‘Խմբագրական. Աշխարհի կենտրոնը Մոսկովը չէ’

2011

88-ին, երբ մեր անթեղած տենչանքները հանել էինք մաքուր օդ ու յոթանասուն տարվա փոշի-կեղտը թափ էինք տալիս վրայից, և երբ հայաստանյան ռուսախոս հատվածը, կարծես, սկսել էր գիտակցել, որ օտար լեզու լավ սերտելու պայմանն ամենևին էլ հայոց լեզվի նկատմամբ քամահրանքը չէ, ահա՛ այդ ժամանակ ո՞ւմ մտքով էր անցնում, որ ինքնիշխան Հայաստանի քսանամյա կենսագրությունից հետո կրկին մեր պետական լեզուն պաշտպանության կարիք է զգալու:

Սխալվում էինք, եթե կարծում էինք` ոչ մեկի մտքով չէր անցնում: Մտքով անցկացնողները պարզապես լուռ էին: Լուռ էին, որովհետև ժամանակները «բարենպաստ» չէին, պետության կառուցման առաջամարտիկների մեծամասնությունն իրենց «բակից» չէր: Իրենց «բակում» շարունակում էին կարոտել սովետների երկիրը, և քանի որ իրենց «բակի» գրագետները Դոստոևսկի ու Տոլստոյ բնագրով էին կարդացել կամ թերթել, վստահ էին` դա ռուսական դպրոցի շնորհիվ էր: Եվ իրենց այդ «աստվածատուր առանձնահատկության» վրա զարմացած` տեղյակ չէին և ցանկություն էլ չունեին տեղեկանալու, որ Չարենց ու Մաթևոսյան բնագրով չկարդացած լինելն էլ ռուսական դպրոցի դառը հետևանք է, և հայկական դպրոց ավարտած ընթերցասերն իրենցից ոչ պակաս, եթե ոչ ավելի` Դոստոևսկուն ու Տոլստոյին էլ է բնագրով կարդացել, Բունինին ու Ստալինի սրտակից ընկեր Գորկուն էլ: Ռուսական դպրոցներում դրա մասին լռել էին ու նաև չէին ասել ամենակարևորը. եթե մարդը կարդալու ձգտում չունի` ո՛չ ռուսական դպրոցը կդարձնի նրան գրքասեր, ո՛չ հայկական, ո՛չ էլ ճապոնական:

Սովետներից  ժառանգած մի շարք մոլորություններից այս մեկը հենց այդտեղից էր սկսվել: Ավելին, հենց այդ նույն մարդկանց տարիներ շարունակ համոզել էին, որ Պուշկին-Լերմոնտով-Մայակովսկի չկարդալը շատ ամոթ բան է, իսկ Չարենց-Տերյան-Մեծարենց կարդալը` հետամնացություն: Սա` լավագույն դեպքում: Լավագույն դեպքն էլ այն է, որ գոնե տեղյակ էին այս բանաստեղծների գոյության մասին:

Եվ այսպես, այս մարդիկ լուռ սպասում էին` հուսալով, որ մի օր կգան «բակի» տղերքն ու իրենց հովվերգությունը խախտած «հետամնացներին» նորից արժանի տեղը կնստեցնեն:

Եկան: Ավելի ճիշտ` ներխուժեցին: Հայ գրականությունից եթե մի բան էին կարդացել, ապա այդ բանը ռուսագիր Զորի Բալայանի անծայրածիր գրագրություններն էին, բայց դա չխանգարեց, որ սկսեն աջուձախ բռերով շքանշաններ բաժանել այն հայ մեծերի անուններով, որոնց մասին հենց այդ շքանշանների գոյության շնորհիվ էին լսել: Ականջի պոչով: Մինչև հիմա էլ բաժանում են: Բաժանում են հայ գրողներին (արժանի, թե անարժան)` բացարձակ գաղափար չունենալով, թե այս մարդիկ ինչ են գրել, նկարիչներին են բաժանում` կտավի շրջանակի փայլը տնտղելով, թատրոնի ու կինոյի գործիչներին` «Խաթաբալադա»-յական և Գոռի մարտաֆիլմերի չափուձևով:

Եվ կամաց-կամաց, սկզբում` մի քիչ անվստահ, հիմա` վերջին շրջանում` անթաքույց լկտիությամբ, իր ծակուռից սկսել է գլուխը հանել «նորին մեծություն» քաղքենին: Ոգևորված է: Վստահ է, որ վերադարձել է իր ժամանակը:

Գաղտնիք չէ, չհաջողվեց օտարամոլության ախտն արմատախիլ անել Հայաստանում. նախկինները չհասցրին, հաջորդները սկսեցին առատորեն ջրել ճլորած արմատի մնացորդները և ձեռքները շփելով սպասում են առատ բերքին:

Սին սպասում է: Մի շատ էական իրողություն անտեսվել է ու շարունակում է անտեսվել: Հայաստանում օտարամոլությունն այլևս մեն-միակ արմատ չունի: Հիմա մեկը տերտերին է սիրում, մյուսը` տերտերի կնոջը: Եվ եթե մի օր այս հարցում հակադիր տեսակետների բախում լինի` բախվողները, այսպես ասած, ռուսախոսներն ու հայախոսները չեն լինելու: Հիմա Հայաստանում միայն ռուսերենին տիրապետողները չեն բնագրով ընթերցում. մեկն անգլերեն Սելինջեր է կարդում, մյուսը ֆրանսերեն` Քամյու, երրորդն իսպաներեն` Մարկես, չորրորդը գերմաներեն` Բրեխտ… Եվ այս մարդկանցից շատերը, ի տարբերություն սովետի տարիներին մաշտոցյան տառերից հոգեկան ցնցումներ ունեցողների` հայերեն էլ Նարեկացի են կարդում:

Հայաստանի Հանրապետությունում մի նոր սերունդ է ձևավորվել ու ձևավորվում, որի համար երբևէ աշխարհի կենտրոնը Մոսկովը չի եղել ու չի էլ լինելու: Եթե նույնիսկ օտարամոլ են, ապա հողագնդի տարբեր անկյուններում Մոսկվայից ոչ պակաս գայթակղիչ «կենտրոններ» կան, որոնց մասին քաջատեղյակ է նոր սերունդը: Իսկ եթե օտարամոլ չեն` այս սերնդի միայն քմծիծաղը կարող են շարժել Հայաստանի պետական լեզվի նկատմամբ ոտնձգություն անողների ուշացած ծամածռությունները:

Ասվածը չի նշանակում, որ պետք չէ պայքարել օտարամոլության դեմ, բայց վտանգի չափն էլ ուռճացնել չարժե. հայերենին աղքատ ազգականի կարգավիճակում տեսնելու ցանկություն ունեցող զանազան աշոտյաններն ու սերժիկսարգսյանները գուցե անհատակ ստորաքարշությամբ մի քիչ էլ կերկարացնեն իրենց պաշտոնավարման շրջանը, բայց պատմության անիվը ետ շրջել չեն կարող: Ո՛չ Ռուսաստանն է նախկինը, որքան էլ ջղաձիգ շարժումներ անի` «երանելի կայսրությունը» վերականգնելու համար, ո՛չ էլ հնարավոր է խաբել նոր սերնդին, որ ռուսաց լեզուն է միակն ու անկրկնելին:

Նախորդ հոդվածը‘ Նոյեմբերի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘«Պահանջում ենք ոստիկանապետի հրաժարականը». Վաղը` երթ դեպի Բաղրամյան 26’