործիչն իր կնոջը տեղավորում է իշխող ՀՀԿ կուսակցության ընտրացուցակում և այդ փաստը գաղտնի է պահում մինչև այն պահը, երբ բացահայտվում է այդ սկանդալը, և նրա կինը ստիպված է լինում հրաժարվել ՀՀԿ ցուցակի իր տեղից:

Հիմա, ցանկացած այլ պարագայում՝ տվյալ քաղաքական գործիչը կա՛մ պետք է հայտարարեր, որ ինքն այլևս ընդդիմադիր չէ, կա՛մ էլ լռեր ու հեռանալով քաղաքականությունից՝ համարեր, որ իրավունք չունի որևէ բարոյախոսական հայտարարություն անել ընդդիմության որևէ քայլի վերաբերյալ:

Մեր դեպքում ոչ առաջինն է տեղի ունենում, ոչ էլ երկրորդը, և սույն «գործիչը» շարունակում է նույն կերպ գործել, ինչպես նախկինում, կարծես ոչ թե իր կինն էր իր կողմից հանցագործ համարվող իշխանությունների ցուցակում հայտնվել, այլ հարևանի հարսը: Իհարկե, նա կարող էր նաև հայտարարել, թե չի կիսում իր կնոջ գաղափարները, և նրանք տարբեր քաղաքական հայացքների կրող են: Սակայն նա այդ էլ չի անում: Եւ շարունակում է պնդել, թե իշխող ՀՀԿ կուսակցությունը գողերի ու սրիկաների հավաքածու է:

Իհարկե, հասարակությունն իր վերաբերմունքը արտահայտել է սույն գործչի հանդեպ, սակայն այստեղ ոչ թե հասարակության հարցն է քննարկվում, այլ այսպիսի գործիչների ինքնագնահատականը, ինքն իրեն ինչպե՛ս ընկալելը, երբ իրենց թվում է, թե ամենաանտրամաբանական կամ ամենաստորագույն արարքից հետո էլ նրանք դեռ կարող են օգտագործվել այս կամ այն ուժի կողմից: Լրագրողներն էլ իրենց մեղքի բաժինն ունեն այս հարցում, որ փոխանակ երկրում տիրող լուրջ գործընթացների վրա ուշադրություն դարձնեն, շարունակում են լուսաբանել վերոնշյալ տիպի գործիչներին՝ շատ լավ հասկանալով հասարակության վերաբերմունքը նշված մարդկանց հանդեպ, դրանով իսկ խորացնելով երկրում տիրող «գաղջ» մթնոլորտը:

Այս հոդվածի գաղջն էլ ցրելու համար մի անեկդոտ հիշեցի: Մի պարտիզանուհի գերությունից վերադառնում է հայրենիք: Նրան հարցուփորձ են անում, թե  ինչպե՞ս իրեն հաջողվեց ազատվել այն դեպքում, երբ իր հետ միասին ձերբակալվածներին բոլորին գնդակահարեցին: Պարտիզնաուհին պատասխանում է, որ  կարողացել է գիշերը փախչել  գերությունից և իր հետ նույնիսկ գերմանացի գերի է վերցրել: Իսկ որտե՞ղ է գերին, հարցնում են նրան, ու  նա ցույց է տալիս հղիությունից մեծացած իր փորը:

Հիմա չգիտեմ՝ այս տիպի մարդիկ քանի գերի են իրենց հետ բերել ՀՀԿ ցուցակը մտնելով ու դուրս գալով, բայց որ այսքանից հետո նրանք պահանջում են, որ իրենց «հերոս» ճանաչեն, քանի որ կարողացել են «նեմեցներ» գերեվարել, սա արդեն չափազանց է՝ նույնիսկ Հայաստանի տիպի երկրի համար:

Սանասար Հավասարյան

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ խմբակցության ղեկավարը ողջունում է Քառյակի առաջարկները’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Ռուստամյան. Ընդդիմությունը շահագրգռված է արմատական փոփոխություններ իրականացնելու հարցում’