‘Խմբագրական. Առա՛ջ՝ դեպի անապահով սահման’

2434

Սահմանամերձ գյուղերում տիրող իրավիճակը, անշուշտ, անհանգստացնում է բոլորին: Դե, կամ` գրեթե բոլորին: Որովհետև այս թեմայով կարծես բոլորն են խոսել ու արտահայտվել, ներկայացրել իրենց տեսակետները: Բայց խնդիրն այդպես էլ լուծում չի ստանում, քանի որ ամեն մեկը խնդրի լուծման մի տարբերակ է տեսնում: Իսկ, ահա, իրավիճակի գլխավոր պատասխանատուն չի տեսնում դրանցից և ոչ մեկը:

Եւ իրոք, հատկապես սահմանամերձ գյուղերում տիրող իրավիճակը քիչ թե շատ բարելավելու տասնյակ տարբերակներ կարելի է մտածել՝ սկսած նրանից,  որ պետք է ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ, որպեսզիմարդիկ, նախ,  չլքեն այդ գյուղերը, և ապա նաև՝ այնպիսի պայմաններ, որ դեռ մի բան էլ` գնացածները վերադառնան: Սկսած անվտանգության մեխանիզմների ամրացումից, վերջացրած` տնտեսական, կենցաղային այնպիսի պայմանների ապահովմամբ, որոնց արդյունքում սահմանամերձ շրջանները դադարեն լինել այն «վախենալու» կամ «վտանգավոր» տեղը, որտեղ ոչ միայն ապրելը, այլև հյուր գնալն անգամ համարվում է էքստրիմ:

Ավելի էժան ու մատչելի ծառայություններ, ավելի էժան գազ, էլեկտրաէներգիա, ինտերնետ կապ, հեռախոսակապ, ցածր գներ, տնտեսական, հարկային, վարկային արտոնություններ, զրոյական հարկեր և այլն, և այսպես շարունակ: Այսինքն՝ այնպիսի պայմանների ապահովում (ընդ որում՝ շա՛տ ավելի լավ պայմանների, քան անգամ մայրաքաղաքում է), որոնք արմատապես կփոխեին իրավիճակն այդ տարածքներում:

Բայց՝ չէ: Ինչպե՞ս կլինի` հարկային արտոնություններ տան, էժան ծառայություններ մատուցեն, բա որ մարդիկ սկսեն բարեկեցիկ կյանքո՞վ ապրել, ավելի անկա՞խ լինել, բա որ հետո չկարողանա՞ն նրանց բարեկեցությանը փայ մտնել, ընտրություններին մի քիչ ընտրակաշառք բաժանել, կամ էլ իրենց պարտականությունների մի չնչին մասը տեսախցիկների առաջ կատարելով` PR անել: Չէ, բա ո՞նց կլինի` նման բան անեն: Ու հետո՞ ինչ, որ Սերժ Սարգսյանը «մեռավ» իր նախընտրական ծրագրերում գրելով, թե «տարածքների համաչափ զարգացումը շարունակելու է մնալ մեր քաղաքական օրակարգի առաջնահերթությունը», թե «սահմանամերձ և սոցիալապես խոցելի համայնքների համար իրականացնելու են հստակ օժանդակության ծրագրեր, ներդնելու են գույքահարկի արդարացի համակարգ։ Ենթակառուցվածքների ոլորտում ապահովելու են ներդրումների առաջանցիկ տեմպը»:

Այդ ամենը կարևոր չէ, որովհետև դրանք ընդամենը նախընտրական խոստումներ են՝ գրված թղթի վրա, որոնք կորցնում են իրենց ուժը ընտրությունների ավարտից հետո: Կարևորն այն է, թե այս կամ այն խնդրի մասին իրականում ինչ են մտածում իշխանությունները, ինչ մոտեցումներ ունեն իրականում, որովհետև փորձը ցույց է տալիս, որ ինչքան էլ նախընտրական խոստումներ գրեն, հետո սովորաբար անում են այնպես, ինչպես մտածում են իրականում: Իսկ սահմանամերձ գյուղերի հարցում Սերժ Սարգսյանի մոտեցումները, մեղմ ասած, սահմռկեցուցիչ են, որքան էլ որ հիմա Հանրային խորհրդի անդամները, բերաններին փրփուր առած, աջ ու ձախ հարցազրույցներ տան ու պատմեն, թե որքան շատ, անասելի շատ մտահոգ է Սերժ Սարգսյանը սահմանամերձ գյուղերի հարցով:

2012 թվական, մայիս ամիս, Երևան, հանդիպում մտավորականության հետ: Սերժ Սարգսյանը պատասխանում է սահմանամերձ գյուղերի վերաբերյալ` հանդիպման մասնակիցներից մեկի հարցին.

«Ես այդպիսի մեծ պրոբլեմ չեմ տեսնում, երբ որ խոսում են լեռնային գյուղերի մասին, խոսում են դատարկվող գյուղերի մասին, չգիտեմ այդ պրոբլեմը ինչքան է ակտուալ, որովհետև մարդը այսօր, ապրելուց լինի գյուղում թե քաղաքում, ուզում է կյանքի համար լավ պայմաններ, և եթե այսօր կա մի գյուղ, որտեղ ապրում է 5-6 հազար մարդ, որն ապահովված է ոռոգման ջրով, խմելու ջրով, դպրոցները վերանորոգված են, մանկապարտեզ կա, ես կնախընտրեի, որ 7 կիլոմետր վերև ապրող 10-12 ընտանիքը իջներ այդտեղ, այս մի գյուղում ապրեր, մինչև կկարողանանք այն վերևի գյուղ էլ գազ քաշենք, կամ դպրոց կառուցենք։ Պրոբլեմները այնքան շատ են, որ այդպիսի բաների մասին մտածելը դեռևս շատ վաղ է։ Այսինքն, եթե Երևանի դպրոցը չի ջեռուցվում, մենք ի՞նչ հնարավորություն ունենք գնանք սահմանամերձ գյուղում այնպիսի պայմաններ ստեղծենք, որ մենք վեր կենանք գնանք այնտեղ ապրենք։ Մենք պետք է կենսական պրոբլեմների մասին առաջին հերթին մտածենք»:

Հ.Գ. Շատերը կասեն` սա դասական գավառական մոտեցում է, մարդը, որ երկար տարիներ ապրել է մայրաքաղաքից հեռու, միշտ երազել է լինել մայրաքաղաքի բնակիչներից մեկը, հետևաբար՝ կարծում է, թե հենց մայրաքաղաքն է «աշխարհի» կենտրոնը, երկրի մյուս բոլոր շրջանները պետք է աշխատեն մայրաքաղաքի բարեկեցությունն ապահովելու համար: Իրականում, սակայն, սա վաղուց արդեն գավառականություն չէ: Սա սովորական հանցավոր քաղաքականություն է, որի համար վաղ թե ուշ պետք է պատասխանատվության ենթարկվեն: Բոլո՛րը:  

Քրիստինե Խանումյան

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում կանցկացնի ԼՂՀ Մարտունու շրջանում’
Հաջորդ հոդվածը‘Նման գնդակոծություն դեռևս չէր եղել. Բերքաբերի գյուղապետ’