‘Խթանենք ամուսնությունները, զարկ տանք թանկացմանը ‘

1417

Կառավարության այսօրվա նիստում ընդունել է իր՝ 2013 թվականի գործունեության միջոցառումների ծրագի­րը, որտեղ, պարզվում է, բավականին ուշագրավ մի կետ կա. ըստ այդ ծրագրի, կառավարու­թյունը խթանելու է «մինչև 18-20 տարեկան հասա­կում աղջիկների ամուսնությունները»: Այդ տարիքում կանանց մայրացման շնորհիվ կառավարությունը բարելավվելու է ՀՀ ժողովրդագրական պատկերը:

Մինչ ժողովուրդը փորձում էր հասկանալ, թե ինչպե՞ս է կառավարությունը խթանիչ գործողություններ իրականացնելու, հայտնի դարձավ, որ տրանսպորտն, այնուամենայնիվ, թանկանում է: Ինչպես կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն էր ասում՝ «հօգուտ ժողովրդի»: Ու փաստորեն, վերջապես պարզ դարձավ այն գլուխկոտրուկը, թե ինչպես է կառավարությունը խթանելու այդ ամուսնությունները:

Եւ այսպես, ինչպես հայտնի է, 18-20 տարեկան աղջիկները հիմնականում ուսանող հատվածն են կազմում, որոնց գերակշիռ մասը չի աշխատում: Նրանք իրենց ծախսերի հարցում հիմնականում ծնողների հույսին են: Վերջին շղթայական թանկացումների դեպքում, (գազ, էլեկտրաէներգիա, առաջին անհրաժեշտության ապրանքներ եւ այլն), նշյալ աղջիկների ծնողները բնականաբար ընտրության առաջ են կանգնելու՝ հա՞ց, թե մարշրուտկա: Դե բնական է, որ նախապատվությունը տալու են հացին: Արդյունքում, հիշյալ աղջիկները եւ բնականաբար նաեւ նրանց պոտենցիալ ամուսինները, ստիպված են լինելու խնայողություն անել տրանսպորտի հարցում, եւ ավելի շատ ոտքով քայլել: Ինչքան շատ աղջիկները ոտքով քայլեն, այնքան ավելի մեծ կլինի ամուսին գտնելու հավանականությունը: Բացի դա, ոտքով քայլելն, ինչպես հայտնի է, առողջարար է, հետեւաբար, տրանսպորտ չնստելը միանգամից երկու օգուտ կտա. աղջիկները կգտնեն ամուսիններ՝ այսինքն, կառավարության պլանն այս մասով կկատարվի, բացի դա նրանք կլինեն ապագա առողջ մայրեր, քանի որ ինչպես արդեն ասացինք՝ քայլելն առողջարար է:

Հետո էլ կասենք, թե հայրենի կառավարությունը չի մտածում իր քաղաքացիների մասին: Ինչպես տեսնում ենք՝ լավ էլ մտածում է: Ընդ որում, մտածում է ոչ թե մի «ոլոլորտով», այլ կոմպլեքս՝ մի քանի «ոլոլորտների» համադրությամբ:

Փաստորեն, երբ Գագիկ Բեգլարյանը հայտարարում էր, որ տրանսպորտի թանկացման հարցում աշխատելու են այնպես անել, որ դա լինի «հօգուտ ժողովրդի»,  իրականությունը չէր խեղաթյուրում: Մարդը ճիշտ էր ասում:

Հ.Գ. Քանի որ հայկական ավանդական բանահյուսությամբ իշխանությունների ներկայացուցիչները, չինովնիկները չեն պատկանում «ժողովուրդ» կաստային, վերջիններիս համար թանկացումները լինելու են ոչ թե «հօգուտ», այլ՝ ի վնաս: Նրանք ստիպված են լինելու երթեւեկել անհարմար ու մղձավանջային ծառայողական մեքենաներով, ֆանտաստիկ տրանսպորտային միջոցները թողնելով բացառապես ժողովրդի համար: Վնասով են աշխատելու նաեւ «անհայտ» գծատերերը: Քանի որ հայտնի փաստ է, եթե որեւէ երկկողմանի գործարք «հօգուտ» մեկի է, ապա բնականաբար կլինի ի վնաս մյուսի: Եթե թանկացումները «հօգուտ» ժողովրդի են, ապա բնական է, որ դրանք կլինեն ի վնաս «անհայտ» ու խեղճ գծատերերի:

Պարգեւ Ապրեսյան

 

 

Նախորդ հոդվածը‘Ուրուգվայում Հայոց ցեղասպանության թանգարան կկառուցվի’
Հաջորդ հոդվածը‘Երեւանի քաղաքապետարանի՝ տրանսպորտի ուղեւարձի թանկացման հիմնավորումը’