‘
Ամառն ամառվա նման չէր` «մի օր ցուրտ էր, մի օր տաք, մին խնդում էր, մին լալիս»: Ե՛վ ուղղակի, և՛ անուղղակի իմաստներով:
Թեժ աշուն խոստացող ամառ էր:
Հայաստանի նախագահի աթոռը զավթողին, թերևս, ինքնապաշտպանական բնազդը հուշել է, որ դյուրին օրեր չեն սպասվում իրեն ու իր ավազակախմբին: Հասարակությունից թալանած գողոնը բոլորիս հայտնի հեռավոր վայրերում քամուն տալուց եւ շատ դժվարությամբ վերադառնալուց հետո` ավազակապետը դեռ դիմադրում է, ամեն գնով ուզում է երկարաձգել պարապ-սարապ օրերը. հիմա էլ տեղական «բազեների» հետ է տժժում:
Այնպիսի տպավորություն է, թե Սերժիկ Սարգսյանը համակերպվել է, որ շուտով հրաժեշտ է տալու այն աթոռին, որին բազմելու համար առնվազն տասը երիտասարդի գնդակահարեցին ինքն ու իր նախորդը, հարյուրավորների էլ բանտերը նետեցին:
Արդյո՞ք համակերպվել է: Չէ, չարժե ոգեւորվել, սա ընդամենը տպավորություն է: Բոլորն էլ հասկանում են, որ մինչեւ ականջները հանցագործությունների մեջ խրված իշխանությունն ինքնակամ զոլավոր պիժամա չի հագնելու: Սակայն այդ նույն բոլորը նաեւ հասկանում են, որ սրանք գրեթե սպառել են իշխանությունը պահելու պաշարները և ապրում են «Ինչքան ձգենք` էլի լավ է» նշանաբանով:
Ձգելու համար էլ, առաջին հերթին, ի՞նչ են անելու ավազակապետն ու «քառասուն ավազակները»: Ոչ մի նոր բան` ինչ որ արել են մինչ օրս:
Ակտիվացնելու են իրենց սնած եւ աճեցրած «ընդդիմադիրներին», որոնք միամսյակներով «վարձակալելու են» Ազատության հրապարակը` «ոչ ինձ, ոչ քեզ» ազնիվ, ազգափրկիչ եւ պետականաշինիչ նկատառումներով: Քաղաքացիական պայքարի ելածներն ավելի ակտիվորեն են «ապացուցելու», որ քաղաքական պայքարն իր դարն ապրել-պրծել է: Իշխանությունները հիշեցնելու են «անաչառ» լրատվամիջոցներին (ի դեպ, իրենց տերերի հետ միաժամանակ` սրանք էլ էին լիուլի վայելում ամառային ցուրտուտաքը), որ հացկատակությունն էլ գին ունի, հերիք է գլուխ պահեն` ժամանակն է բոլոր ճակատներով Հայ ազգային կոնգրեսի վրա հարձակվելու: (Երեկ արդեն նման հացկատակներից մեկը, որ «մշտական տոմս» ունի իշխանությունների պնակալեզ լրատվամիջոցներում, թերթոններից մեկում ընդդեմ Կոնգրեսի բարբաջանքների սեզոնը բացեց):
Նոր կուսակցություններ են բացվելու, անտարակույս` բերնեբերան վճռականությամբ լցված: Մեզ քաջածանոթ «վճռականների» նման: Միամիտները գուցեև առաջին պահին ոգեւորվեն` լսելով նրանց «Ելիր, ում կյանքը անիծել է» հանգույն բոցաշունչ ելույթները, բայց հետո, ավաղ-ավաղ, շատ արագ կհամոզվեն, որ այս «նորածինների» վճռականությունը սահմանափակվելու է Կոնգրեսի առաջնորդի և կոնգրեսականների դեմ հեռուստաելույթներով ու զանազան ձևաչափերի հարցազրույցներով: Կհամոզվեն, որ կրկին փայլփլուն փուչիկներ են հրապարակ նետվել, կհիասթափվեն հերթական «վճռական» խմբակներից, բայց այլևս խորը հառաչանքներ չեն լսվի այսուայնտեղից, որովհետև սա արդեն չափն անցած ձանձրալի, տաղտկալի պատմություն է:
Կարճ ասած` «ամառն անց կացավ, հոտն իջնում է տուն»:
Գոտիներդ սեղմեք, Հայաստանը զավթած ավազակախմբի դեմ իրական պայքարողներ:
‘