‘Խմբագրական. Անարխիայի ուրվականը’

2157

Արեւելքի բռնապետական երկրներից մեկում այսպիսի մի «սահմանադրական» նորմ է գործել. թագավորի մահվան եւ հաջորդ թագավորի գահակալելու միջեւ 4 օր երկրում դադարեցվել է բոլոր օրենքների գործողությունը։ Այսինքն՝ համատարած ԱՆԱՐԽԻԱ, երբ գործնականում յուրաքանչյուրի կյանքն ու ունեցվածքը վտանգի տակ էր հայտնվում։ Այդ օրերին կարող էին իրականացվել վրեժխնդրություններ, հաշվեհարդարներ, թալան, հրկիզումներ, ամե՛ն ինչ։ Չկար մեկը, որ կարող էր շահել ԱՆԱՐԽԻԿ այդ վիճակից։ Անարխիկ վիճակից ավելի շատ պիտի սարսափեին ունեւորները, որոնց ունեցվածքի վրա հազար աչք կար։ Դաժան այս միջոցառումը նրա համար էր, որ հասարակության ամեն մի անդամ՝ ամենաչքավորից մինչեւ ամենահարուստ, պարբերաբար իր կաշվի վրա զգա ու հիշի, թե որքան վատ բան է անիշխանությունը՝ անարխիան, շա՛տ ավելի վատ ու վտանգավոր, քան օրենքները, ինչպիսին էլ որ դրանք լինեն։

Հայաստանում, ներկա ռեժիմի պայմաններում, ըստ էության՝ դադարել են գործել Սահմանադրությունն ու օրենքները։ Բայց դա դեռ անիշխանություն՝ անարխիկ վիճակ չի ստեղծել։ Ընդունված պաշտոնական օրենքները իշխանությունը փոխարինել է այլ՝ չգրված օրենքներով։ Որպես կարեւորագույն հանգամանք՝ այդ փաստը Լեւոն Տեր-Պետրոսյանը արձանագրել է դեռ 2007թ. սեպտեմբերի 21-ին՝ իր առաջին հրապարակային ելույթի հենց սկզբում «…իշխանության վերից վար կոռումպացված, հանցագործ մի վարչակազմ, որի հարաբերությունները կարգավորվում են ոչ թե օրենքներով, ոչ թե ժողովրդի կամքով, ոչ թե քաղաքական երկխոսությամբ, այլ քրեական աշխարհի կանոններով»։ Այս հիմքի վրա է ստեղծվել  ներկա ավազակապետական ռեժիմը, դրա վրա է կառուցվել կոռուպցիոն բուրգը, դա է ռեժիմի կայունության եւ ապահովության խարիսխը։

Ինչպես որ օրինական, ժողովրդավարական իշխանությունն է նախանձախնդիր կերպով հետամուտ լինում իր ապահովության հիմքի՝ պաշտոնական օրենքների պահպանմանը, այնպես էլ ապօրինի, ավազակապետական իշխանությունն է հետամուտ եղել իր հիմքի՝ չգրված օրենքների, քրեական աշխարհի կանոնների պահպանմանը։ Ինչպես ամեն մի իշխանության, այնպես էլ ներկա ռեժիմի համար քայքայման ախտանշանը անիշխանական երեւույթներն են։ Տասնյակ դեպքեր կարող ենք հիշել, թե ինչպես է վարչախումբը անխնա պատժել այն յուրայիններին, ովքեր փորձել են խախտել հենց այդ չգրված օրենքները, ովքեր իրենց գործողություններով, թեկուզ ակամա, վտանգ են ստեղծել ռեժիմի համար։ Հիմա ավազակապետական ռեժիմի ներսում կարծես թե անպատիժ խախտվում են չգրված օրենքները,տեղի են ունենում անարխիայի տարրեր պարունակող երեւույթներ, եւ չի երեւում սանձահարող ձեռքը։

