‘Խմբագրական. «Ազգային միասնությունն» ընդդեմ Համաժողովրդական շարժման’

3225

Այսօրվա քաղաքական իրավիճակի հետ կապված, որպես զուգահեռ՝ արդեն առիթներ են եղել անդրադառնալու 1988-90թթ. Համաժողովրդական շարժմանը։ Էլի կլինեն (որքանով որ նույն փաստերը կարելի է մեկնաբանել տարբեր դիտանկյուններից)։ Եւ դա բնական է. երկու դեպքում էլ նույնն է հիմնական քաղաղական օրակարգը՝ բռնապետական համակարգից անցումը ժողովրդավարականի։ Մնացած բոլոր հարցերը, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, դրա ածանցյալները կամ բաղադրիչներն են՝ ըստ էության։ Այնպես որ՝ զուգահեռների վերհիշումը կարող է օգտակար լինել։

Հասարակության տեղեկատվական շրջափակումը 1988-90-ին շատ ավելի կոշտ էր ու համապարփակ, քան այսօր։ Չկար ո՛չ ինտերնետ, ո՛չ սոցիալական ցանցեր, ո՛չ բջջային հեռախոսներ։ Մինչեւ Շարժման «Հայք» շաբաթաթերթի կանոնավոր հրապարակումը 1990-ի հունվարից, տեղեկատվության տարածման հիմնական տեխնիկան փաստաթղթերը ձեռքով արտագրելով, գրամեքենաներով, երբեմն՝ ԿԳԲ-ի խիստ հսկողության տակ գտնվող սակավաթիվ «քսերոքսներով» գաղտնի բազմացումն էր։  Եւ այդուամենայնիվ, հնարավոր էր լինում Շարժման փաստաթղթերն ու գաղափարները ու պարզապես՝ ամենօրյա տեղեկատվությունը տարածել ողջ հանրապետությունով մեկ։

1988-90-ին, այսօրվա համեմատությամբ, կար եւս մեկ դժվարություն։ Եթե Ղարաբաղի խնդիրը, որպես «ազգային հարց», շատ արագ ու հեշտ էր մարսվում հասարակության կողմից, ապա շատ ավելի դժվար էր ժողովրդավարության, իշխանափոխության, նոր հասարկարգի խնդիրների դեպքում։ Ի տարբերություն այսօրվա՝ այն ժամանակվա հասարակության պատկերացումները, ձեւավորված լինելով խորհրդային 70-ամյա տիրապետության շրջանի գաղափարախոսական ագրեսիվ քարոզչությամբ ու դաստիարակությամբ, օժտված էին ծանր իներցիայով։ Եւ այդուամենայնիվ, հնարավոր դարձավ հաղթահարել, կոտրել այդ իներցիան։

 Ի տարբերություն այսօրվա՝ հսկա մի կայսրության իշխանության օրգանական մասն էր Հայաստանի կոմունիստական իշխանությունը, եւ նրա դեմ «ոտնձգությունը» նշանակում էր դուրս գալ հսկա այդ կայսրության իշխանական համակարգի դեմ։ Կոմկուսի՝ սահմանադրությամբ ամրագրված իշխանության դեմ շատ թե քիչ նշանակալի որեւէ ընդվզում չէր եղել մինչ այդ, իսկ եթե այդպիսիք եղել էին «սոցիալիստական ճամբարի» այլ երկրներում, ապա դաժանորեն արյան մեջ խեղդվել էին նույն ԽՍՀՄ իշխանության կողմից։ Շատերի համար անպատկերացնելի էր որեւէ այլ ուժի իշխանություն։ Եւ այդուամենայնիվ, հնարավոր եղավ ոչ միայն այդ հարցն օրակարգային դարձնել, այլեւ լուծել համաժողովրդական շարժմամբ։ 

***

Համաժողովրդական շարժումը, ի տարբերություն քաղաքական պայքարի լոկալ դրսեւորումների, այդ թվում՝ նախընտրական ու հետընտրական գործողությունների, օրակարգում ունենում է լայն հասարակական հնչեղութամբ խնդիր, որի հետապնդումը վերածվում է պերմանենտ քաղաքական գործընթացի՝ ամենօրյա հստակ գործողություններով։ «Համաժողովրդական շարժումը», որպես քաղաքական հասկացություն, չի կարող նշանակել երկրի ողջ կամ համարյա ողջ չափահաս բնակչության անմիջական մասնակցություն քաղաքական ակցիաներին, ասենք՝ հանրահավաքներին։ Բացառյալ 1988-ի փետրվարյան մի քանի հանրահավաքների, այդ տարիների հանրահավաքներն էլ միջին հաշվով ավելի բազմամարդ չէին, քան այսօրվա ռեժիմի դեմ հանրահավաքները։ Հանրահավաքների կայուն մասնակիցների թիվն ավելին չէր, քան 2-3 տասնյակ հազարը։ Ընդ որում՝ այն ժամանակ Հայաստանի (առկա) բնակչության թիվը երկու անգամ ավելի էր։ Դա լրիվ բավարար եղավ՝ շուրջ երկուսուկես տարի ապահովելու համար հզորագույն մի համաժողովրդական շարժում՝ ո՛չ միայն Հայաստանի մասշտաբով, այլեւ ողջ Խորհրդային Միության եւ «սոցալիստական ճամբարի»։ Այսինքն՝ քաղաքական գործընթացի էպիկենտրոնում երկրի բնակչության ոչ ավելի քան 1%-ի ակտիվ ներգրավվածությունը լիովին բավարար է ամենահզոր համաժողովրդական շարժում ծավալելու եւ իշխանափոխության (համակարգային իշխանափոխության) խնդիր լուծելու համար։

