‘Խմբագրական. Ամեն ինչ խառնվել է ավազակապետական բուրգում’

3948

Բոլոր երջանիկ պետությունները նման են իրար, ամեն դժբախտ պետություն դժբախտ է յուրովի: Ի դեպ, Գելափի հարցումներով (խոսքն, իհարկե, իսկական, ոչ թե պատվիրովի ու կեղծ Գելափի մասին է) Հայաստանի քաղաքացիների մեծ մասն իրեն դժբախտ է համարում: Բայց սրա մասին` մեկ այլ առիթով:

Իսկ որպես դասականի հայտնի խոսքի շարունակություն` պարտավոր ենք արձանագրել, որ ամեն ինչ իրար է խառնվել ավազակապետական բուրգում: Ամեն ինչ շուռումուռ է եկել` աստառով դեպի դուրս, ու շունը տիրոջը չի ճանաչում: Իշխանություն` որպես այդպիսին, չկա: Կա իշխանության պարոդիա: Այն էլ` գրոտեսկային: Ամենածայրահեղ տարբերակով: Իրականության ու մղձավանջային երեւակայության` աներեւակայելի թվացող համադրություն: Պետությունն իրականում այլեւս (անգամ` մի քանի տարի առաջվա քիչ թե շատ «յոլայի» չափով) չի էլ կառավարվում: Ամեն ինչ ինքնահոսի է մատնված:

Գլուխը (էն, որ ասում էր`գլխից է պետք բռնել, մեծերի՛ն), որ Բաղրամյան 26-ում է հայտնվել, այլեւս չի էլ ընկնում ձեւականության հետեւից եւ «նախագահ-նախագահ» չի խաղացնում. նա այժմ կամ ցողունային բջիջներով է «սնվում»` հանցանքի պահին բռնված հանցագործի տեսքով հայտնվելով կորեական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, կամ որեւէ արտասահմանյան այց է «կպցնում» եւ «թռնում» երկրից: Գլուխն, ուրեմն, հիմնականում էս գործերին է, եթե, իհարկե, բախտը բերի ու մի պետության ղեկավարի հայաստանյան այց էլ հաջողեցնի: Ու ինչքան հյուրի ներկայացրած պետությունը մեծ լինի, այնքան` իր մեջքի խոնարհման կորը ցայտուն կարտահայտվի: Սա, ուրեմն, դե` գլուխը, ղեկին մնում է դեռեւս Հայաստանին պատկանող վերջին չվաճառված օբյեկտները վաճառելու նպատակով, հետո՝ հայդե՛ Փարիզ կամ Բադեն-Բադեն մեկնելու հույսով:

Ու քանի որ գլուխը լիովին կորցրել է իրեն, բուրգի մյուս մասնիկները խառնվել են իրար. մի կողմից՝ հասկանում են, որ էսօր-վաղը ծանր դրության մեջ են հայտնվելու, մի կողմից` հանցանքների մեջ թաթախված` եղունգներով կառչել են աթոռներից ու չեն ցանկանում պոկ գալ, մյուս կողմից էլ` բոլոր զգայարաններով կանխազգալով իրենց մոտալուտ վախճանը, ոստիկանական շչակների ներքո կողոպուտի վայրից փախչող գողի նման` վերջին ձուլակտորներն են փորձում լցնել գրպանները. մարդ ես, մեկ էլ տեսար` հասցրին ծլկել: Բայց, ի տարբերություն պրոֆեսիոնալ գողերի, սրանք աչքածակ են: Եթե գողը տանում է այնքան, որքան կարող է, եւ որքանն իրեն փախչելու պահին չի խանգարի, ու հեռանում է ճիշտ ժամանակին, ապա սրանք վերցնում են ու վերցնում` առանց մտածելու` արդյո՞ք աչքածակության ու ագահության պատճառով ամբողջը չեն կորցնի: Առավելեւս, որ փախուստի համար քիչ ժամանակ ունեն: Բայց` չէ, ասում են` այս մի ոսկին էլ վերցնենք, գուցե կարողանանք տանել (կենսաթոշակների պարտադիր բաղադրիչ), այս մեկն էլ` գազի թանկացում ու անսպասելի պետական պարտք, այս մեկն էլ` նոր ակցիզներ ու արդեն պարբերական դարձած գնաճ: Սա է՛լ, սա է՛լ, այն մեկն է՛լ, մյուսն է՛լ…

Վերեւիններն, ուրեմն, այլեւս չեն կարողանում կառավարել, ներքեւիններն էլ կրծում են իրար, մեկը մյուսին այլեւս չի վստահում, բոլորը բոլորին թշնամի ու չուզող են, բոլորը պատերազմում են բոլորի դեմ…

Մի խոսքով, ամեն ինչ խառնվել է իրար ավազակապետական բուրգում:

Իսկ մենք, իհարկե, չենք մոռանում, որ Մարտի 1-ին հանդիպելու ենք Ազատության հրապարակում եւ չենք շեղվելու մեր ընտրած ճանապարհից: 

Նախորդ հոդվածը‘Արմեն Մովսիսյանի դեսպան եղբոր եկամուտները ուշագրավ օրինաչափությամբ են ավելանում. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիան որոշել է կրթել Հայաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչներին’