‘Խմբագրական. Ակտիվ ստեղծագործման ժամանակը’

3074

Պետք չէ ընդդիմադիր դաշտում վախենալ մրցակցությունից: Դա բնականից զարգացող գործընթաց է, որտեղ կհաղթի արժանին: Իհարկե, հասարակությունը միասնություն է պահանջում ընդդիմությունից, եւ դա շատ տրամաբանական պահանջ է Հայաստանի պայմաններում, որտեղ տարիների քաղաքական հիմնական միտումն իշխանության ավելի ու ավելի կենտրոնացումն է, եւ նույնիսկ բոլոր ընդդիմադիր ուժերի միավորումն սպասված արդյունքի կարող է չբերել, ինչպես որ ցայսօր չի բերել: Բայց հակասություն չկա, որովհետեւ այսօրվա իրական կամ թվացյալ բաժանումն ունի իր առարկայական պատճառները եւ կտեւի այնքան ժամանակ՝ մինչեւ նոր միավորման փուլը չհասունանա նույն առարկայական հիմքի վրա: Միավորումն ու բաժանումը փոխնիփոխ շրջափուլեր են, որոնցից յուրաքանչյուրում իր տրամաբանությունն ու իր անելիքը կան: Չեբուրաշկային էլ պարզ է, որ պառակտված ընդդիմադիր դաշտը ձեռնտու է նախեւառաջ իշխանությանը, ինչպես, որ ներիշխանական պառակտումները ձեռնտու են ընդդիմադիր տրամադրություններ ունեցող հասարակությանը: Այդ ամենով հանդերձ, սակայն, բաժանման փուլն ունի իր առավելությունները եւ իր անհրաժեշտությունը, եւ պետք է փորձել առավելագույն օգուտ քաղել դրանից:

Առավելությունը, նախ, հենց մրցակցությունն է, որից կարող է ծնվել նոր որակ: Եթե ցայսօր որեւէ միավորված ընդդիմություն իր մեծ նպատակներին չի հասել, ապա, բացի առարկայական պատճառներից, կան նաեւ ներքին պատճառներ՝ խնդիրներ, որոնք լուծում չեն ստացել հենց ընդդիմադիր դաշտում, իսկ լուծում չեն ստացել նաեւ այն պատճառով, որ չլուծման դեպքում թիկունքից շնչող մրցակից չի եղել: Անհաջողությունը, սակայն, մահ չէ, այլ մարտահրավեր է, որը պահանջում է է՛լ ավելի ուժեղ դառնալ՝ վերադասավորվելուց հետո չլուծված խնդիրն է՛լ ավելի սրությամբ դնելու համար:

Չնայած կենսաբանակաան եւ հասարակական գործընթացների համեմատությունն այնքան էլ խրախուսելի չէ (չարաշահման եւ պարզեցման վտանգը մեծ է), բայց այստեղ տեղին է թվում կենդանական աշխարհի էվոլյուցիայի հետ համաբանությունը: Կենսաբանական էվոլյուցիայի ընթացքում էլ լինում են համեմատաբար հանգստի, հավասարակշռության փուլեր, երբ բնության համակարգի բոլոր «բաց տեղերը» զբաղեցրած են, եւ զարգացումն առաջ է շարժվում դանդաղ՝ մանր շտկումների միջոցով, եւ լինում են ակտիվ ստեղծագործության փուլեր, երբ մեծ տեղաշարժերի պատճառով ազատվում են այս կամ այն «բացատները», եւ որակապես նոր տեսակներ են առաջանում: Հետաքրքիր է, որ վերջին դեպքում բնությունը գործում է «ավելցուկով»՝ նույն տեսակի մի քանի զուգահեռ «սեւագիր» տարբերակներ են առաջանում, մինչեւ որ՝ դրանից մեկը հաղթում է, եւ մյուսները պարզապես անհետանում են: Այդպիսին է, օրինակ, հենց մարդու գոյացման պատմությունն ըստ կենսաբանության տվյալների՝ մարդ տեսակի միանգամից մի քանի զուգահեռ ձեւերից (ամենահայտնիներից, օրինակ, նեանդերթալցին), ի վերջո, միայն մեկը գոյատեւեց եւ զարգացավ, իսկ մյուսներն անհետացան, եւ բնության էվոլյուցիան նորից ավելի հավասարակշիռ փուլ մտավ:

