‘Խմբագրական. Անվտանգության թիվ մեկ երաշխիքը’

1399

Եթե մեկը որոշի, Երևանից դուրս գալով, գնալ Մասիս սարի ուղղությամբ դեպի հարավ, ապա անցնելով թուրք-իրանական սահմանի երկայնքով` ուշ թե շուտ կհասնի Հյուսիսային Միջագետք՝ Իրաքյան Քրդստանի տարածք, իսկ այնտեղից էլ շարունակելով ճանապարհը նույն ուղղությամբ՝ Բաղդադ` մի երկրի մայրաքաղաք, որտեղ այսօր, հենց այս պահին հազարավոր ոչ մահմեդականների՝ եզդիներին, ասորի քրիստոնյաներին պարտադրում են կրոնափոխ լինել, իսկ հրաժարվողներից շատերին՝ սպանում (մեզանում աղմուկ բարձրացվեց հիմնականում եզդիների շուրջ, բայց պետք չէ մոռանալ նաև Իրաքի քրիստոնյաների մասին, և ի դեպ` նույն սունի ծայրահեղ իսլամիստների կողմից հալածանքների են ենթարկվում` ընդհուպ մինչև զանգվածային սպանություններ, նաև տեղի շիա մահմեդականները): Ողբերգության վայրն այնքան էլ հեռու չէ Հայաստանից, որքան գուցե շատերս պատկերացնում ենք՝ մի երկու պետական սահման և մի երկու խոշոր լեռնաշղթա այն կողմ է:

Իրաքում այսօր տեղի ունեցող դեպքերն այն շարքից են, որոնց մասին հաճախ ասում ենք. «Ինչպե՞ս կարող է նման բան տեղի ունենալ մեր քաղաքակիրթ դարում»: Իրականությունը, սակայն, դաժան է, և ամեն հերթական սերնդի, որը վստահ է, թե «մեր օրերում նման բաներ այլևս հնարավոր չեն», ապացուցում է, որ հնարավոր է ամեն բան: Ավելին, կրոնափոխության սպառնալիքը, մարդկանց զանգվածային ոչնչացումը կրոնական հողի վրա` ինչ-որ տեղ նույնիսկ «նորույթ է», «մոդայիկ» միտում է դառնում իսլամական աշխարհի որոշ կետերում: Համենայն դեպս, արաբական երկրներում (չհաշված, թերևս, Սաուդյան Արաբիայի կամ Սուդանի պես երկրները) նման դեպքեր կարծես վաղուց չեն գրանցվել, և խոսքը ոչ միայն համեմատաբար «թարմ» վաղուցի, ասենք` 20-րդ դարի, այլև ավանդական իսլամի գերակայության շրջանի, ասենք՝ ուշ միջնադարի մասին է: Սա նշանակում է, որ հասարակությունները երբեք չպետք է ընկնեն անհոգության գիրկը՝ ենթադրելով, որ վատագույն սպառնալիքների ժամանակը մնացել է «վայրի» անցյալում: Բացի այն, որ սունի ծայրահեղականների կողմից այս պահին վերահսկվող Միջագետքի և Ասորիքի (Իրաքի և Սիրիայի) մասերում հալածանքների են ենթարկվում ոչ մահմեդականները և ընդհանրապես ոչ սունիները, պետք է փաստենք նաև, որ աշխարհում չկա, մեծ հաշվով, որևէ ուժ, որը բավականաչափ ցանկություն, իսկ ցանկության դեպքում էլ՝ հնարավորություն ունենա իրապես փրկելու փոքրաթիվ այդ համայնքները փաստացի ցեղասպանությունից: Այս ամենը մեծ հաշվով տրիվիալ փաստումներ են, բայց հաճախ իմաստ ունի հիշեցնել հենց նման փաստումները, որոնք հեշտ են մոռացվում հենց իրենց տրիվիալ լինելու կամ թվալու պատճառով:

Ավելորդ է, թերևս, հիշեցնել, որ հայաստանցիներիս համար այս թեման վերացական և պարապ խոսակցություն չէ: Խոսքն անցյալի մասին չէ միայն, այլև ներկայի: Մենք երբեմնի ծաղկող քրիստոնյա կամ գուցե ասենք` ոչ մահմեդական Մերձավոր Արևելքի վերջին բեկորը կարող ենք համարվել. Վերջինը` որպես սեփական պետություն ունեցող ազգ: Իհարկե, անկախ պետություն ունենալն ինքնին կարևոր երաշխիք է մեր անվտանգության համար, բայց հասկանում ենք, որ դա բացարձակ պաշտպանություն չէ, այն էլ` հաշվի առնելով մեր պետության ներքին բոլոր թերիները: Մերձավոր արևելյան ահագնացող անկայունությունն իր դժվար կանխատեսելի ընթացքով և 21-րդ դարում «անհնարին» սպառնալիքներով մոտենում է մեր սահմաններին, ընդգրկում ավելի մեծ տարածքներ և արդեն անմիջականորեն ներգրավել է իր շրջանակում մեր ազգակիցներին, եթե հիշենք միայն սիրիահայերին, որոնք ներկայումս նաև Իրաքի հյուսիս-արևմուտքում գործող Իրաքի և Լևանտի իսլամական պետություն խմբավորման առաջին զոհերից էին,  չմոռանալով նաև, որ Իրաքում էլ դեռևս հայեր ապրում են: Մենք շարունակում ենք «կիսասառը» պատերազմի մեջ գտնվել Ադրբեջանի հետ, չկարգավորված հարաբերություններ ունենալով նաև Թուրքիայի հետ: Այս ամենը նշանակում է, որ Աստված չտա, բայց այսօր Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին, այդ թվում հայերին, ինչպես նաև ոչ քրիստոնյա եզդիներին սպառնացող վտանգը մեզ համար էլ է ակտուալ, թեկուզ և որպես ոչ անմիջական սպառնալիք: Գիտենք և չպետք է մոռանանք, որ դեպքերի զարգացման վատագույն տարբերակում մեր հարևանները մեզ չեն խնայելու, ու կարող է նաև այնպես պատահել, որ դրսից ոչ մի պաշտպան չունենանք: Չեմ ուզում ավելորդ վախճանաբանական տրամադրություններ խրախուսել, բայց ֆիզիկական գոյության վտանգը դեռևս արդիական է Հայաստանում ապրող հայերի համար էլ:

Մեր պատասխանն այս սպառնալիքին միայն մեկը կարող է լինել՝ հնարավորինս ուժեղացնել մեր պետությունը՝ մեր անվտանգության թիվ մեկ և հիմնական երաշխիքը: Պատմական փորձը ցույց է տվել, որ օտար տերությունները` թեկուզ և դաշնակից, չեն կարողացել երաշխավոր լինել հայերիս անվտանգության, նույնիսկ ֆիզիկական գոյության իսկ: Իսկ մեր պետության ուժեղացման հիմնարար ճանապարհը մեր ներքին խնդիրների լուծումն է: Որևէ պետություն կարող է ունենալ ուժեղ բանակ, բայց միայն բանակը չի կարող լինել անվտանգության վերջնական երաշխիք: Մեզ պետք է արագ զարգացող, առաջընթաց ապրող Հայաստան, իսկ դրա համար անհրաժեշտ է վերացնել քաղաքական և տնտեսական մենաշնորհները, որոնք խեղդում են մեր երկիրը, արգելում են մեր ժողովրդի ստեղծագործ ուժերի դրսևորումը, վերածում են մեզ մարդկային ուժ և տաղանդ արտահանող կիսագաղութային տարածքի: Մենք պարզապես պարտավոր ենք ապահովել զարգացում, որպեսզի մասամբ լուծվի գոնե ժողովրդագրական խնդիրը՝ ցանկացած պետության գոյության և անվտանգության հիմքը, որպեսզի հայերը ոչ թե լքեն Հայաստանը, այլ ինչ-որ պահից սկսեն վերադառնալ: Ավելին, մի օր գուցե Հայաստանը դառնա ցանկալի երկիր ոչ միայն հայերի, այլև հենց նույն Մերձավոր Արևելքի քրիստոնյաների և այլ փոքրաթիվ ոչ մահմեդական համայնքների համար (ի վերջո, Հայաստանն արդեն տուն է դարձել ե՛ւ եզդիների մի մասի, ե՛ւ ասորիների փոքր հատվածի համար): Այս ամենին հասնելը, թերևս, այնքան բարդ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Մեծ հաշվով` պետք է ընդամենը լավ կազմակերպում, օրինականության ապահովում և հասարակության բոլոր անդամների համար հնարավորինս հավասար պայմանների ստեղծում: Ոչ մի  ժողովուրդ էլ լավը կամ վատը չէ, հարցը միայն կառավարման որակն է: Վաղուց արդեն պարզ է, որ այսօրվա իշխող խումբը չի կարող ապահովել այդ որակի նույնիսկ նվազագույն ընդունելի չափը և նպատակ էլ չունի երկիրն իրապես զարգացման ուղի դուրս բերելու՝ գոնե մասամբ հրաժարվելով իր մենաշնորհային դիրքերից քաղաքականության և տնտեսության մեջ: Հասարակությունն ինքը պետք է լուծի այդ խնդիրը, պարտադրի ներկա և որևէ ապագա իշխանությանը` հաշվի նստել մեծամասնության շահերի հետ: Սա է մեր անվտանգության թիվ մեկ երաշխիքը:

Հրանտ Տեր-Աբրահամյան 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանի դիվերսիայից տուժած երեք զինծառայողներ շարունակում են բուժումը’
Հաջորդ հոդվածը‘Իսպանիայի Սուպերգավաթի համար «Ռեալ»-ի ու «Ատլետիկո»-ի հանդիպումը խաղաղ ելք ունեցավ (տեսանյութ)’