‘Խմբագրական. Ամեն կեղծված մեկ քվեաթերթիկը հավասարազոր է հանձնված 1 սմ2 հողի ‘

2202

Իրենց վերջին հանրահավաքի ժամանակ ազատամարտիկներից ոմանք մասնակիցներին են բաժանել մի փաստաթուղթ, որը, ինչպես նշվել է` բանակցային սեղանին դրված եւ այսօր քննարկվող թուղթն է: Փաստաթուղթն, իսկապես որ, բավականին խոցելի է: Թղթին ծանոթանալուց հետո պարզվել է, որ բաժանված այդ փաստաթուղթը 2007 թվականին Մադրիդում Հայաստանին եւ Ադրբեջանին ներկայացված տեքստն է` հայտնի «Մադրիդյան սկզբունքներ» անունով:

Այնինչ՝ դրանից հետո, ինչպես ցույց են տվել իրադարձությունները, փաստաթուղթը էական փոփոխություններ է կրել, եւ ինչպես հասկանում ենք միջնորդների արձագանքներից` միայն դեպի վատը:

 

Հանրաքվեն դեռ կար

Բանն այն է, որ բաժանված այդ փաստաթղթում, չնայած հայկական կողմից ակնկալվող ահռելի զիջումներին, այդուհանդերձ, մեզ ձեռնտու քիչ թե շատ կետեր էլ կան, անշուշտ՝ գուցե ոչ այն չափով, որքան մենք կցանկանայինք: Նախ, փաստաթուղթը սկսվում է Ղարաբաղի ապագա կարգավիճակը որոշող իրավագործողության` պլեբեսցիտի մանրամասն նկարագրությամբ: Բացի այդ՝ շեշտվում է, որ դրան պետք է մասնակցի ԼՂ բնակչությունն այնպիսի համամասնությամբ, ինչպիսին որ այն կար մինչեւ 1988 թվականը: Սա շատ էական հանգամանք է, քանի որ եթե այդ համամասնությունը խախտվի, ապա կարելի է առանց հանրաքվե անցկացնելու էլ Ղարաբաղը տալ Ադրբեջանին, այն պարզ պատճառով, որ 1988-ից հետո Ղարաբաղից Ադրբեջան գնացածների թիվը, մեղմ ասած` զգալիորեն աճել է: Հետեւաբար՝ նրանց մասնակցությամբ ցանկացած հանրաքվեի արդյունք արդեն կարելի է կանխորոշված համարել: Բացի այդ՝ եթե մինչեւ Քելբաջարի կարգավիճակի վերջնական որոշումը այդ տարածքը պետք է գտնվի միջազգային ուժերի հսկողության ներքո, սակայն մինչեւ Վերջնական համաձայնագրի ստորագրումն այնտեղ ադրբեջանցիների վերադարձ չի նշվում, ապա Լաչինի շրջանը, մինչեւ վերջնական կարգավիճակ ստանալը, ունենալու էր այն կարգավիճակը, որը կունենար հիմնարար սկզբունքների համաձայնեցման պահին: Դե ֆակտո` հայկական վերահսկողություն:

Բայց սա, ինչպես ասացինք, 2007-ին էր, եւ սրանք այն եզակի կետերն էին, որ քիչ թե շատ ընդունելի կարելի էր համարել հայկական կողմի համար:

 

Հանրաքվե չկա, եւ մի նեղլիկ միջանցք

Մինչդեռ, ինչպես հայտնի է, 2008-ից հետո բանակցային գործընթացն է՛լ ավելի է վատթարացել:

Ա) 2008-ից հետո, ԼՂ բանակցային գործընթացի պատմության մեջ առաջին անգամ, հակամարտող երեք կողմերից երկուսի ղեկավարները ստորագրեցին մի շարք փաստաթղթեր` առանց երրորդ կողմի` Ղարաբաղի մասնակցության. Մայնդորֆյան, Սոչիի հռչակագրեր: Սա ամենաբարձր մակարդակով եւ վերջնականապես խեղաթյուրեց բանակցային գործընթացը: Ու խնդիրն ամենեւին էլ կամ  այնքան էլ ստորագրված թղթերի բովանդակությունը չէր, որքան այն, որ այսուհետ ԼՂ հարցի համատեքստում արդեն իսկ փաստաթղթավորված երկու պաշտոնական կողմ էին հանդես գալիս միայն` Հայաստանն ու Ադրբեջանը: Այսպիսով՝ Ղարաբաղը վերջնականապես դարձավ բանակցային գործընթացի օբյեկտ:

