‘Խմբագրական. Առաջին աշխարհամարտը շարունակվում է’

2054

Հուլիսի 28-ին լրացավ Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակը: Առաջին համաշխարհայինը միայն հուշ չէ ո՛չ աշխարհի, ո՛չ էլ հայերիս համար: Կարելի է ասել, որ չնայած 100 տարվա մեջ եղած ահռելի փոփոխությունների, մենք դեռևս ապրում ենք Առաջին համաշխարհայինի հետևանքների մեջ, այդ պատերազմի արդյունքում ստեղծած աշխարհում: Այդ իմաստով նույնիսկ Երկրորդ համաշխարհայինը, որքան էլ կարևոր դեր կատարեց պատմության մեջ, բայց մեծ հեռանկարից դիտած՝ այն ընդամենը Առաջինի շարունակությունն էր, յուրահատուկ «ռեմիքսը», և իր քաղաքական, մշակութային և այլ հետևանքներով ոչ այնքան հեղաշրջեց, որքան հաստատեց, ամրապնդեց և զարգացրեց Առաջինի արդյունքները: Կարելի է նույնիսկ ասել, որ թեև այդ՝ արդեն հեռավոր դարաշրջանի իդեալները վաղուց կորցրել են իրենց հմայքը, խոսքերը մաշվել են, գաղափարները պատառիկ են դարձել, սակայն այդ օրերից ի վեր արմատապես նո՛ր բան մարդկությունը դեռ չի ասել, և այդ պատճառով էլ մեր օրերի շատ խնդիրներ հասկանալու համար անընդհատ ստիպված ենք լինում վերադառնալ դարասկզբի փոթորկալից օրերին՝ նկատի ունենալով ե՛ւ բուն աշխարհամարտի, ե՛ւ նրան նախորդող և հաջորդող մի քանի վճռական տարիները: Եթե աշխարհն էլ մոռանանք, միայն հայերիս համար որքա՜ն բախտորոշ է եղել 1908-1922 թթ. միջև ընկած ժամանակահատվածը: Եվ ո՞վ կարող է ասել, թե հաղթահարել ենք այդ շրջանից ժառանգած ոչ միայն խնդիրները, այլև թեկուզ միայն բարդույթները: Պատահական չէ, ուրեմն, որ պատմության դասագրքերում նորագույն, այսինքն՝ ժամանակակից շրջանը սկսվում է Առաջին աշխարհամարտից, իսկ որոշ հետազոտողներ էլ համարում են, որ ոչ թե օրացուցային, այլ փաստացի՝ 20-րդ դարը սկսվում է 1914-ի հուլիսի 28-ից: Ու դեռ հարց է, թե արդյո՞ք ավարտվել է օրացուցային 20-րդ դարը, թե՞ դեռ շարունակվում է: Համենայն դեպս՝ հայերիս համար, քանի դեռ չեն լուծվել դարասկզբին դրված խնդիրները՝ արդիականացում, անկախ ազգային պետության կայացում՝ այդ դարն ավարտված համարել չի կարելի:

Արյունոտ պայքար սանտիմետրերի համար

Փոքր քնարական զեղում. առաջին համաշխարհային պատերազմը տարօրինակ ձգողականություն ունի: Ռազմական տարեգրության տեսակետից այն լիակատար հակադրությունն է, օրինակ, Նապոլեոնյան և առհասարակ 19-րդ դարի պատերազմների (որոնց փորձի հիմա վրա էլ մշակված էր եվրոպական ռազմագիտությունը), նաև՝ Երկրորդ համաշխարհայինի, ուր տեղի էին ունենում հարյուր հազարանոց կամ միլիոնանոց բանակների արագ տեղաշարժեր, ամբողջ երկրների անկում՝ մի քանի օրվա կամ շաբաթվա մեջ, վճռական ելքով ճակատամարատեր և այլն: Առաջին համաշխարհայինում այս ամենից կան միայն միլիոնանոց բանակներ, բայց արագության և վճռական ելքի փոխարեն՝ կա միլիոնների գերմարդկային ջանքերի և զոհողությունների անարդյունավետությունը, որն էլ ստեղծում է ծանրության, անիմաստության պատկեր: Միլիոնները՝ եվրոպական առաջատար ազգերի երիտասարդության ծաղիկը, զոհվում էին մի քանի կիլոմետր առաջ գնալու կամ մի քանի երկրորդական դիրք գրավելու համար: Լավագույն ռազմական ուղեղները չկարողացան լուծել ճակատի ճեղքման, դիրքային պատերազմի փակուղու խնդիրը: Միապաղաղ, սառը, գորշ, անիմաստ 4 տարիներ, որոնցից արդյունքում ոչ միայն պարտվող, այլև հաղթող ազգերի մեծ մասը դուրս եկավ ոչ այնքան փաստացի շահույթով, որքան կորուստներով: Երևի հենց իր այդ անիմաստությամբ, անհասկանալիությամբ, տարօրինակությամբ, ինքնանպատակությամբ էլ ձգում է առաջին համաշխարհայինը՝ մարդկային ուղեղը փորձում է մարսել, իմաստավորել այդ պատմության մեծագույն անիմաստություն թվացողը:

