‘Խմբագրական. Ապրում ենք` ինչքան որ կապրվի’

2296

Դժվար է ասել` հողագնդի վրա քանի երկիր կա, որի բնակիչները քնում-արթնանում են`մազաչափ անգամ պատկերացում չունենալով, թե ինչ է սպասվում իրենց այն հաջորդ առավոտը, երբ, Աստծո կամքով, նորից կարթնանան: Բայց որ մենք հաստատապես համալրել ենք այդ երկրների շարքերը մեր «հպարտ» ներկայությամբ` սա նույնպես դժվար է հերքել:

Հաղորդակցվում ենք իրար հետ, ծիծաղում ու արտասվում ենք, սիրում ու ատում ենք, ուտում ու խմում ենք` ապրում ենք: Կարծես: Միաժամանակ, ուզենք թե չուզենք, տեսնում ենք, որ Հայաստանի ապագայի գլխին կախված անորոշության ամպը ժամ առ ժամ մեծանում է: Եվ եթե այսպես է մտածում մեր երկրի շարքային քաղաքացին, եթե կտավի առջեւ նստած նկարիչը կամ շուկայում խնձոր վաճառողը չգիտի, թե ինչ է լինելու հաջորդ օրը, սա կարելի է բացատրել հազարումի ձեւով. հուսահատություն է, հավատի բացակայություն է, ապատիա է, դեպրեսիա է, ու սրանց նման հազար ու մի բան: Պատճառներն էլ են հազարումի` անարդարության ու ապօրինության գերիշխանություն, սոցիալական ծանր վիճակ, պատերազմի վերսկսման վտանգի հանդեպ վախ… Կարելի է էջեր լցնել այն մասին, թե ինչու է Հայաստանի քաղաքացին ապրում` չապրելու նման, վախը` սրտում, մի ձեռքը` սրտին, մյուսը` ճամպրուկին:

Իսկ եթե պետության, այսպես կոչված, ղեկավարն է քնում-արթնանում` պատկերացում չունենալով, թե ինչ է անելու հաջորդ օ՞րը: Օտարները գուցե ասեն` մի՞թե հնարավոր է: Հայաստանի քաղաքացին նման բան չի ասի, գիտի, որ հնարավոր է: Տեսնում է, որ հիմա՛ եւ այստե՛ղ` Հայաստանում, իշխանությունը զավթած եւ ամեն գնով, նույնիսկ` Հայաստանի պետականության կորստի գնով ատամներով պահող Սերժիկ Սարգսյանը գաղափար անգամ չունի, թե ինչ է անելու վաղը, էլ ինչ մնաց` իմանա, թե ինչ է անելու տասն օր կամ մեկ ամիս հետո:

Այն դառը հեգնանքը, թե այս պարոնը Մոսկվա ուղեւորվելիս` ինքնաթիռում, նույնիսկ Պուտինի դռան շեմին դեռեւս վստահ էր, որ հանդիպելու է Ռուսաստանի նախագահին եւ խրոխտ կեցվածքով (շատ դժվար է, բայց մի կերպ զսպեք քրքիջը) հայտնելու է, որ Հայաստանը Մաքսային միություն մտնելու նպատակ չունի, բայց քաջություն չունեցավ իր «շեֆի» առաջարկը մերժել, որովհետեւ կոմսոմոլական մամլիչի տակից դուրս եկածները սովորաբար «շեֆերին» չեն հակաճառում, օրեցօր ճշմարտանման է դառնում: Հո իզու՞ր չէին ապշահարվել «միամիտ» եվրոպացիներն ու Սերժիկ Սարգսյանի հետ «լուսապայծառ» հույսեր կապող եւ նրա հետ թեւանցուկ եվրոպացի դառնալու հույսեր փայփայող մի խումբ Հայաստանի քաղաքացիները: Սրանք էլ էին վստահ, որ Սերժիկ Սարգսյանը հաստատակամորեն ճամփա է ընկել «ասոցացվելու» Եվրոպային: Ինչո՞ւ: Իր ո՞ր խելամիտ եւ ազնիվ արարքի համար էր այս մարդկանց «եվրոպական» հոգիները հմայել այս պարոնը` իրենք կիմանան, մեղքն էլ` իրենց վիզը:

