‘
Այսօր արդեն աշխարհահռչակ դարձած «@» նշանի առաջացման պատմությունը քչերին է հայտնի։ Այն սկսել է կիրառվել մի քանի հարյուրամյակ առաջ՝ միջնադարյան մենաստաններում, լատինական «ad» (անգլերեն՝ «at») նախդիրի փոխարեն, սակայն որոշ հետազոտողներ հավաստում են, որ «շնիկը» հորինել են իտալացի ճգնավորները, գրում է Diplomat.am-ը:
Կարճ ժամանակ անց այդ նորամուծությունը սկսել են գործածել նաև վաճառականները: Առաջիններից մեկը, ով կիրառեց այդ նշանը մենաստանների պատերից դուրս, ֆլորենսիացի վաճառական Ֆրանչեսկո Լապին էր, որ իր նամակներից մեկում «@» նշանը գործածեց ամֆորայի (ժամանակին հայտնի ծավալի չափման միավոր, որ հավասար է մոտ 26 լիտրի) փոխարեն:
Աստիճանաբար այս նշանը կիրառության այլ ոլորտներ ունեցավ. օրինակ՝ պորտուգալերենում, ֆրանսերենում, իսպաներենում «@» նշանով էին համառոտագրում զանգվածի չափման հնագույն իսպանական միավոր «arroba»-ն, որն հավասար էր 11,502 կիլոգրամի: Հետազոտողները 16-17-րդ դարերի ռուսական գրքերում ևս հայտնաբերել են այս նշանին նման նշաններ: Այդ գրքերի թվում էր Իվան Ահեղի «Դատաստանագիրքը» (1550-ական թթ): Իսկ 19-րդ դարում «@»-ն արդեն լայնորեն կիրառվում էր որպես ապրանքի չափման միավոր:
1963թ. հայտնվեց ASCII ստանդարտի կոդը, որի՝ թվով 95 տպագիր նշանների շարքում կար նաև «@»-ը: 1973թ. «Internet Engineering Taskforce» կազմակերպության անդամները ամրագրեցին այս նշանը որպես իմեյնը և դոմեյնը տարանջատելու միջոց. այս գաղափարն առաջ քաշեց ծրագրավորող Ռեյ Թոմլինսոնը: «@»-ը մասսայական դարձավ 1996թ, երբ առաջացավ «Hotmail» ծառայությունը:
Ի դեպ, այս նշանին «շնիկ» անվանում են ռուսնեերը, հայերը, ուկրաինացիները և ԱՊՀ այլ ազգեր: Այլ տեղերում այն հայտնի է ուրիշ անուններով. իտալացիները՝ «chiocciola» (խխունջ),հույները ՝«παπακι» (բադիկ), չեխերը և սլովակները՝ «zavinոč» (ծովատատառեխի ռուլետ), թայվանցիները ՝ «小老鼠» (մկնիկ), իսրայելցիները՝ «שטרודל» (շտռուդել), իսկ ղազախները՝«айқұлақ» (լուսնի ականջ)˸
Աղբյուրը՝ Diplomat.am
‘