‘Խմբագրական. Արդյո՞ք հայաստանցին չի արժեվորում անկախությունը’

1678

Նախորդ հոդվածներից մեկում խոսեցինք այն մասին, թե ինչպիսի փաստացի հետևանքների է բերում այն տարածված պնդումը, թե Հայաստանի ժողովուրդը դեմ է իր անկախությանը, չի արժեվորում այն. փորձեցինք ցույց տալ, որ նման պնդումները զրկում են Հայաստանի անկախությունն օրինակարգությունից: Բաց մնաց, սակայն, հարցը, թե արդյո՞ք ճիշտ է դեպի անկախությունը մեր ժողովրդի ժխտողական վերաբերմունքի մասին պնդումը: Այս և հարակից մի երկու հարցերից խոսենք այսօր:

Ակնհայտությունների սնանկությունը

Նախ՝  «հայաստանցին չի արժեվորում անկախությունը» պնդման ճշմարտացիությունն այնքան էլ հեշտ չէ պարզել, ինչպես շատերին թվում է: Այդ շատերը մտածում են, որ եթե իրենք խոսել են մի քանի տաքսիստի, հարևանների, հոպարի տղու քենու հետ, և լսել են նրանցից անկախությանը վերաբերող բացասական գնահատականներ, ապա դրանով հարցը լուծված է, և իրենք գիտեն հասարակության կարծիքը: Ակնհայտ թվացողը ճշմարտություն է՝ պարզունակ մոտեցումը բնորոշ է նախնադարյան, կուսական մտածողությանը, բայց հասարակագիտական և, ընդհանրապես՝ գիտական կամ վերլուծական տեսակետից զրո արժեք ունի: Բայց ավելին կա: Գուցե մեկին թվում է, որ եթե նա ունենա մի որևէ հարցման տվյալներ, համաձայն որոնց՝ տվյալ հասարակության մեծամասնությունը պնդում է, թե մածունը սև է, և համարի, որ այդքանով ապացուցված է իրոք, որ մեծամասնության տեսակետը հենց դա է, նույնիսկ այդ դեպքում նա կսխալվի, որովհետև հասարակական կարծիքի մասին դաշտային հետազոտության փորձ ունեցող ցանկացած մեկը պետք է հաստատի՝ քանակական տվյալներն իրենք իրենցով դեռ շատ հեղհեղուկ, առանց որակական վերլուծության և մեկնաբանության՝ ոչինչ չասող, հաճախ միայն մակերեսն արտահայտող հում նյութ են: Բայց նույնիսկ այդպիսի զուտ քանակական վիճակագրական տվյալներ, որոնք «ապացուցեն», որ հայաստանցիների մեծամասնությունն ունի բացասական կարծիք անկախության մասին, կամ էլ համաձայն է անկախ պետությունը փոխարինել գուբերնիայով՝ գոյություն չունեն, հետևաբար և՝ բոլոր խոսակցություններն այդ մասին մնում են օդի մեջ պնդումներ՝ արժանի ոչ թե մտավորականների կամ հրապարակային գործիչների, այլ քաղքենիական խոսակցության մակարդակի (և հենց այդպիսին էլ, մեծ հաշվով, կան):

Միակ ճանապարհը, որի միջոցով քիչ թե շատ հնարավոր է պարզել մեզ հետաքրքրող հարցի պատասխանը՝ հայ հասարակության քաղաքական պատմությունն է՝ սկսած 1988-ից մինչև մեր օրերը: Նախ՝ հիշեցնենք, որ Հայաստանի անկախությունը հռչակվել է ոչ այլ կերպ, քան Հայաստանի քաղաքացիների կամքի արտահայտություն հանդիսացող հանրաքվեի արդյունքում՝ անկախությանը կողմ քվեարկողների ձայների ճնշող մեծամասնությամբ: Սա արդեն պետք է լուրջ հակափաստարկ լիներ ընդդեմ «ժողովուրդն անկախություն չի ուզում կամ չի սիրում» տեսակետի: Իհարկե, կարելի է երկար ու բարակ խոսել, թե որքա՛ն ազդեցություն են ունեցել քվեարկության արդյունքների վրա 1991-ի աշնան կոնկրետ քաղաքական պայմանները, և որքանո՛վ է այդ օրերից փոխվել հայ հասարակությունը և նրա վերաբերմունքն անկախությանը, բայց այդ բոլոր խոսակցությունները պտտվելու են ենթադրությունների, այլ ոչ թե քիչ թե շատ ապացուցելի փաստերի շուրջ, հետևաբար՝ մնում է ընդունել փաստը և փորձել այն համադրել փաստերի ավելի լայն դաշտի հետ:

