‘Խմբագրական. Այսօրվա «մահակները» վաղվա «մայրթերեզաներն» են’

1935

Հայաստանի հանցագործ իշխանությունների դեմ պայքարողների շարքերը համալրվում են նորանոր երիտասարդներով, եւ դա չնկատել ու չոգեւորվել՝ հնարավոր չէ: Նրանցից շատերն անփորձ են, ոմանք խուսափում են «քաղաքական պայքար» արտահայտությունից, ոմանք գուցե տեղյակ չեն անգամ, թե դա ինչ է, ոմանք հաստատապես գաղափար չունեն, թե ով է, օրինակ, իրենց ըմբոստության ալիքը խեղդելու փորձեր անող որոշակի ոստիկանախմբի շատ որոշակի պարագլուխ Վալերի Օսիպյանը եւ իր ինչպիսի ծառայությունների համար է դարձել գնդապետ եւ Երեւանի փոխոստիկանապետ:

Այս մարդուն հիանալի գիտեն 2008 թվականից ի վեր պայքարողները: Այս մարդու «բարեկիրթ» վերաբերմունքի բոլոր «նրբերանգները» վայելել են ե´ւ ալեհեր տղամարդիկ ու կանայք, ե´ւ երիտասարդները, ե´ւ պատանիները, ե´ւ աղջնակները: Ե´վ խաղաղ պայմաններում բանակում զավակ կորցրած մայրերը:

Լավ է, թե վատ՝ առաջին անգամ պայքարի ելածներից շատերը չգիտեն, թե ըմբոստներին ճնշելու ինչ հարուստ փորձ ունի այս մարդը:

Ի՞նչ կարիք կար հիշելու իշխանական հսկա բուրգի փոքրիկ պտուտակներից մեկին: Ինչո՞վ է արժանի այս պարոնը, որ հատկապես եւ մասնավորապես սրան ուշադրության արժանացնենք:

Այս մարդը չի վախենում, որ մի օր ինքն էլ է՝ իր տերերի հետ միասին, պատասխան է տալու իշխանությունների հանցավոր գործունեւության դեմ օրինական պայքար մղող Հայաստանի քաղաքացիներին ազատ տեղաշարժվելու իրավունքից զրկելու, առանց հիմնավոր պատճառի ձերբակալելու եւ բազմաթիվ այլ ապօրինությունների համար: Ինչու՞ չի վախենում: Սա է խնդիրը:

Նորելուկ ըմբոստները գուցեեւ լսել են, բայց ականջի հետեւ են գցել, որ 2008 թվականին պայքարի ելածներին բոլոր հնարավոր ու անհնար, մերժելի ու ստոր մեթոդներով ճնշող ոստիկանների միակ «դրոշակակիրը» այս փոխոստիկանապետը չէր: Նա անզուգական ղեկավար ուներ՝ Ռոբերտ Մելքոնյան անուն-ազգանունով ու «Բազազ» մականունով, եւ ինքը ժամանակին այս պարոնի օրինակելի սանն էր: Ասում են՝ աշակերտները հաճախ գերազանցում են իրենց ուսուցիչներին: Դժվար է Բազազին գերազանցել, նրան խորշելի չէր ընդդիմադիրներին ճնշելու ոչ մի միջոց, եւ Օսիպյանը կարիք չունի նորանոր «բարձունքներ» նվաճելու՝ Բազազի տված դասերը լիուլի բավարար են:

Եվ ուրեմն՝ ինչու՞ է այսքան ինքնավստահ Վալերի Օսիպյանը, ինչու՞ են ինքնավստահ մեծուփոքր օսիպյանները, ինչու՞ մտավախություն չունեն, որ մի օր պատասխան են տալու հասարակությանը՝ իրենց գործած չարիքների համար: Ինքնավստահ են, որովհետեւ հենց այս նույն Ռոբերտ Մելքոնյանի փայլուն օրինակն իրենց աչքի առջեւ է:

Ո՞վ է այսօր թոշակառու դարձած Բազազը: Գրեթե՝ «մայր Թերեզա»: Ֆեյսբուքյան «բարի հրեշտակ»: Եվ գիտե՞ք՝ քանի-քանի ջերմ երկրպագու ունեն նրա «քրիստոնեական» գրառումները: Կարծում եք՝ հրապարակավ մեղա՞ է եկել ցուցարարների նկատմամբ բռնություններ գործադրելու, կանանց եւ աղջիկներին հայհոյելու, իր ենթականերին աքացիներով մարդկանց վրա «քշելու» համար, որպեսզի մեծահոգիներն էլ մտածեն՝ ներել, թե չներել: Ամենեւին: Իր «հերոսական» անցյալը հիշեցնողներին այս պարոնն ամենավերջին հիշոցներով վիրավորում է, եւ պատկերացրեք՝ հավանություն տվողների պատկառելի խմբակ ունի, իսկ արժանի հակահարված տվողներին կարելի է հաշվել մեկ ձեռքի մատների վրա, երկրորդի կարիքը չի զգացվի:

Իր նախկին ղեկավարի «փառապանծ» ներկան տեսնող այսօրվա փոխոստիկանապետը, նրա շեֆ Վովա Գասպարյանը եւ սրանց համազգեստավոր «մահակներն» ինչու՞ պետք է զգուշանան, որ վաղը հասարակությունն իրենց անարգանքի սյանն է գամելու: Հակառակը՝ Բազազի օրինակը բավական է, որ ավելի թափով ու ոգեշնչվածությամբ բռնություն գործադրեն ըմբոստ քաղաքացիների նկատմամբ: Արդեն գիտեն, տեսնում են, որ հասարակության մի ստվար զանգված կարճ հիշողություն ունի, անսահման «բարի» է ու «մեծահոգի»: Հեչ չլինի՝ չլինի, հենց թոշակի անցնեն, կդառնան ակտիվ ֆեյսբուքցի, մի քանի հուզաթաթախ գրառում կանեն կամ իրենց գրագետ հարեւանին կխնդրեն, որ իրենց փոխարեն գրի, եւ հերթական «մայր Թերեզան» պատրաստ է՝ սիրեք, գուրգուրեք եւ հաճույքից նվաղեք:

Ասվածը չնչի՞ն բան է գլխներիս կախված աշխարհաքաղաքական խնդիրների (հանրապետական Ռազմիկի ականջը կանչի) դիմաց:

Ո´նց ասեք: Ում-ում՝ նման դիրքորոշումը օսիպյաններին ու գասպարյաններին հաստատ շատ դուր կգա եւ ցուցարարներին առավել «սիրով» ճնշելու նոր թափ կհաղորդի:    

Ողջ լերուք:     

Նախորդ հոդվածը‘Մահացել է նկարիչ Վահրամ Հարությունյանը (Կուկ) ‘
Հաջորդ հոդվածը‘Ավտովթար Երևանում. Կան վիրավորներ’