Հիմա ի՞նչ ունենք: Կատարված փաստ, որ «արեւմտամետ» փոքրիկ բռնակալի ռիսկը չբավականացրեց, որ իր` էլ դու սուս եվրոպացի լինելու մասին բարձրաձայնի Պուտինին երես առ երես, եւ ահա Հայաստանը հայտնվել է մի ամոթալի իրավիճակում, երբ Եվրոպային թիկունք արած Սերժիկ Սարգսյանին հիմա էլ խամաճիկի պես մատների վրա խաղացնում է Ռուսաստանը: Համաձայնությունը ստացել են, բայց հիմա էլ գցում-բռնում են` Սերժիկի խնդրանքը հարգեն ու թույլ տա՞ն, որ Հայաստանը Մաքսային միություն մտնի, թե՞ եղբայրական Ադրբեջանին չնեղացնեն:

Ի տարբերություն «գերհոգնած եւ քնի կարոտ» Սերժիկ Սարգսյանի՝ արհեստավարժ չեկիստի նման տասն անգամ չափող եւ մեկ անգամ կտրող, մշտապես զգոն Պուտինը նախապես չգիտե՞ր, որ Ադրբեջանը դժգոհելու է, եթե Հայաստանը մտնի Մաքսային միություն: Մեղմ ասած` դժվար թե: Ուրեմն, ի՞նչ է ստացվում. ստացվում է սա` վերադաս Վլադիմիր Վլադիմիրովիչն իր ստորադաս Սերժիկ Ազատովիչից համաձայնություն կորզեց, որ հետո նրա քթի տակ թափահարի Մաքսային միության պայմանագրում առկա պարտավորությունները: Եվ ուրեմն, գասպաձին Սյեռժ Ազատըվիչ, բա Ղարաբաղի «օկուպացված» տարածքների հարցը ո՞նց ենք լուծելու:

Գիտի՞ Սյեռժ Ազատըվիչը, թե ոնց ենք լուծելու: Գիտե՞ն Սյեռժ Ազատըվիչի կամակատար ստրուկները, թե ոնց ենք լուծելու: Գիտե՞ն, թե ոնց ենք լուծելու Ղարաբաղի հարցը նրանք, ովքեր իրենց ընդդիմադիր են հորջորջում, բայց Հայաստանը փակուղի մտցրած Սերժիկ Սարգսյանին ու նրա հանցախմբին մոռացած`իրենց չսիրած ընդդիմադիր ուժի դեմ են պայքարում:

Իսկ Հայաստանի շարքային քաղաքացիները գիտե՞ն…

Տեսականորեն՝ բոլորն էլ գիտակցում են, որ Հայաստանում կուտակված բոլոր խնդիրների լուծման ուղիները հնարավոր է գտնել կամ գոնե փնտրել միայն մի դեպքում, եւ այդ դեպքի անունն է` անհապաղ իշխանափոխություն: Սակայն մեկն իր կուտակած թալանն է պինդ-պինդ գրկել, մյուսն` իր ողորմելի աթոռը, երրորդը`դարս-դարս կուտակած մաղձը` «ոչ ինձ, ոչ քեզ» ամրակուռ նշանաբանով, չորրորդն` իր անբուժելի վախը…

…Իսկ մեր պետության գլխին կախված անորոշության ամպը մեծանում է ու մեծանում, եւ Հայաստանի քաղաքացիներս շարունակում ենք ծիծաղել ու արտասվել, սիրել ու ատել, ուտել ու խմել: Ապրում ենք: Ինչքան որ կապրվի:

 

Նախորդ հոդվածը‘Այսօր` հոկտեմբերի 30-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ն երկարացրել է սահմանափակումների ժամկետը Բելառուսի նկատմամբ’