Անկախությունը՝ զանգվածային քաղաքական պայքարի արդյունք

Կարևոր է ոչ միայն այն, որ հայաստանցիների մեծ մասը 1991-ին քվեարկել է հօգուտ անկախության (նման հանրաքվեներ, ի վերջո, եղել են բոլոր հետսովետական հանրապետություններում, ու բոլորն էլ՝ դրական և չվիճարկվող արդյունքներով, այսինքն՝ ժամանակի ոգին իրոք ազդել է քվեարկության արդյունքների վրա), այլև այն, որ ի տարբերություն շատ այլ նախկին սովետական հանրապետությունների՝ մեր քվեարկությունը ոչ թե օդից է ծնվել, այլ արդյունք է եղել 3 տարի ու կես տևած քաղաքական պայքարի՝ զանգվածների, այսինքն՝ ժողովրդի ամենալայն ներգրավմամբ: Այսինքն՝ Հայաստանի անկախությունը, ամրագրված հանրաքվեով՝ ոչ միայն իրավական ձևականություն է, այլև քաղաքական կոնկրետ բովանդակության, կամքի արտահայտում. ընդ որում, հաշվի առնելով 1988-ից սկսած Շարժման զանգվածային բնույթը՝ կարող ենք ասել, որ դա եղել է հենց զանգվածների, այլ ոչ թե միայն նեղ շերտի քաղաքական կամքի արտահայտում:

Անշուշտ, այստեղ էլ կան կարևոր նրբություններ: Նախ՝ 1988-ի շարժումն ի սկզբանե չի դրել անկախության հարց, և 1988-ի սկզբի դրությամբ, ի տարբերություն «ազգային» համարվող հարցերի, անկախության գաղափարը չի վայելել մեծ ժողովրդականություն Հայաստանում: Բայց սա առանձնապես մեծ խոչընդոտ չէ: Ինչ-որ տեղ՝ ավելի լավ. որովհետև պարզվում է, որ անկախության գաղափարը հասունացել է կոնկրետ քաղաքական պայքարի արդյունքում, պայքարի կենսական փորձից է ձևակերպվել որպես նպատակ, հետևաբար՝ այն իրական միս ու արյամբ, այլ ոչ թե զուտ վերացական դոգմա է եղել:

Բացի այդ, համարձակվենք ենթադրել, որ նախքան 1988-ը Սովետական Հայաստանում  անկախության գաղափարի նկատմամբ եղած անտարբերությունը կամ նույնիսկ բացասական վերաբերմունքը մեծամասնության կողմից բավականին մակերեսային երևույթ է եղել և կարող է դասվել հենց նույն ակնհայտ, բայց ոչ խորքային ճշմարտությունների շարքին, որոնց մասին խոսեցինք: Հայաստանցին ոչ թե սխալ է համարել անկախությունը, այլ հնարավոր չի համարել այն, բայց երբ սեփական իսկ քաղաքական փորձից նա տեսավ անկախանալու ճանապարհը, ապա ակնահայտ թվացողը շրջվեց 180 աստիճանով: Մեծ հաշվով՝ այլ կերպ չէր էլ կարող լինել մի ժողովրդի հետ, որն ունի բավականին հարուստ քաղաքական պատմություն, ազգային ազատագրական պայքարի փորձ, և դաստիարակված է իր պատմական անցյալի նկատմամբ շեշտված ուշադրության ավանդույթով (թեկուզև այդ պատմական անցյալը վերլուծվել և ներկայացվել է մեր ժողովրդին պարզունակ մակարդակով): Կարող եմ ավելին ասել. վստահ եմ, որ մեր ժողովրդի թվացյալ «գուբերնիասիրությունն» էլ մակերեսային «թոզ ու դուման է», որը մեկ ակնթարթում կարող է անհայտանալ, եթե վերնախավերի կողմից ձևակերպված լինեն բովանդակային, այլ ոչ թե զուտ ձևական և կարգախոսային առաջարկներ անկախության վերաբերյալ:

Հանուն անկախության պայքարը շարունակական է

Կարող են ասել, որ 1988-ն ու 1991-ն արդեն անցյալ են, իսկ այսօր մեր հասարակությունը հիասթափված է անկախությունից, չի արժեվորում այն և այլն: Համոզված եմ, որ ավելի քան վիճարկելի է նաև այս «ակնհայտությունը»: Ապացույց է անկախ Հայաստանի քաղաքական պատմությունը՝ սկզբից մինչև մեր օրերը: Այդ քաղաքական պատմության բոլոր կարևոր հանգուցալուծային փուլերում ականատես ենք եղել, որ հայաստանյան հասարակությունը հրապարակային զանգվածային պայքարի միջոցով հստակ արտահայտել է իր կամքն ու ձգտումը դեպի օրիանականություն, արդարություն, բարեկեցիկ կյանք: Համարձակվեմ պնդել նույնիսկ, որ այդ իմաստով մեր հասարակությունը եզակի է հետսովետական տարածքում (ոչ միակը, անշուշտ, բայց եզակի, եթե վերհիշենք, թե զանգվածային շարժումներն ընդդեմ իշխանության ինչպիսի հաճախականությամբ են կրկնվել մեզանում և ինչպիսի թափով): Եթե այս շարժումներն առայժմ չեն պսակվել հաջողությամբ, ապա պատասխանատուն զանգվածները չեն, այլ վերնախավերը: Բացի այդ, չի կարելի ասել, որ այդ շարժումները որևէ արդյունք չեն տվել: Հայաստանում այսօր էլ չի հաջողվում վերջնականապես ձևավորել բացարձակ միակենտրոն իշխանություն՝ չնայած վերջին տարիներին ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլև գրեթե ողջ «առաջադեմ» դաշտն է լծված այդ գործին:

Այստեղ կարող է լինել երկու առարկություն: Նախ՝ կարող են ասել, թե զանգվածային քաղաքական պայքարը Հայաստանում ծավալվել է գրեթե միայն նախագահական ընտրությունների հարցի շուրջ, իսկ մյուս, թեկուզ կենսական համարվող խնդիրների շուրջ մեծամասնությունն անտարբերություն է դրսևորել: Բայց դա, ըստ իս՝ ոչ այնքան բացասական, որքան դրական կողմից է բնութագրում մեր հասարակությանը, որի քաղաքական բնազդը շատ ճիշտ է հուշում նրան, թե որտեղ է հարցերի լուծման բանալին և խնդիրների կիզակետը: Բացի այդ մեր հասարակությունը երբեք չի էլ ստացել այլ համարժեք քաղաքական առաջարկ, իսկ ինքնանպատակ «աշխուժակությանը» (ակԾիվիզմին), գոռում-գոչյուններին, ցուցադրական պաթոսին, հիսթերիզմին մեր հասարակությունը անտարբեր եղել է և կմնա:  

