‘Խմբագրական. Բացատրությունը, այնուամենայնիվ, իշխանության օրինակարգության ու որակի մեջ է’

1575

Տասնամյակներ անց, երբ ներկա շրջանը կխմորվի, կդառնա իրական պատմություն, մասնագետներն այն կշարադրեն շատ թե քիչ օբյեկտիվ՝ առանց անձնական էմոցիաների, քաղաքական շահագրգռությունների ու «կենտրոնից» իջած հրահանգների։ Ու անխուսափելիորեն կարձանագրեն միմյանցից անհավատալիորեն, տրամագծորեն տարբեր երկու իրողություն. նո՛ւյն ժողովրդի նո՛ւյն սերնդի երկու վարքագիծ, երկու բնութագիր և երկու արդյունք՝ միմյանց անմիջապես հաջորդած երկու տասնամյակներում։

Առաջին իրողությունը 1988-ից համաժողովրդական անմնացորդ պայքարն էր՝ հանուն Լեռնային Ղարաբաղի, որպես ժողովրդավարության համար պայքարի առաջամարտիկ և առաջատար՝ ամբողջ երեք տարի ծառս եղած հզոր կայսրության դեմ։ Ապա տեղի ունեցավ ԽՍՀՄ փլուզումը։ Նորանկախ բոլոր հանրապետությունները հայտնվեցին պետական նոր կառույցների կայացման և տնտեսության կազմակերպման, արմատական վերափոխումների իրականացման լրջագույն մարտահրավերների առջև։ Ելակետային դժվարություններն ընդհանուր էին բոլորի համար։ Հայաստանը՝ ռեսուրսներով ամենափոքրերից մեկը, հանգամանքների բերումով, ի տարբերություն մյուսների, այդ պահին լրացուցիչ իր ուսերին ուներ՝

— աննախադեպ երկրաշարժից 1/3-ով հիմնահատակ ավերված երկիր՝ անօթևան մնացած կես միլիոն բնակչությամբ,

— 300.000-ի չափ մազապուրծ փախստականներ հարևան Ադրբեջանից,

— խուլ տնտեսական շրջափակում, որը նրան զրկվել էր դրսի հետ ցամաքային հաղորդակցության հնարավորությունների 90%-ից։

Այս խնդիրներից ամեն մեկը հենց նշված ծավալով լուրջ մարտահրավեր ու ծանր բեռ կլիներ եվրոպական ցանկացած զարգացած երկրի համար։

Հիմա այս ամենին ավելացրեք պատերազմը՝ մարդկային և նյութական ռեսուրսներով  մի քանի անգամ գերազանցող հակառակորդի դեմ։ Պատերազմը, բնականաբար, պիտի դառնար առաջնահերթություն։ Ռացիոնալ, անգամ ամենալավատեսական որևէ հաշվարկով անհնար էր պատկերացնել այն արդյունքները, հաղթական այն ավարտը, Ղարաբաղի համար ձեռք բերված անվտանգության և իրավական այն իրավիճակը, ինչում նա էր մի քանի տարի անց։ Դժվար է ասել, թե քանի դար հետո, առաջին անգամ, ողջ ժողովրդին համակած, նրա մտածողության ու ինքնության մաս դարձած՝ անօգնականի, խեղճի, թույլի ու զոհի բարդույթը ճաք տվեց, թափվեց. տեղի տվեց հաղթողի, ազգային հպարտության, ազգային և մարդկային արժանապատվության զգացումի առաջ։ Անհնար էր պատկերացնել, որ այդ դժվարություններով ու պատերազմով անցած երկիրը նույն ընթացքում դեռ պիտի կարողանա այնպիսի ներքին բարեկարգումներ անել, որ օտարների կողմից բնորոշվի որպես տարածաշրջանում «ժողովրդավարության կղզի»։

1996-ից կանգ առավ պատերազմի անխուսափելի ուղեկից արտագաղթը, և հաշվիչը սկսեց պտտվել հակառակ ուղղությամբ։

Անհավատալի այդ արդյունքը համաժողովրդական բացառիկ համախմբման, բացառիկ ջանքերի, ողջ ժողովրդի լավագույն որակների դրսևորման շնորհիվ էր։

Երկրորդ իրողությունն  սկսվում է 2000 թվականից՝ որպես ելակետ ունենալով նախորդ տարվա Հոկտեմբերի 27-ի արյունոտ ոճիրը։

 Բարձրագույն իշխանավորների կողմից երկրի ու ժողովրդի անմնացորդ թալան ու կողոպուտ՝ օրը ցերեկով, անթաքույց։ Հետո պիտի հրապարակվեն այդ կողոպուտի իրական ծավալները, պիտի իմանանք, որ Հայաստանում ամենահարուստ մարդիկ ամենաբարձր իշխանավորներն են, իսկ նրանց հարստությունը չափվում է միլիարդավոր դոլարներով։ Աղմկահարույց սպանությունների շարան, որոնք նաև հասարակությանը վախի մատնելու ընդհանրական խնդիր ունեին։ Դատական համակարգի այլասերում, ինչը մարդկանց պիտի հասկացներ, որ իզուր է իրավունք, արդարադատություն ու ապահովություն փնտրելը։ Տգիտության շքահանդես խորհրդարանում և իշխանության բարձր օղակներում, ինչով պիտի խրախուսվեր տգիտությունը կյանքի բոլոր բնագավառներում։ Ամենուր գլխիվայր շուռ է տրվում ավանդական արժեքային համակարգը։

Եւ ոչ պատերազմական պայմաններում՝ 1999թ. հոկտեմբերի 27-ի մեկնարկով, վերսկսվում արտագաղթը։ Մարտի 1-ով այն նոր թափ է առնում և արդեն հասել է աղետալի մակարդակի։ Հաղթանակից հետո 19-րդ տարում արտագաղթի ծավալը սպասվում է շատ ավելի, քան, թերևս, ղարաբաղյան ողջ պատերազմի ընթացքում՝ միասին վերցրած։ Վերջին 5-6 տարում արտագաղթի ծավալը շատ ավելին է, քան Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Հայաստանից՝ մինչև 1915թիվը։ Արտագաղթի պատճառները՝ սոցիալական կեղեքում սեփական իշխանության կողմից, իրավազրկում, մարդկային ու ազգային արժանապատվության ոտնահարում, անհեռանկար ապագա։

Ինչո՞ւ և ինչպե՞ս նույն ժողովուրդը, ըստ էության՝ նո՛ւյն սերունդը, առաջին դեպքում՝ ծանրագույն պայմաններում ցուցադրեց լավագույն որակներ, ունակ եղավ անօրինակ հերոսացումների, հասավ աներևակայելի արդյունքների, երկրորդ դեպքում, արդեն ազատված լուրջ խնդիրներից, կորցրեց ամեն ինչ։ Գուցե բացատրությունն ու պատճառը , այնուամենայնիվ, առաջնորդի, առաջնորդող ուժի, իշխանության օրինակարգության ու որակի մե՞ջ է։

Նախորդ հոդվածը‘Հանրապետության որոշ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց’
Հաջորդ հոդվածը‘2013 թ. բնակարանների գները աճել են 6.2%-ով’