‘Խղճի և կրոնի ազատության վերաբերյալ նոր օրինագիծը կուղարկվի Եվրոպա` փորձաքննության. Հարցազրույց’

1159

Հարցազրույց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի հետ՝ օրերս կայացած «Եկեղեցի և պետություն փոխհարաբերություններ. հրամայականներ և մարտահրավերներ» գիտաժողովի առնչությամբ.

 —Սրբազան, ինչո՞վ եք կարևորում գիտաժողովի անցկացումը. այն ի՞նչ նպաստ կարող է ունենալ միջեկեղեցական փոխհարաբերությունների առավել արդյունավորման, փորձառությունների և տեսակետների փոխանակման գործում:

-Նախ նշենք, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում Հայ Առաքելական Եկեղեցին ամենաբարձր մակարդակով ընդգրկված է միջեկեղեցական եւ միջկրոնական երկխոսություններում: Այս ամենի նպատակը սիրո, համագործակցության, հանդուրժողականության խթանումն ու զարգացումն է, իսկ հանդիպումները նպաստում են էկումենիկ կապերի ամրապնդմանը:

«Եկեղեցի և պետություն փոխհարաբերություններ. հրամայականներ և մարտահրավերներ» թեմայով գիտաժողովի քննարկման նյութը եկեղեցի-պետություն փոխհարաբերությունների ներկայիս մոդելն էր Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում, միջազգային օրենքներն ու չափորոշիչները կրոնական ազատության բնագավառում, Եկեղեցու դերը հասարակական կյանքում, ինչպես նաև արդի մարտահրավերները: Գիտաժողովը կարևոր էր այս ոլորտում գոյություն ունեցող միջազգային, հայկական, ինչպես նաև տարբեր եկեղեցիների փորձառությունների համադրման տեսանկյունից: Քննարկված նյութերը, կարծում ենք, մեծապես կնպաստեն միջեկեղեցական և միջպետական փոխհարաբերությունների առավել արդյունավորմանը: Սա համագործակցություն է, որը նաեւ կնպաստի կրոնական ազատության ոլորտում օրենսդրական դաշտի բարելավմանը:

Միաժամանակ, ինչպես մեր հասարակության մեջ, այնպես էլ արտերկրում խնդիրներ կան այս բնագավառում` ե՛ւ իրավական, որոնք առնչվում են առանձին երկրների օրենսդրություններին, ե՛ւ աստվածաբանական-եկեղեցաբանական, որոնք առնչվում են եկեղեցիների էկումենիկ փոխհարաբերություններին: Այս ամենը քննարկելու և լուծումներ որոնելու համար հրավիրվել էին մի շարք միջազգային փորձագետներ եւ էկումենիկ կազակերպությունների ներկայացուցիչներ: Մասնավորաբար, ներկա էին Ուղղափառ, Կաթոլիկ եւ Բողոքական իրավաբաններ, որոնք ներկայացրին իրենց երկրների փորձառությունները խնդրո առարկա հարցերի շուրջ:

 Որո՞նք են երկօրյա գիտաժողովի արդյունքները:

 -Ինչպես արդեն նշեցի, քննարկվեց այս ոլորտում միջազգային, ինչպես նաև տարբեր երկրների փորձը: Օրինակ՝ գոյություն ունեն Մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների մասին միջազգային համաձայնություններ, սակայն, միաժամանակ, ցույց տրվեց, որ այս ամենի կողքին յուրաքանչյուր երկիր ունի իր կրոնական, ազգային-մշակութային  յուրահատկությունները, որոնք ևս պետք է հարգվեն:

-Արդյո՞ք նման նախաձեռնությունները շարունակական են լինելու. ի՞նչ է ծրագրվում առաջիկայում:

-Առաջին հերթին հայերեն եւ անգլերեն լեզուներով հրատարակելու ենք գիտաժողովի զեկույցները, որոնք օգտակար կլինեն տվյալ խնդիրներով զբաղվողների համար: Նաեւ պետք է խղճի և կրոնի ազատության վերաբերյալ նոր օրինագիծն ուղարկենք մեր եվրոպացի գործընկերներին, ովքեր և կներկայացնեն իրենց փորձագիտական եզրակացությունները:

Առաջիկայում ծրագրում ենք այս կարգի հանդիպումներ անցկացնել նաև եվրոպական երկրներում: Իսկ այս գիտաժողովի կազմակերպման աշխատանքներին օժանդակելու համար մեր շնորհակալությունն ենք հայտնում ինչպես ԱՄՆ դեսպանատանը եւ ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի ներկայացուցիչներին, այնպես և մեր եղբայրներին Ուղղափառ եւ Կաթոլիկ Եկեղեցիներին:

Նախորդ հոդվածը‘Սևանա լճից ջրի բացթողումների չափաքանակը կարող է ավելացվել’
Հաջորդ հոդվածը‘Օմբուդսմեն. Օրինագծով ամրագրվում է Վճռաբեկ դատարանի անդամների անպատժելիությունը ‘