‘Խմբագրական. Այսքան «դհոլ» ու «հաճախորդ» ո՞վ ունենար ու չլկտիանար’

3047

Սերժիկ Սարգսյանի ապաշնորհ, դավաճանական (դասական դավաճանություն ասվածը հենց սա է, երբ պետության շահը ստորադասվում է սեփական ճղճիմ շահին) եւ ստորաքարշ գործունեության հետեւանքով Հայաստանում ստեղծված տնտեսական եւ քաղաքական ծանրագույն իրավիճակը ստիպում է, ինչպես ցանկացած քիչ թե շատ մտածելու ունակ հասարակության պարագայում, մեզ մոտ նույնպես` երկիրը փրկելու ելքեր որոնել ու դրանց մասին բարձրաձայնել:

Պարզագույն դեղատոմսը բոլորին է հայտնի. ասպարեզում գործող բոլոր քաղաքական, քաղաքացիական ուժերը` իրենց համախոհներով, միմյանց նկատմամբ համակրանք-հակակրանքը, գաղափարների տարբերությունն ի ցույց դնելու «հաճելի զբաղմունքը» առժամանակ հետաձգելով` մի բռունցք են դառնում` գերնպատակ ունենալով երկրի ղեկը զավթած ինքնակոչից եւ նրա, այսպես կոչված, թիմից Հայաստանի ազատագրումը, ինչից հետո` ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների միջոցով ՀՀ քաղաքացիները որոշում են, թե ինչպես են ցանկանում ապրել այդուհետ: Եթե անհաջող ընտրություն կկատարեն, հաջորդ իշխանությանն էլ կուղարկեն չվաստակած հանգստի: Ժողովրդի լեզվով ասած` մեղքն իրենց վիզը, կամ` ամեն ժողովուրդ արժանի է իր ընտրած իշխանությանը, «իմաստուն» ասույթները պատեհապաշտների ճահճացած մտքի արգասիքն են: Կյանքը շարունակվում է, եւ հասարակությունն իրավունք ունի ու պարտավոր է հետեւողական իշխանափոխության ճանապարհով հասնել այն հանգրվանին, որից հետո իշխանությունը տանելի կլինի այնքան, որ ընտրողները հնարավորություն կտան վերջինիս` պաշտոնավարել մինչեւ Սահմանադրությամբ իրեն վերապահված ժամկետի ավարտը:

Սա հասկանում են բոլորը, բայց բռունցքվելու հեռանկարը դեռեւս շատ մառախլապատ է, եւ քանի որ մառախլապատ է, սեփական ուժը եւ սեփական խելքի չափը գերագնահատողներն անխոնջ ճամարտակում են ու ճամարտակում, եւ հիմնականում թիրախ են ընտրում ոչ թե Բաղրամյան 26-ում նստած գլխավոր հանցագործին եւ նրա ավազակախմբին, այլ հե՛նց նրանց, ում հետ ուժերի մեկտեղմամբ է հնարավոր ազատվել երկիրն այս վիճակին հասցնողներից: Յուրաքանչյուրն` ըստ իր ընդունակությունների եւ ըստ իր մանրիկ, հավակնոտ նպատակների է ճամարտակում: Անպտուղ լեզվավարժանքների դառը հետեւանքներն էլ հայտնի են ու ողբալի. սրանց հեղինակների մի մասն արդեն «ես Նապոլեոն Բոնապարտն եմ», «ես Չե Գեւարան եմ», «ես խորհրդանիշ եմ» եւ այս կարգի երջանիկ անմեղսունակության գիրկն է ընկնել, եւ միայն հրաշքը կարող է նրանց հանել այդ հոգեզմայլ վիճակից, մի մասն էլ` մեկը մյուսից անհեթեթ ելքեր է առաջարկում, որոնցից մեկն էլ հնարավոր պատերազմին դիմագրավելու համար ժողովրդին անհապաղ զինելու պահանջն է, որ վերջերս հրապարակ նետեց մի «մեծ մտածող»:

Եվ իրոք. գաղտնիք չէ, որ ամեն օր ու ամեն ժամ սանձազերծվող ապօրինությունների, թալանի, մի բուռ բանդայի հղփացածության ու հազարավորների թշվառության պայմաններում` Հայաստանի շարքային քաղաքացիների հոգիներում ատելության այնպիսի հախուռն պաշար է բուն դրել, որ հենց զինեն բոլորիս` պարապ չենք նստի ու սպասենք, թե երբ է արտաքին ոսոխը պատերազմ սկսելու: Մինչ ադրբեջանցիները կգցեն-կբռնեն` հարձակվեն մեզ վրա, թե ոչ, Հայաստանի քաղաքացիներս մեր դաղված սրտները կհովացնենք միմյանց հետ հաշվեհարդար տեսնելով… Միաժամանակ` ժողովրդի անպարտ ոգին վերածնունդ կապրի «մաման պայթի, էս ի՜նչ ենք անում, էս ո՜նց ենք անում» մոտիվներով, եւ ով ողջ կմնա` «հայ ես դու, հայ եմ ես, վայ, քո ցավը տանեմ ե՛ս» երգելով` կսլանա կապուտաչյա հայրենիքի սահմանները պաշտպանելու: «Իմացյալ մահ»-ի ոտնահետքերով, հասկանալի է:

…Եվ այսքանից հետո դեռ զարմանու՛մ ենք, որ Հանրապետական կոչեցյալ հանցավոր վերնախավը ժամ առ ժամ լկտիանում է: Ինչպես Սերժիկ Սարգսյանը կասեր` այսքան «դհոլ» ու «հաճախորդ» ո՞վ ունենար ու չլկտիանար:

Լիզա Ճաղարյան      

Նախորդ հոդվածը‘Հայկական ԱԷԿ-ի էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ նիստ (ուղիղ)’