‘Խմբագրական. Ազգային համախմբում. կեղծիքն ու իրականությունը’

1760

Այն, որ ճակատում իրավիճակի սրումը իշխանական քարոզչությունը պետք է ինչ-որ կերպ օգտագործեր հանուն ներքաղաքական մասնավոր նպատակների` կանխատեսելի և պարզ էր: Կանխատեսելի է նաև քարոզչական հիմնական հնարքը՝ երկրին սպառնացող վտանգի առջև անհրաժեշտ է ազգային համախմբում, և դրա շրջանակում էլ հատկապես ընդդիմությունը պետք է իր պահանջները մի կողմ դնի և համագործակցի իշխող խմբի հետ: Այս պարզ քարոզչական հնարքի մեջ կա կարևոր կեղծիք: Խնդիրն այն է, որ եթե ազգային միասնության, համախմբման մասին խոսք է բացվում, ապա այդ ուղղությամբ կատարվող պահանջները, նաև գործնական քայլերը չեն կարող լինել միակողմանի, չեն կարող վերաբերել քաղաքական գործընթացի միայն մեկ հատվածին, այլ պետք է լինեն երկուստեք, եթե, իհարկե, միասնության կոչերն անկեղծ են, ոչ թե` քարոզչական դեմագոգիա: Այլ կերպ ասած` ոչ միայն ընդդիմությունը, այլև իշխող ուժը պետք է հրաժարվի իր մասնավոր քաղաքական ծրագրերից, նպատակներից և զիջումներ անի: Ինչո՞ւ և ինչպե՞ս: Փորձենք, ինչպես ասում է ռուսական ասացվածքը, ճանճերին առանձնացնել կոտլետներից, այսինքն՝ իրականությունը նենգափոխումից:

Ճանճերը և կոտլետները

Այն, որ պատերազմի կամ պատերազմի լուրջ վտանգի դեպքում անհրաժեշտ է հասարակական համախմբվածության ավելի մեծ չափ, քան սովորական պայմաններում, և որ ներքին` նույնիսկ շատ կարևոր խնդիրները ժամանակավորապես կարող են սառեցվել, չբարձրաձայնվել հասարակության կողմից, որ արտաքին թշնամու համեմատ բոլոր ներքին հակասությունները երկրորդական են դառնում` ինքնին պարզ է և քննարկման թեմա չէ: Նույնիսկ առավել ազատ համարվող հասարակություններում, պատերազմի ժամանակ գործել են ավելի կոշտ կանոններ` խաղաղ պայմանների համեմատ: Հասկանալի է, որ, օրինակ, Ադրբեջանի կամ որևէ այլ արտաքին ուժի լայնածավալ ռազմական ագրեսիայի դեպքում բոլորս պետք է գործենք միասնական ճակատով: Պատմականորեն միայն բոլշևիկները, ելնելով արմատական մարքսիստական աշխարհայացքից, չեն ընդունել այս մոտեցման ճշմարտությունը, մեկ էլ պետք է հիշենք, որ այս կանոնն անտեսվել է 90-ականների սկզբի Հայաստանում, երբ ի հեճուկս պատերազմական վիճակի` մեր ընդդիմությունը հնարավոր էր համարում ամբողջ թափով ծավալել հակաիշխանական գործունեություն, իսկ իշխանությունն էլ իր հերթին որևէ լուրջ խոչընդոտ չէր ստեղծում ընդդիմության այդ գործունեության դեմ, ընդ որում, ի տարբերություն բոլշևիկների, մերոնք որևէ գաղափարական հիմնավորում չունեին. հակառակը` գործում էին «հանուն հայրենասիրության»: Ինչևէ, վերջին դեպքը համարենք պատմական յուրահատուկ կուրյոզ և դառնանք հիմնական խնդրին:

Նախ՝ փաստենք, որ որքան էլ մտահոգիչ լինի իրավիճակը ճակատում, այդուհանդերձ, փառք Աստծո, այսօր Հայաստանը լայնածավալ պատերազմի մեջ չէ, և ոչ էլ նման հնարավորությունը պետք է բարձր գնահատել: Իսկ այնքանով, որքանով վտանգ կա, երկրի քաղաքական ուժերն արդեն ցուցադրել են իրենց կամքը և պատրաստակամությունը` լինել միասնական ընդդեմ թշնամու: Ավելիի կարիք այս պահին չկա, և Աստված չտա էլ, որ լինի: Չենք կարծում, որ այսօրվա Հայաստանում կա որևէ լուրջ քաղաքական ուժ կամ հասարակական հոսանք, որը, պատերազմի դեպքում, բոլշևիկների նման կոչ կանի չպաշտպանել սեփական երկիրը:

