‘Խմբագրական. «Արժանապատվություն» հասկացությունը վտանգված է’

1722

Երեկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը «ՀՀ մարզերը և Երևան քաղաքը թվերով» հերթական զեկույցում հրապարակել է Հայաստանի բնակչության ներկայիս թիվը, ըստ որի` մեկ տարվա ընթացքում մեր երկիրը լքել է 247 հազար մարդ (7,5%):

Սա պաշտոնական թիվն է: Թերևս՝ ոչ ոք չի կասկածում, որ իրական թիվն առավել սարսռեցնող է:

Թե ինչու են արտագաղթում Հայաստանի քաղաքացիները, գրվել և բարձրաձայնվել է բազմիցս: Շատ համառոտ` կյանքը մեր երկրում անտանելի է, և մարդիկ գնում են ավելի տանելի կյանք որոնելու:

Կար ժամանակ, երբ հասարակության մի զգալի հատված դատապարտում էր արտագաղթողներին, երբեմն նույնիսկ խստաշունչ որակումներ էին տրվում երկիրը լքողներին: Հետո` աստիճանաբար որակումները մեղմացան-մեղմացան-մեղմացան, ինչը հասկանալի է և բնական. մարդը չի ուզում իրեն տրված մեկ կյանքը քաղցած և ստորացված ապրել, և ոչ ոք իրավունք չունի պարտադրելու նրան, որ մնա այստեղ ու տառապի… մնացողների նման:

…Եվ այսպես, պատկերավոր ասած, այս մեղմ հովիկի շուքի ներքո մի օր էլ արթնացանք ու տեսանք, որ դատապարտվողներն արդեն «պնդերեսաբար» Հայաստանը չլքողներն են:

Գուցե չափազանցություն թվա ասվածը, բայց եթե մի քիչ ավելի ուշադիր լսենք ու ընթերցենք, թե ինչն է գերակշռում արտագաղթողների մասին դատողություններում, ասվածն այնքան էլ չափազանցություն չի թվա:

Մարդը գործազուրկ է, բնականաբար` քաղցած է և գնում է հանապազօրյա հաց վաստակելու: Ի՞նչ ասել այս դեպքում: Ոչինչ: Սրտի ցավով արձանագրել, որ իր ընտանիքին կերակրելու համար արտագաղթողները նույնքան և ավելի նվաստացած են իրենց գոյությունը քարշ տալիս արտերկրում, բայց մարդն այդ դժվարին ընտրությունը կատարել է, որ իր երեխաները քաղցած չմնան:

Իսկ արդյո՞ք միայն քաղցածներն են արտագաղթում: Գիտենք և ամեն օր լսում ենք, որ Հայաստանը լքում են նաև «արժանապատվություն ունեցողները», «ինտելեկտուալները», «տաղանդավորները» և այսպես շարունակ:

Եվ ի՞նչ է ստացվում: Ստացվում է հենց այն, ինչը գրվեց վերևում. Հայաստանում մնում են արժանապատվություն չունեցողները, կիսագրագետներն ու ապաշնորհները:

Հայաստանը չլքողներին և համառ նվիրումով ու հազարումի զրկանքների գնով «երկիրը երկիր դարձնելու» համար պայքարողներին ի պաշտպանություն որևէ բան ասելը` նշանակում է, իրոք, վիրավորել այդ մարդկանց ապառաժե արժանապատվությունը:

Ընդամենը եկեք մտածենք. մեզ թիկունք անողների հանդեպ մեր չափազանցված «բարությունն» ու Հայաստանը չլքողներին անուղղակի հասցված վիրավորանքն արդյո՞ք  չեն նպաստում արտագաղթի ավելացմանը:

Նախորդ հոդվածը‘ՀՀ արդարադատության նախարարի նորանշանակ տեղակալը նույնպես չի ծառայել’
Հաջորդ հոդվածը‘Ուշադրություն, զոհ են գտել՝ Տիգրան Սարգսյանի՛ն…’