Անկանխատեսելի կանխատեսելին

Դառնանք, սակայն, ոչ քնարական մասերին: Առաջին համաշխարհայինն ունի կարևոր մի դաս, որն արդիական է բոլոր ժամանակների ճգնաժամային քաղաքական իրավիճակների համար: Խոսքը նրա մասին է, որ առաջին աշխարհամարտն իր ժամանակի մեջ ամենականխատեսված և, միաժամանակ, ամենաանկանխատեսելի իրադարձությունն էր: Ինչպե՞ս: 1914-ից շատ առաջ հայտնի էր, որ եվրոպական մեծ տերությունների միջև վաղ թե ուշ պատերազմ է սկսվելու, հայտնի էր նաև հիմնականում, թե ո՛վ ո՛ւմ դեմ է կռվելու, հայտնի էին նույնիսկ կողմերի ռազմական ծրագրերի և զինակոչային պլանների մոտավոր գծերը: Այսինքն՝ կարելի է ասել, որ պատերազմն անակնկալ չէր, բայց, մյուս կողմից՝ այն կատարյալ անակնկալ էր մի քանի իմաստով: Նախ՝ ռազմագետներից որևէ մեկը մոտավոր իսկ կերպով չէր կանխատեսել պատերազմի երկարատև, դիրքային և աննախադեպ զոհաբեր բնույթը: Սպասում էին մանևրային արագ պատերազմ, իսկ ստացան չորս տարի անընդմեջ տևող, գրեթե սանտիմետրերի համար մղվող պայքար, պատային իրավիճակ: Նույնքան անօգնական դուրս եկան նաև քաղաքական առաջնորդները: Թվում էր, թե բոլոր երկրները տենդագին պատրաստվում էին պատերազմի, բայց ոչ մեկի ծրագրերի մեջ չէր մտնում դրա սկիզբը 1914-ին, ոչ ոք չէր նախապատրատվել հենց հատուկ այդ շրջանի համար, և ոչ ոք ի զորու չեղավ դիվանագիտական միջոցներով լուծել սերբ-ավստրիական ճգնաժամը, որից սկսվեց պատերազմը, և որի լուծումն այնքան էլ բարդ չէր:

Տարերային աղետ՝ քաղաքականության փոխարեն

Զարմանա՞նք այսքանից հետո, որ ժամանակի հայ վերնախավերն էլ համարժեք չգտնվեցին իրավիճակին: Պատերազմի վտանգի մասին նրանք էլ շատ լավ գիտեին, բայց պատերազմի սկիզբը նրանց համար էլ անակնկալ էր: Չնայած պատերազմը մեծապես առնչվում էր հայ ժողովրդի ճակատագրին, բայց մեր վերնախավերը նույնպես ո՛չ ծրագիր ունեին, ո՛չ էլ սառնասրտորեն գործելու կամք կամ քաղաքական հստակ առաջնորդում: Ավելորդ է ասել, թե ինչ դեր ունեցավ առաջին աշխարհամարտը հայերիս համար՝ ցեղասպանություն, Արևմտյան և Արևելյան Հայաստանների կորուստ, մյուս կողմից՝ անկախություն, հայրենիքի մի փոքր մասի հայացում՝ պետականության սաղմ, որը ցայսօր մեր միակ հույսն է:

Հայերիս պարագայում դեպքերը զարգացան, կարելի է ասել՝ տարերայնորեն՝ առանց մտածված ու ուղղորդված ծրագրի: Հայկական գաղութային վերնախավի ավելի հուզական, քան հաշվարկած նախաձեռնությամբ զարգացավ կամավորական շարժումը Կովկասյան ճակատում՝ հօգուտ ռուսական բանակի և ընդդեմ թուրքերի: Առաջատար քաղաքական ուժը՝ Դաշնակցությունը, նույնպես միացավ այդ շարժմանը՝ ի հեճուկս նույնիսկ սեփական իսկ Ընդհանուր Ժողովի լրիվ թարմ որոշման՝ պատերազմի դեպքում չեզոքություն պահելու վերաբերյալ, որովհետև Դաշնակցության մեծ մասը բաղկացած էր նույն գաղութահայ մտավորականությունից, որն արտաքուստ որդեգրել էր հեղափոխական գաղափարաբանությունը, բայց մեծ հաշվով մնում էր հին մտայնության կրող քաղքենին, որի համար ազգային իղձերի իրականցման ճանապարհը խաչակիր ֆրանկ զորքի հրաշափառ հայտնությունն էր: Միայն Դաշնակցության փոքրամասնությունը՝ Քաջազնունի, Տեր-Մինասյան և մի քանի այլք՝ դեմ դուրս եկան կամավորական շարժմանը, բայց նրանց ձայնն անզոր էր համընդհանուր ոգևորության մեջ: Քաղքենիական տարրի այդ ոգևորությունը, ինչպես լինում է նման դեպքերում,  շատ արագ փոխարինվեց նույնքան համընդհանուր հիասթափությամբ, երբ պարզ դարձավ պատերազմի երկարատևությունը և ռուս կառավարության իրական վերաբերմունքը հայկական կամավորների նկատմամբ: Արևմտյան Հայաստանը հայաթափվեց, Ռուսաստանը փլուզվեց, և Արևելյան Հայաստանն անկախություն ստացավ այն պարագայում, երբ հայ գործիչներից որևէ մեկը չէր նախատեսում և չէր պահանջում անկախություն Հայաստանի այդ հատվածի համար՝ սա էլ տարերայինի շարքից: Այնուամենայնիվ, Հայաստանի անկախացումը թեև անուղղակի, բայց արդյունք էր մինչ այդ ծավալված հայկական ազատագրական շարժման:

Հին խնդիրները չլուծված

Պատերազմի հետևանքները հակասական էին ոչ միայն հայերի, այլև աշխարհի համար: Պատերազմն ինքնին չարիք է և դժբախտություն, իսկ առաջին համաշխարհայինը, իր աննախադեպ զոհերով և նույնիսկ հաղթող և մեծ պետությունների համար կասկածելի շահույթներով՝ առավել ևս: Սա պարզ է, բայց մեդալի միայն մի կողմն է: Մեդալի մյուս կողմն այն է, որ պատերազմի կարիքներից դրդված՝ թռիչքաձև զարգացում ստացավ տեխնիկական առաջընթացը, ինչպես նաև բարձրացավ մինչ այդ առավել ստորադասված հասարակական խմբերի՝ բանվորների, կանանց դերը, և առավել պաշտպանված դարձան նրանց իրավունքները: Անդառնալիորեն փոխվեցին նաև մշակույթը, արվեստը, գիտական կաղապարները, էլ չասած՝ քաղաքականության մասին:

Բայց կարևորագույն իրողությունը մնում է առաջին համաշխարհայինի «անավարտությունը»: Իհարկե, որպես պատերազմ՝ այն վաղուց ավարտվել է, բայց չի ավարտվել այն ժամանակաշրջանը, որը սկսվել է 1914-ին, և անպատասխան են մնացել այն հարցերը, որոնք դրվել են, և որոնց լուծման փորձեր են արվել այդ շրջանում: Այդ պնդումն ուժի մեջ է թե՛ աշխարհի, թե՛ հայերիս համար: Հայաստանի մասին արդեն ակնարկեցինք վերը: Դեռևս 20-րդ դարասկզբին դրված խնդիրը՝ հայ հասարակության արդիականացումը, մնում է չլուծված ու անավարտ (ունեցանք սովետական շրջանի արդիականացման փլուզված փորձ): Արդիականացման խնդիր կա քաղաքականության, մշակույթի, հանրային գիտակցության, հասարակական հաստատությունների, տնտեսության և այլ ոլորտներում: Արդիականացման խնդիրն իր էությամբ համընկնում է արդյունավետ ազգային պետություն կայացնելու խնդրի հետ: Սա, անշուշտ, այնպիսի խնդիր է, որ ձևակերպվում է դեռևս նախորդ դարի սկզբում ստեղծված ձևակերպումներով, և միշտ չէ, որ համահունչ է ժամանակակից համաշխարհային մթնոլորտին, ուր այդ ձևակերպումները՝ ազգային, սոցիալական և այլն, թվում են մաշված ու հնաոճ: Բայց մեզ պես ուշացած հասարակությունների համար գոնե այլ ելք չկա, քան ապավինել այդ ձևակերպումներին:

Հ.Գ.

Ես էլ չեմ խոսում 1914-ից մնացած ավելի շոշափելի խնդիրների մասին, որոնք նույնքան արդիական են հայաստանյան հասարակության համար, որքան դրանք եղել են 100 տարի առաջ: Խոսքը, նախևառաջ, հայ-թուրքական, նաև՝ արցախյան խնդրի մասին է, որոնք իրենց ներկա տեսքով ձևավորվել են որպես առաջին աշխարհամարտի արդյունք:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Ջոն Հեֆերն. Միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով կարելի է լուծել ղարաբաղյան հակամարտությունը’
Հաջորդ հոդվածը‘Իրանի նախագահը մտադիր է ժամանել Հայաստան’