Բայց ենթադրենք մի պահ, որ վտանգն իրոք այնքան մեծ է, որ անհրաժեշտություն կա ավելի սերտ հասարակական համախմբման, քան առկա է այսօր, և հանուն պետական բարձրագույն շահերի` պետք է առժամանակ կասեցվեն ներքաղաքական պահանջները: Այստեղ շատ նուրբ սահման կա՝ ցանկացած իշխանություն հակված է նման իրավիճակներում գայթակղվել և հատել այդ սահմանը: Այն է՝ բավականին հեշտ է իրավիճակը նենգափոխել այնպես, որ պետականը քարոզչական մակարդակում նույնացվի իշխող ուժի հետ: Այն, որ պետությունն ու իշխող ուժը տարբեր են՝ տեսականորեն դա բոլորն են հասկանում, բայց գործնականում հասարակությանը մոլորեցնելը և իշխող ուժի մասնավոր շահը պետականի տեղ ներկայացնելը հաճախ բավականին հեշտ է լինում: Իրականում իշխող խումբը նույնպիսի քաղաքական առանձին ուժ է, որպիսին են ընդդիմադիր ուժերը, և ունի իր մասնավոր քաղաքական շահերը, նպատակները և ծրագրերը: Պետության նկատմամբ երկուսն էլ՝ իշխողն ու ընդդիմադիրը, հավասար են, այսինքն՝ մեկն ավելի մոտ չէ պետականին, քան մյուսը, և պետությունն ավելի բարձր ու ընդհանուր է երկուսից էլ հավասարապես. այլ կերպ ասած՝ պետության համեմատ երկուսն էլ մասնավոր են: Հետևաբար, եթե խոսքն ազգային համախմբման մասին է, ապա, ինչպես սկզբում նշեցինք, զիջումները պետք է լինեն երկկողմանի՝ ոչ միայն ընդդիմությունն, այլև իշխող ուժը պետք է ժամանակավորապես հրաժարվի իր մասնավոր քաղաքական նպատակներից, ծրագրերից և շահերից:

Դեմագոգիա և զավեշտ

Ավելի կոնկրետանանք: Այսօր Հայաստանում քաղաքական գործընթացի մեխը դարձել են սահմանադրական փոփոխությունները՝ նախագիծ, որն ամենայն եռանդով առաջ է տանում Սերժ Սարգսյանը, իսկ ընդդիմությունն էլ դեմ է արտահայտվում ոչ պակաս եռանդով: Բազմիցս վերլուծվել և մեկնաբանվել է սահմանադրական փոփոխությունների իրական քաղաքական նպատակը, հիմնավոր կերպով բացահայտվել է այն փաստը, որ դա 2018-ից հետո Սերժ Սարգսյանի ձեռքում իշխանությունը պահելու, փաստացի՝ պետական հեղաշրջման ծրագիր է: Պարզից էլ պարզ է, որ եթե արտաքին սպառնալիքի առաջ ազգային համախմբման` իշխող ուժի կողմից խրախուսվող խոսակցությունները դեմագոգիա չեն, ուրեմն իշխող ուժը որպես ապացույց իր անկեղծության` պետք է օր առաջ հրաժարվի այս ծրագրից: Դա այդպես է, որովհետև, եթե նույնիսկ մոռանանք, որ այս ծրագիրը փաստացի պետական հեղաշրջման հայտ է, միևնույն է` դա իշխող ուժի մասնավոր, այլ ոչ թե համապետական շահ հետապնդող ծրագիր է, իսկ մասնավոր քաղաքական նպատակները, ինչպես նշեցինք, պետք է առժամանակ սառեցվեն, եթե խոսում ենք պետական գերակա շահի շուրջ համախմբվելու մասին:

Կա ավելին. եթե նույնիսկ ընդունենք, որ սահմանադրական փոփոխություններն իշխանությունը նախաձեռնել է ոչ թե հանուն Սերժ Սարգսյանի մասնավոր քաղաքական նպատակների իրագործման (իհարկե` սա ֆանտաստիկ ենթադրություն է, քանի որ Հայաստանում հազիվ թե որևէ լուրջ մարդ գտնվի, այդ թվում` իշխող ճամբարից, որն անկեղծորեն ենթադրի, որ այս նախագիծը կապ չունի Սերժի անձնական ծրագրերի հետ), ապա միևնույն է` խոսել պատերազմական վտանգից և միաժամանակ առաջ տանել սահմանադրական փոփոխությունների ծրագիրը, ոչ թե անհեթեթություն է, այլ անհեթեթության գագաթնակետ: Իրոք, սահմանադրական բարեփոխումը նշանակում է պետության հիմքին, հասարակարգին վերաբերող լրջագույն փոփոխություն: Ծիծաղելի է մտածել, որ նման փոփոխություններ կարելի է նախաձեռնել և առաջ տանել արտաքին սպառնալիքի պայմաններում: Այստեղից երևում է, որ ազգային միասնության մասին իշխանական քարոզչությունն անլուրջ դեմագոգիա է, որին չեն կարող հավատալ նույնիսկ հենց իրենք քարոզիչները, որովհետև դժվար է պատկերացնել մեկին, ով համարի, որ պետության հիմնական օրենքի, հասարակարգին վերաբերող հիմնարար սահմանումների վերանայման ամենահարմար ժամանակը հենց արտաքին ուժի կողմից պատերազմի սպառնալիքի շրջանն է:

Սահմանադրական փոփոխությունների ծրագիրն ընդամենը օրինակներից մեկն էր իշխող խմբի մասնավոր քաղաքական նպատակների, որոնցից այդ ուժը պարտավոր է հրաժարվել, եթե ազգային համախմբման մասին խոսակցությունները լուրջ են: Պարզ է, որ նույնը վերաբերում է իշխող ուժի բոլոր մասնավոր քաղաքական շահերին, նպատակներին, ծրագրերին որոնք նույնպես պետք է կասեցվեն, եթե ընդունենք ազգային միասնության հղացքը: Չխորանանք մյուս կետերի առանձին-առանձին քննարկման մեջ, քանզի ինքնին հասկանալի է, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում հրաժարվել դրանցից որևէ մեկից, իսկ ազգային միասնության, համախմբման մասին իշխանական քարոզչության թեզերը պարզունակ նենգափոխումներ են, որոնք չեն դիմանում թեթևակի իսկ քննադատության, իսկ որոշ կետերում, ինչպես տեսանք` պարզապես զավեշտալի են:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Շահեն Հարությունյանին ոստիկանության բաժանմունքում վստահեցրել են, թե հայրը մահացել է’
Հաջորդ հոդվածը‘Սաակաշվիլիի նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրվել’