‘Խմբագրական. Ակնհայտն՝ անհավանական, առերեւույթն՝ իրական’

2314

Հայաստանի իշխանությունը հերթական հակաիրավական գործողությունն է իրականացրել՝ ձերբակալելով «Հիմնադիր Խորհդարանի» աչքի ընկնող անդամներին: Տարընթերցումներից խուսափելու համար նախապես նշեմ, որ «Հիմնադիր Խորհդարանի» ընտրած քաղաքական մարտավարությունը՝ ապրիլի 24-ը վերածել հակաիշխանական նոր գործթընացի սկզբնակետի, հիմնովին սխալ եմ համարում, իսկ թե ինչու՝ նույնիսկ ավելորդ է հիմնավորել, այնքան ինքնին պարզ է դա (չնայած Հայաստանում ինքնին պարզ թվացող բաները հաճախ առավել հիմնավորման կարիք ունեն): Իսկ այսօր, երբ ՀԽ անդամներին ձերբակալել են եւ քրեական մեղադրանքներ են ներկայացրել, առավել եւս ժամանակավրեպ է դառնում քննարկել քաղաքական մարտավարության այդ խնդիրը: Քաղաքական մարտավարության սխալ կամ ճիշտ լինելը, սակայն, որեւէ կապ չունի խնդրի իրավական կողմի հետ, որից ակնհայտ քաղաքական հալածանքի եւ անօրինականության ուժեղ հոտ է փչում: Ինչո՞ւ եմ այդքան վստահ պնդում:

Քննչական մարմինների հայտարարությունները  կազմված են քաղաքական հալածանքը շինծու քրեական մեղադրանքով քողարկող տիպական լեզվով եւ ոճով, որն անփոփոխ է մնացել մեզանում դեռեւս ստալինյան օրերից: Կան կաղապարի վերածված ձեւակերպումներ եւ մեղադրանքներ, որոնք վաղուց ոչ մեկին չեն կարող համոզել, նույնիսկ՝ եթե մի օր դրանցից մեկը պատահականորեն ճիշտ դուրս գա: Այդպիսին է, օրինակ, զանգվածային անկարգությունների կազմակերպման մեղադրանքը, որն այսօր ներկայացվում է ՀԽ անդամներին: Տեսականորեն, իհարկե, ամեն բան հնարավոր է ամեն տվյալ դեպքում, բայց գործնականորեն՝ հասարակությունը, ելնելով իր փորձից, բոլոր հիմքերն ունի, մեղմ ասած, շատ թերահավատ լինելու նման մեղադրանքների նկատմամբ: Որպես կանոն՝ նման մեղադրանքները մնում են հավետ չապացուցված, եւ որն առավել կարեւորն է՝ այդ չապացուցված բնույթը տարիներ անց որեւէ մեկին չի հուզում, համարժեք իրավական եւ քաղաքական գնահատական չի ստանում տարիներ անց: Այսպես, ցայսօր՝՝ 2008-ից 7 տարի անց, այդպես էլ նույնիսկ ձեւականորեն ապացուցված չէ, որ զենքերը (որոնք, ինչպես Նյու Յորք Թայմզի լրագրողուհին էր նկարագրել, սիրուն շարած էին՝ Զատկի ձվերի նման), որոնք իբր գտնվել էին ոստիկանության կողմից 2008-ի մարտի մեկի առավոտյան Ազատության Հրապարակում, պատկանում էին ցուցարարներին, եւ հատկապես՝ հայտնի չէ, թե դրանք ո՛ւմ էին պատկանում: Այդպես էլ հանրությանը ցույց չտրվեցին այն կադրերը, որոնցում իբր երեւում էր, թե ինչպես են ցուցարարները ավտոբուսների հետեւից կրակում ոստիկանության վրա նույն մարտի մեկի երեկոյան Լուսավորչի փողոցում: Հարյուրից ավելի մարդ է դատապարտվել մարտի մեկի գործով, բայց ոչ մեկին չեն ներկայացվել հիշյալ մեղադրանքները: Չէին էլ կարող, քանի որ վերը նշված «մեղադրանքները» ծայրից ծայր կեղծիք էին: Բայց արի ու տես, որ ոչ ոք պատասխատվություն չի կրել այս իրավական անարխիայի համար: Կարելի է հիշել եւ այլ նման օրինակներ, որոնք բոլորն էլ հուշում են, որ երբ Հայաստանում քրեական գործ է հարուցվում իշխանության յուրացման, զանգվածային անկարգությունների նախապատրաստման եւ նման մեղադրանքներով, ապա գրեթե վստահորեն կարող ենք պնդել, որ տեղի է ունենում քաղաքական հալածանք, այսինքն՝ հակաիրավական, օրենքից դուրս գտնվող գործողություն:

Կարելի է պատկերացնել, որ այժմ իշխանական միջին եւ մանր տրամաչափի գործիչները հերթ են կանգնելու պաթոսով ապացուցելու համար, որ Մեծ Եղեռնի ոգեկոչման օրը, ինչպես ասված է քննչական մարմնի հայտարարության մեջ, «բարոյական չէ» ներքաղաքական սուր օրակարգով հանդես գալը: Բայց, նախ՝ բարոյական կամ անբարոյական լինելը, նաեւ՝ քաղաքականապես, արդարացված կամ չարդարացված լինելը որեւէ բան չեն նշանակում զուտ իրավաան լեզվով եւ չեն փոխում իրավապահների գործողությունների հակաիրավական բնույթը: Երկրորդ՝ լավ կլիներ իշխանության ներկայացուցիչներն իրենք մտածեին նրա մասին, որ Ցեղասպանության 100-ամյակը շահարկումների առարկա չէ (ավելի ճիշտ կլիներ ձեւակերպել այլ կերպ՝ իշխանամետ ճամբարում կարծում են, որ այդ թեմայով շահարկումն իրենց մենաշնորհն է): Երրորդ՝ իշխանության ներկայացուցինչերը, լավ կլինի՝ մեկընդմիշտ ականջներին օղ անեն, որ ցանկացած բան, որ իրենք պնդում են՝ վարկաբեկվում է նույն պահին, եթե նույնիսկ միտքըը ճիշտ է, իսկ ցանկացած բան, որ իրենք մերժում են՝ գովազդվում է, եթե նույնիսկ խոսքն իրոք սխալ բանի մասին է: Սրանում հասարակությունը մեղավոր չէ՝ իշխանության ցանկացած խոսքի նկատմամբ վստահությունը գրեթե զրոյական է շարունակ կեղծիքի եւ փչոցիի պատճառով, որը տարիներ շարունակ լսում ենք: Իհարկե, նրանք մտածում են, որ խնդիրը չարակամ ընդդիմադիրներն են, բայց, Աստծո սիրուն, ամբողջ քարոզչությունը՝ ձեր ձեռը, մի քանի, թեկուզեւ եւ շատ «չարակամ» մահապարտ ընդդիմադիր ի՞նչ կարող են անել, եթե դուք իրոք վստահություն ի զորու լինեիք ներշնչելու մարդկանց: Այնպես որ, իրոք, մի փորձեք խոսել բարոյականից եւ անբարոյականից, կամ խոսեք այն հաշվարկով, որ ձեր ասածի ճիշտ հակառակն եք ակամայից գովազդում: Դուր է գալիս ձեզ սա, թե ոչ, բայց դա փաստ է:

Իմիջիայլոց, հետաքրքրիր է, թե այս իրավիճակում, արդյո՞ք շարունակելու են ՀԽ անդամները պնդել, որ Հայաստանի միակ չփչացած կառույցը բանակն է, եւ որ Պաշտպանության նախարարը պետք է տեր կանգնի Հայաստանի քաղաքացիներին, թե՞ այս անհասկանալի «խաղն» այսքանով ավարտվելու է:

Հ.Գ. Քննչական կոմիտեի հայտարարության լեզուն եւ ոճը քաղաքական հալածանքների ժանրի դասական նմուշներից է: Այն, նախեւառաջ, հայերեն չէ: Չնայած գրված է հայերեն տառերով եւ առերեւույթ հայերեն է, բայց իրականում փոխառված է մարդկությանն անհայտ մի բարբառից: Օրինակ, հայտարարության մեջ ասվում է, թե «այդպիսի գործողությունները միաժամանակ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու առերեւույթ հանցագործության նախապատրաստության հատկանիշներ….» եւ՝ «առերեւույթ հանցագործության նախապատրաստության բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ ՀՀ ԱԱԾ օպերատիվ աշխատակիցների հետ համատեղ իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ»: Համաձայն հայերենի բոլոր հնարավոր բացատրական բառարանների՝ «առերեւույթը» նշանակում է թվացյալ, արտաքուստ երեւացող, երեւակական, կարծեցյալ: Առերեւույթ հանցագործությունն, ըստ այդմ՝ թվացյալ կամ միայն առաջին հայացքից, արտաքուստ այդպես երեւացող հանցագործությունն է: Ստացվում է, որ ՔԿ-ն իր պաշտոնական հայտարարության մեջ պնդում է, որ քրեական գործ է հարուցել՝ երեւակայական, թվացյալ, կարծեցյալ հանցագործության առթիվ: Ո՛չ ՀՀ, ո՛չ էլ նույնիսկ Երկիր մոլորակում գտնվող որեւէ երկրի օրենքով նախատեսված չէ քրեական գործ հարուցել թվացյալ հանցանքի համար: Գուցե այլ մոլորակներում եւ այլ գալակտիկաներում, որոնց հետ ՔԿ-ն, թերեւս, ուղիղ կապի մեջ է, կա նման տրամաբանություն, բայց դա, համաձայնեք, թույլ արդարացում է մեր արգո քննիչների համար: Երկիր մոլորակում եւ մարդկային տրամաբանությամբ՝ թվացյալ հանցագործությունը ոչ թե քրեական գործի հարուցման, այլ, ճիշտ հակառակը՝ կարճման առիթ է:

Իհարկե, իրավաբան ընկերներս բացատրեցին, որ այն լեզվում, որից օգտվում են Թեմիսի (մեր կողմերում ավելի հայտնի է որպես «Ֆեմիդա») անաչառ ծառաները, «առերեւույթը» լատիներեն «prima facie» արտահայտության բառացի թարգմանությունն է հայերեն: Դա մոտավորապես նշանակում է առաջին հայացքից, իսկ տառացի՝ ձեւական կազմությամբ իրոք համապատասխանում է հայերեն «առերեւույթին»: Իրավական առումով՝ դա մոտավորապես նշանակում է այն իրավիճակը, երբ կան հանցագործության նշաններ, որոնք դեռ պետք է ստուգվեն: Դա, սակայն, չի փրկում իրավիճակը, քանի որ հայերենում առերեւույթն ունի այն իմաստը, որն ունի, իսկ իրավական համապատասխան հասկացության թարգմանությունը չի կարող այդքան ուժեղ հակադրվել տվյալ բառի ամենօրյա իմաստին, այլապես՝ հայերենի տեսակետից անիմաստ եւ զավեշտալի իրավիճակ է ստեղծվում: Ոչ ոք պարտավոր չէ թարգմանել քննչական կոմիտեի առերեւույթ հայերենը՝ նորմալ, մարդկային, բառարաններում արձանագրված հայերենի:

 

Նախորդ հոդվածը‘Հայդատական ավանտյուրաներ. Օլթիի գրավումը` Հայ-թուրքական պատերազմի սկիզբ’
Հաջորդ հոդվածը‘Ազգային Ժողովի նիստը (Ուղիղ)’