Բ) Մադրիդյան այս փաստաթուղթը, ինչպես գիտենք, 2010-ի հունվարին` Մադրիդյան նորացված փաստաթուղթ անվան տակ փոփոխված ներկայացվեց երեք կողմերից երկուսին` Հայաստանին եւ Ադրբեջանին: Երկու կողմերն ընդունեցին դրանք: Երրորդ կողմը` Ստեփանակերտը, իրավական ուժ ունեցող որեւէ արձագանք չտվեց եւ նախընտրեց սահմանափակվել պոպուլիստական` «Ղարաբաղը մերն է, հանրապետության Սահմանադրությամբ արձանագրված սահմաններն անքակտելի են» հայտարարություններով:

Գ) 2009-ի ամռանը, նորացված փաստաթուղթը կողմերին ներկայացնելուց եւ նրանց համաձայնությունը ստանալուց առաջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահներն ընդունեցին Լ’Աքվիլայի հայտնի հայտարարությունը, որտեղ արդեն նախաշնված էին քննարկվող կետերը, որոնք էլ ամիսներ անց պետք է Սոչիում ներկայացվեին կողմերից երկուսին: Հայտարարության տեքստը, ըստ էության, զգալիորեն տարբերվում էր Մադրիդյան փաստաթղթից: Հայտարարության տեղեկանքում արդեն իսկ նկատվում էր, որ առաջնային քայլ էր համարվում տարածքների վերադարձը, եւ սա նշվում է որպես առաջին կետ: Ապա՝ Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակ, Հայաստանը եւ 

Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք (այսինքն՝ խոսքն ակնհատորեն միայն Լաչինի մասին է, եւ այն էլ` ո՛չ ամբողջ շրջանի, իսկ Քելբաջարի հարցն էլ կարծես օրակարգից դուրս եկավ արդեն, եւ ըստ էության՝ հայտնվեց վերադարձի ենթակա տարածքների թվում), եւ ամենաուշագրավը` Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական 

կարգավիճակի հետագա որոշում` իրավականորեն պարտադիր բնույթ կրող կամարտահայտման միջոցով: Վերջին կետը, եթե նկատում ենք, էականորեն տարբերվում էր նախորդ ձեւակերպումից` հանրաքվեի մասին այլեւս խոսք  չկար, քանի որ «իրավականորեն պարտադիր բնույթ կրող» կարող է համարվել ցանկացած կամարտահայտություն, այդ թվում` ԼՂՀ նախագահի կամ ԱԺ-ի որոշումը:

Եռանախագահները նշել էին, որ հենց այս կետերի հիման վրա է ներկայացվում նորացված փաստաթուղթը, որը երկու կողմերն ընդունեցին եւ 2011-ի ամռանը գնացին Կազանի հանդիպմանը: Ի դեպ, Կազանից միջնորդները բեկման ակնկալիք ունեին, ինչը, սակայն, երկարատեւ հանդիպման արդյունքում այդպես էլ չեղավ: Չեղավ, սակայն, միայն մի պատճառով. նորացված փաստաթղթի վերաբերյալ հայկական կողմի համաձայնությունը ստանալուց հետո ադրբեջանական կողմը առաջ քաշեց նոր պայմաններ: Հայկական կողմի պնդմամբ` 6 կետից բաղկացած:

 

Վատ եւ ավելի վատ

Դատելով  ետ-2008-յան դինամիկայից՝ բանակցային գործընթացն առաջ է շարժվում «ավելի վատ փաստաթուղթ» տրամաբանությամբ: Եւ ներքին լեգիտիմություն չունեցող Սերժ Սարգսյանը դրանց չհամաձայնելու տարբերակ ուղղակի չունի: Անշուշտ, կարելի է ներքին լսարանի համար այս իրավիճակի մեղավորներ հռչակել Ադրբեջանին, Արեւմուտքին, Ռուսաստանին, ամբողջ աշխարհին, ընդդիմությանը եւ վերջապես՝ չար ուժերին, սակայն, իշխանությունն ինքն էլ գիտի, որ միակ մեղավորը հե՛նց ինքն է,  որ ընտրությունների ժամանակ ամեն կեղծված մեկ քվեաթերթիկի արտաքին լեգիտիմությունը սիրուն աչքերի համար չեն տրվում իրեն: Ամեն մեկ կեղծված քվեաթերթիկը հավասարազոր է հանձնված 1սմ2 հողի: Ընդ որում՝ հենց այնպե՛ս հանձնված: Ոչ թե փոխզիջված, այլ` ուղղակի զիջված:

Սա պետք է հասկանան բոլորը, հատկապես նրանք, ովքեր բնակվում են Ղարաբաղում եւ չտեսելու են տալիս այդ կեղծիքները կամ չեն ցանկանում դրանք կապել բանակցային գործընթացի հետ:

Տրամաբանական փոխկապակցվածությունն անխուսափելի է` կեղծում է իշխանությունը՝ կորցնում է Ղարաբաղը: Կեղծիքներով իշխանության եկած ոչ մի գործիչ չի կարող իր երկրի համար ձեռնտու պայմաններով բանակցային գործընթաց վարել եւ, առավելեւս`փաստաթուղթ ստորագրել:

Սերժ Սարգսյանի իշխանության յուրաքանչյուր օրն ավելի է վատթարացնում բանակցային գործընթացը, նրա թեթեւ ձեռքով Ղարաբաղն այլեւս բանակցային կողմ չէ: Եւ պատահական չէ, որ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին նախագահ Մերզլյակովը Երեւանում անկեղծացել էր` հայտարարելով, թե Ղարաբաղը կմիանա գործընթացին Հիմնարար սկզբունքների համաձայնեցումից հետո: Այսինքն, երբ որ արդեն էական որեւէ հարց չմնա քննարկելու:

Սա Ադրբեջանի համար ամենաբաղձալի ձեռքբերումն էր, որը վերջինս ստացավ երկար սպասումներից հետո:

Հաջորդ քայլն արդեն տեխնիկական է լինելու` հաջորդ քայլն արդեն բուն Ղարաբաղն է լինելու: Եւ, ի դեպ, այս ամվա վերջին սպասվում է Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպումը: Դատելով Սերժ Սարգսյանի պահվածքից՝ իրավիճակը նախանձելի չէ:

Հարց ՀՀ եւ ԼՂՀ քաղաքացիներին`Սարգսյանի կողմից քանի՞սմ2 հողի զիջում դեռ կարելի է հանդուրժել: Սա հոռետեսական կամ հռետորական հարց չէ: Սա իրականությունն է: Ղարաբաղը չհանձնելու միակ ելքը Սերժ Սարգսյանի հրաժարականն է: Դա է ցույց տալիս ողջ բանակցային գործընթացի դինամիկան:

 

Խնդրելու ենք, բայց չենք ստանալու

Իր «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հայտնի հոդվածում Լեւոն Տեր-Պետրոսյանը գրում էր. «Փոխզիջման էությունից բացի կարեւոր է նաեւ փոխզիջման պահը: Ակնհայտ է, որ փոխզիջման դեպքում հասանելի առավելագույնը ձեռքբերելու հնարավորություն ունի ուժեղ կողմը: …Այն, ինչ մերժում ենք այսօր, ապագայում խնդրելու, բայց չենք ստանալու…»:

Կանխատեսում, որ մինչ այսօր իրականանում է. միջնորդների կողմից այժմ արդեն միայն երկու կողմերին առաջարկվող ամեն փաստաթուղթ` մեզ համար նախորդից ավելի վատն է լինում: Եւ դրա պատճառները հեռուներում պետք չէ փնտրել: Ընտրատեղամա՛ս: Լցոնո՛ւմ: Կեղծի՛ք: 5000 դրա՛մ: Կեղծված արձանագրություննե՛ր: ԸԸՀ, ՏԸՀ, ԿԸՀ: 

Նախորդ հոդվածը‘Երևանում գազի թանկացման դեմ ստորագրահավաք է սկսվել’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանի փաստաբանը նոր մանրամասներ է հրապարակել’