Երկրորդ առարկությունը կարող է լինել այն, որ հիշատակված զանգվածային շարժումները վերաբերել են ոչ թե անկախության, այլ, այսպես ասած՝ ներքին հարցերին: Սա բացարձակ ձևական, հարցի էությունը չընկալող մոտեցում է: Դա արտահայտումն է մի մտածության, որն անկախությունը պատկերացնում և ձևակերպում է ձևական, արտաքին, իրավական տեսակետից: Սա նման է այն մոտեցմանը, որն ազգային կամ հայրենասիրական հարց է համարում միայն Ղարաբաղի խնդիրը կամ Ցեղասպանության ճանաչումը, իսկ, ասենք, տնտեսությունը, օրինականությունը և այլն, փաստորեն, մտնում են «ապազգային» հարցերի շարք: Ավելորդ է ասել, որ նման բաժանումն անհեթեթություն է: Նույնքան անհեթեթություն է անկախությունը համարել միայն արտաքին հարաբերությունների հարց: Ակնհայտ է, որ անկախությունը, նախ, բովանդակություն է: Եթե անկախության իրավական, ձևական կողմը, նախ և առաջ, միջազգային հարաբերություններին է վերաբերում, ապա անկախության բովանդակությունը հենց երկրի ներքին քաղաքականությունն է: Անկախությունը վերացական գաղափար չէ, այլ պետք է հիմնված լինի կոնկրետ, նյութական իրողությունների վրա, որպիսիք են պետության բարակեցությունը, հասարակական կառույցների արդյունավետ աշխատանքը, սահմանադրականությունը և այլն: Երկրի ինքնիշխանության հարցը լուծվում է, նախ՝ այդ երկրի ներսում: Պայքարելով հանուն օրինականության, արդարության, բարեկեցության՝ մեր հասարակությունը պայքարել է և պայքարում է հանուն իր անկախության, և այդ իր դիրքորոշման մեջ շատ ավելի բանական է, քան անկախությունը որպես ձևական, կարգախոսային հարց դնող աշխուժակներից շատերը: Այդ իմաստով 1988-ին սկսած քաղաքական պայքարը հանուն անկախության ցայսօր էլ շարունակվում է՝ որպես անկախությունն իրական բովանդակությամբ՝ օրինականությամբ, արդարությամբ, բարեկեցությամբ լցնելու համար պայքար:

Անկախությունը՝ նպատակ և միջոց

Հայաստանի քաղաքական պատմության թռուցիկ իսկ ակնարկը ցույց է տալիս, որ մեր հասարակությունը ոչ թե հակաանկախական է կամ նախընտրում է գուբերնիայի վերածվելը, այլ անկախության ձևական, իրավական խնդիրը լուծելուց բացի, հետապնդում է անկախության բովանդակության խնդիրը: Ինչպես և ցանկացած առողջ հասարակություն՝ մերն էլ ձգտում է բարեկացիկ, անվտանգ, օրենքով ապահովված կյանքի, և դա ու միայն դա կարող է լինել անկախության իրական բովանդակությունը, նրա միսն ու արյունը, հանուն անկախության իրական պայքարը: Թե չէ Զիմբաբվեն էլ է անկախ երկիր իրավական տեսակետից, բայց որքա՞ն արժե այդ անկախությունը: Իհարկե, լինելով զիմբաբվեացի՝ արտաքին հակառակորդի դեմ կարելի է և պետք է պայքարել նույնիսկ հանուն այդպիսի անկախության, բայց, միևնույն է, արտաքին  խնդիրն էլ լուծելի է միայն այն դեպքում, եթե թիկունքը՝ ներքին բովանդակությունն ամուր է: Քաղաքականության մեջ՝ որպես աշխարհիկ ոլորտի, չկան և չեն կարող լինել ինքնանպատակ, բացարձակ երևույթներ: Ցանկացած քաղաքական նպատակ պետք է դրական լինի, այսինքն՝ իրագործելի, շոշափելի, կոնկրետ և բովանդակություն ունեցող: Անկախությունն էլ նպատակ է, բայց նաև միջոց՝ ավելի լավ, ավելի ազատ, ավելի անվտանգ և ավելի բարեկեցիկ կյանք ապահովելու համար:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Սուրիկ Խաչատրյանին նոր տեղակալ են նշանակել’
Հաջորդ հոդվածը‘«Կամպ Նոուն» հրաժեշտ կտա Կառլես Պույոլին’