Մրցակցությունից պետք է ծնվի այն առավել հաջողակ ու կենսունակ ուժը, որի շուրջ էլ նույն առարկայական օրինաչափություններով կկայանա նոր միավորումը: Դա կլինի ոչ թե ինքնանպատակ, այլ նոր որակի բնական միավորում: Մեր ընդդիմադիր քաղաքական դաշտն այժմ, կարծես, այդպիսի նորագոյացման փուլում է: Ինչպես արդեն մի անգամ առիթ ունեցել ենք ասելու՝ խոսքը նախեւառաջ նոր որակի մասին է, իսկ թե այդ նոր որակը որ ուժը կտա՝ հին թե նոր, խնդրի էության հետ կապ չունի, մանավանդ՝ բացարձակապես նոր անձերի կամ խմբերի հայտնություն չկա եւ մոտակա շրջանում չի սպասվում, քանի որ բացակայում են դրա առարկայական հիմքերը: Մնում է, ուրեմն, նորացման ճանապարհը՝ կուտակած փորձի իմաստավորմամբ:

Հանրությանն այս պահին ամենաքիչն են հետաքրքում ներընդդիմադիր մանր վեճերն եւ նախկին սիրեցյալների բաժանմանը հետեւող մանր պատերազմիկների մանրամասները: Մարդիկ կհամախմբվեն ուժի կենտրոնի շուրջ, եթե այդպիսին ձեւավորվի եւ ներկայացնի հանրությանը նորացված մոտեցումները, այլ ոչ թե հին հարաբերությունների ջարդված աման-չամանը:

Մրցակցային պայքարում հաջողության հասնելու նախադրյալներն են. 1. Համախմբված թիմ, 2. Կազմակերպված թիմային աշխատանք՝ հստակ ժամանակացույցով, 3. Աշխատող կառուցվածքներ, 4. Ձեւակերպված դրական ասելիք եւ ծրագիր, որը ցույց կտա նպատակների իրականացման պարզ ու մատչելի մեխանիզմը կոնկրետ իրավիճակում, 5. Օրակարգերի ձեւավորում, այլ ոչ թե միայն պաշտպանություն եւ պատասխան, 6. Առաջին հերթին իշխանության թիրախավորում: Իսկ մնացածը երկրորդական բաներ են՝ ժամանակավոր արդյունքներով:

Շատերին թվում է, որ նոր համակարգ ձեւավորելու ճանապարհին թիվ մեկ խնդիրը նույն դաշտում եղած հին համակարգը քանդելն է: Դա առաջին հայացքից գայթակղիչ, բայց մեծ հաշվով անարդյունավետ ճանապարհ է: Եթե կարողանաս ստեղծել սեփական համակարգը, ապա հին համակարգը կփլուզվի ինքն իրեն՝ առանց մեծ ջանքերի քո կողմից, կամ էլ գոնե այնքան կթուլանա, որ ստիպված պիտի արդեն ինքը զբաղվի քեզ քանդելով, իսկ դա նշանակում է, որ դու արդեն շահել ես՝ «սեւ» գործառույթը պարտադրելով մրցակցիդ: Իսկ եթե հին համակարգը քանդել չհաջողվեց, սեփականն էլ թույլ է կամ չկա, ապա հակադիր՝ իշխանական համակարգին առնվազն ակամայից ինտեգրվելը դառնում է զուտ ժամանակի եւ տեխնիկայի հարց՝ անկախ քո բոլոր անձնական ձգտումներից:

 

Նախորդ հոդվածը‘Թուրքական ընդդիմությունը քաղաքացիներին կոչ է անում չտրվել սադրանքների’
Հաջորդ հոդվածը‘Իսկ Սերժ Սարգսյանը տեսագրությունում չկա՞. Մամուլ’