1988-90-ին ծառացած բողոքի ալիքը համաժողովրդական շարժման որակ ու բնույթ ստացավ  նրա էպիկենտրոնի՝ «Ազատության հրապարակի», ըստ էության՝ ամենօրյա գործունեությամբ։ Ազատության հրապարակի այս ամենօրյա գործող միջուկի, էպիկենտրոնի ձգողական ուժի դաշտում էր, ահա, որ ինքնաբուխ ձեւավորվեցին նրա տեղական կառույցները։ Երբ հանգամանքների բերումով «էպիկենտրոնի» գործունեությունը հարաբերական դադար էր ապրում, դա խիստ բացասաբար էր ազդում տեղական կառույցների վրա։ 1988թ. մարտ-ապրիլ ամիսներին, օրինակ (երբ խորհրդային զորքերը շրջափակած էին պահում Ազատության հրապարակը), շրջկոմների քարտուղարները զեկուցում են Կոմկուսի կենտրոնական կոմիտե, թե քանի հարյուր ակտիվիստի են «զրուցելով» դարձի բերել եւ քանի տասնյակ տեղական «Ղարաբաղ» կոմիտեներ են կարողացել փակել իրենց վարչական շրջաններում։ Տեղական կոմիտեները կրկին ակտիվացան ու բազմապատկվեցին, երբ մայիսին հնարավոր եղավ խորհրդային զորքերից ազատել Ազատության հրապարակը։ Առանց պերմանենտ գործող էպիկենտրոնի՝ չէին կարող գոյատեւել տեղական կառույցները, եւ առանց տեղական կառույցների աշխատանքի՝ չէր կարող, որպես քաղաքական գործոն ու իշխանության այլընտրանք՝ գոյատեւել ու հաջողության հասնել համաժողովրդական շարժումը։

***

Հասարակության բացասական տրամադրվածությունը, դժգոհությունը, ընդհուպ՝ ատելությունը, որքան էլ համատարած, դրանից դեռ ռեժիմները վտանգ չեն զգում։ Վտանգն առաջանում է այն ժամանակ, երբ այս ամենը քաղաքական կապիտալի է վերածվում, եւ տեղի է ունենում քաղաքական դաշտի հստակեցում՝ մի կողմից՝ ռեժիմը, մյուս կողմից՝ հասարակության ամենալայն զանգվածների համակրանքը վայլող քաղաքական միավորը։ 1990-ին հստակեցված քաղաքական դաշտում այդ միավորը Հայկական ժողովրդավարական շարժման կազմակերպական կառույցն էր՝ Հայոց համազգային շարժումը, այսօր՝ դա նույն քաղաքական պլատֆորմի վրա կանգնած ընդդիմադիր ուժերի քառյակն է։

Ի վիճակի չլինելով կամ չուզենալով մեղմել հասարակական համատարած դժգոհությունը՝ ռեժիմները, բնականաբար, պիտի փորձեն թույլ չտալ կամ խաթարել այդ պայմաններում առաջացած քաղաքական դաշտի հստակեցումը։ 1989 թվականի ամռանից (Շարժման ղեկավարության՝ բանտից ազատվելուց հետո) արդեն ակնհայտ էր, որ քաղաքական գործընթացները, ի դեմս Շարժման կազմակերպական կառույցի՝ Հայոց համազգային շարժման, տանելու են քաղաքական դաշտի հստակեցման՝ քաղաքական երկրորդ բեւեռի ձեւավորմանը։ Հենց այդ պահից էլ, որպես «հակակշիռ», որպես այդ հստակեցումը թույլ չտալու միջոց՝ սկսեցին առաջանալ այլազան անուններով «նոր կազմակերպություններ»։ Սեպտեմբերին դրանք 14-ն էին՝ միավորված «Նախախորհրդարան» անվամբ (ինչպիսի՜ զուգադիպություն»), 1990-ի մարտին դրանք արդեն 45-ն էին՝ միավորված «Համահայկական միացյալ ճակատում»։

Հռետորաբանությամբ սրանք իշխանության դեմ ավելի ագրեսիվ էին, իսկ Հայոց համազգային շարժմանը մեղադրում էին «միջին դիրք» գրավելու մեջ։ Իրենք, բոլորը միասին, երբեւէ չհամարձակվեցին կամ չկարողացան գեթ մեկ քաղաքական ակցիա կազմակերպել, որին կմասնակցեր թեկուզ 45 հոգի։ Բայց մեղադրում էին Շարժման քաղաքական կառույցին, թե ինչու նա, հանուն ազգային միասնության, որպես հավասար մեկ միավոր՝ չի մտնում «Նախախորհրդարան» կամ «Միացյալ ճակատ»՝ դրված խնդիրը «ազգովի» լուծելու համար։ Նախընտրական ամիսներին հսկայական աղմուկ հանած այս «կազմակեպրությունները» ընտրություններից հետո կարճ ժամանակի ընթացքում անհետ չքացան։ Թե դրանցից որոնք էին ստեղծվել իշխանությունների նախաձեռնությամբ, եւ որոնք էին ինչ-ինչ անհատների ամբիցիաների արդյունք՝ դժվար է ասել։ Մի բան ակնհատ է, այս ամենի նպատակը քաղաքական դաշտի հստակության խաթարումն էր, ինչի հետեւանքը կլիներ Շարժման կազմակերպական եւ քաղաքական ներուժի քայքայումը եւ պարտութունը ընտրություններում։ 

Ինչո՞ւ։

Բացի քաղաքական դաշտի հստակեցումից, որոշակի հստակեցում էր գոյացել նաեւ Շարժման ողջ կառույցում։ Ինչպես ամեն մի կենդանի հասարակական օրգանիզմ, այստեղ էլ ձեւավորվել էր որոշակի ներքին հիերարխիա։ Այն ձեւավորվել էր, ըստ էության, բնական ընտրությամբ՝ կախված յուրաքանչյուրի ցուցաբերած ունակություններից, կատարած աշխատանքից, անձնական վաստակից։ Առաջին շարքում Շարժման ղեկավարությունն է՝ «Ղարաբաղ» կոմիտեն՝ իր անսակարկելի հեղինակությամբ եւ ողջ հանրապետությունով մեկ լայն ճանաչմամբ։ Դրանից հետո էլի մի քանի տասնյակ հայտնի գործիչներ՝ ընդգրկված Հայոց Համազգային Շարժման վարչությունում։ Ապա՝ տեղական կազմակերպությունների հարյուրավոր ղեկավարներ, պայքարի ընթացքում զանազան ուղղություններով հսկայական գործ արած այլ մարդիկ եւ, վերջապես՝ այն ակտիվը, որը ձեւավորում էր Շարժման բոլոր հանրահավաքներին մասնակցող 20-30 հազարանոց միջուկը։ Սրանցից ամենավերջինի հասարակական ազդեցության շրջանակն ավելին էր, քան հիշյալ «կազմակերպություններինը»։ Սրանցից յուրաքանչյուրի քաղաքական ազդեցության շրջանակների հանրագումարն էր, որ, երկրի բնակչության կեսից շատ ավելին լինելով, ընտրություններում հաղթելու իրական հիմք ու երաշխիք էր։

Ի՞նչ տեղի կունենար, եթե Շարժումը այս պայմաններում տեղի տար փողոց նետված «ազգային միասնության» կարգախոսին։ Այս ամենը կքանդվեր։ Կստացվեր, որ որոշումներ ընդունող ղեկավար մարմնում՝ բնական ընտրությամբ ձեւավորված հիերարխիայի առաջին հորիզոնականում, հանկարծ հայտնվում են մինչ այդ անհայտ ինչ-որ մարդիկ՝ նույնքան անհայտ պատկերացումներով ու ձգտումներով։ Կարելի է միայն պատկերացնել, թե ինչպես կգործեր 45+1 այդ մարմինը։ Խնդիրը մարդկանց ամբիցիաները չեն։ Խնդիրն այն է, որ որեւէ մեկին անհնար կլիներ բացատրել, թե ի՞նչ տրամաբանությամբ դա տեղի ունեցավ։ Ակնհայտ է նաեւ, թե ինչ կլիներ դրա արդյունքը։

Եւ այսպես, կոմունիստական իշխանությունը 1989-90թթ. իր դեմ ծառացած Համաժողովրդական շարժումը պառակտելու, քայքայելու ու վնասազերծելու համար որպես վերջին միջոց փորձեց օգտագործել «ազգային միասնության» կարգախոսով գրված վերոնշյալ սցենարը։ Խարդավանքների եւ ինտրիգների մեջ տասնյակ անգամ ավելի հմուտ ու փորձառու Սերժ Սարգսյանն իր իշխանության կորստի նույնպիսի վտանգի առջեւ չի կարող անտեսել այդ փորձը։

Աշոտ Սարգսյան

Նախորդ հոդվածը‘Համալիրի հրդեհը բռնկվել է ՀՀԿ-ի կազմակերպած համերգից հետո’
Հաջորդ հոդվածը‘Անիմաստ նախարարության կապի ահռելի ծախսերը. «Ժողովուրդ»’