 Վերջին նախագահական ընտրություններում տեղի ունեցածը ներռեժիմային անարխիկ վիճակի դրսեւորումներց մեկն էր, ինչը հանգեցրեց նրան, որ ընդդիմադիր թեկնածուներից մեկի օգտին քվեատուփերում երեք անգամ ավելի շատ՝ հաղթանակ ապահովող քվեաթերթիկների քանակ հայտնվեց։ Այն ապօրինությունները, որ մի ժամանակ կատարվում եւ անպատիժ էին մնում, մեկնաբանվում էին որպես բարձրագույն իշխանության հովանավորության հետեւանք։ Եւ դա հստակ այդպես էր։ Հիմա շատ բան դժվար է այդ կերպ մեկնաբանելը կամ բացատրելը։ Շատ դժվար է ասել, թե, օրինակ, Սյունիքի նախկին մարզպետ Ս. Խաչատրյանի (Լիսկայի) վերջին պատմությունները հովանավորվել կամ քաջալերվել են Սերժ Սարգսյանի կողմից։ Ավելի շատ նման է, որ վերջինս այս դեպքում անուժ գտնվեց նրան պատժել հենց ռեժիմի ներքին օրենքների շրջանակներում, ինչպես, ասենք, մի ժամանակ պատժեց Ռ. Հայրապետյանին (Նեմեցին)։ Չի բացառվում, որ նույնպիսի մի փաստ է նաեւ Տ. Սարգսյանի օֆշորային պատմությունը, ինչի մասին Ս.Սարգսյանն այդպես էլ բառ անգամ չասաց։ Նույն կերպ՝ դժվար է վստահ ասել, թե, օրինակ, Ծածկած շուկան ավերվել է Ս. Սարգսյանի «դաբրոյո՞վ», թե՞  նա ստիպված է եղել համակերպվել։ Եթե ոչ անարխիայով, ուրիշ ի՞նչ կերպ բացատրել Բաղրամյան 26-ից նախաձեռնված քարոզչական մեղկությունը, կամ՝ որ երկրի առաջին դեմքն ավելի քան մեկ շաբաթ կարող է «անհետ կորչել»։ Եւ վերջապես, նախագահական ապարատի որդեգրած քարոզչական հնարքը («բարի» Սերժը «չար» օլիգարխների դեմ) արդյոք հենց ռեժիմի ներսում տարածվող անարխիկ երեւույթները սքողելու, դրանց ինչ-որ բացատրություն տալու նպատակ չունի՞ առաջին հերթին։

Հասկանալի եւ ակնհայտ է, որ անիշխանական երեւույթները կոռուպցիոն բուրգի, ավազակապետական իշխանության համար շատ ավելի վտանգավոր են։ Ի տարբերություն օրինակարգ, օրինական իշխանության՝ կոռուպցիոն բուրգի, ավազակապետական իշխանության համար կործանարար անարխիկ երեւույթները անխուսափելիորեն պիտի առաջանան։ Այս դեպքում ամենազգայուն շերտը գործարար աշխարհն է, որ առաջինն է զգում իրեն սպառնացող վտանգները։ Նա վտանգվելու է ավելի շուտ եւ ավելի շատ, քան հասարակության մյուս խավերը, եթե անարխիկ երեւույթները խորանան եւ չկանխվեն հասարակական հակազդեցությամբ։ Իսկ հասարակական այդ հակազդեցությունը, որը կարող է երկիրը փրկել անիշխանության արհավիրքներից, այն համաժողովրդական քաղաքական պայքարն է, որի հաղթանակը պսակվում է օրինակարգ իշխանության ձեւավորմամբ, ժողովրդավարության   հաստատմամբ։ Դա ընդունված է կոչել բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն, որի հիմնական ու ամենաշահագրգիռ շարժիչ ուժերից մեկն է դառնում անարխիկ երեւույթների պայմաններում ամենավտանգված գործարար խավը։

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի վերջին հույսը’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականը մեկնեց Ալբանիա’