‘Խմբագրական. Բոլոր դժբախտությունները մեկ անուն ունեն’

2713

Նոյեմբերի 5-ին տեղի ունեցածի վերաբերյալ շատ բան ասվեց ու գրվեց: Քանի որ կատարվածում շատ էին խառնված թացն ու չորը, և վարչախումբն իր բացահայտ ու «անկախ» քարոզիչներով դրան նպաստել էր՝ ինչպես կարող էր, անհրաժեշտություն կա մի քանի եզրահանգումների՝ պատկերն առավել ամբողջական դարձնելու համար:

Քաղաքական և հասարակական շրջանակներում հիմա Շանթի արածը երկակի է գնահատվում: Մի մասը նրան համարում է հերոս, որ թեկուզ մենակ, ձեռքի տակ ընկածով գնաց իշխանության դեմ՝ այս հուսահատ քայլով փորձելով վերարթնացնել հասարակությանն՝ ընդդեմ այս հանցագործ ռեժիմի: Մյուս հատվածն էլ նրան համարում է արկածախնդրության աստիճանի իդեալիստ, որ կամավոր գնաց ընկավ իշխանական սադրանքի ցանցը: Սակայն ո՞րն է այս հակադրության իմաստը, այս քննարկումների իմաստը: Պարզ է մի բան, և սրանով գալիս ենք առաջին եզրահանգմանը, որ հավասարապես կարող է դրված լինել երկու կարծիքների հիմքում: Այսպիսի բան կարող էր տեղի ունենալ միայն ու միայն մի երկրում, որտեղ իշխում է բանդիտիզմը, տգիտությունը, միջակությունը, սահմանը չունեցող անբարոյականությունը: Որտեղ մարդիկ, օդում շնչելով ու ամեն օր աչքով տեսնելով պետականության կործանումը, հուսահատությունից կարող են դիմել նման քայլերի կամ էլ միամտաբար հենց նույնպիսի անբարո իշխանության սադրանքի զոհը դառնալ: Շանթի ու նրա գործողության քննարկումն, այս համատեքստում, միմիայն ձեռնտու է իշխանություններին: Հասարակությունը, եթե մտահոգված է պետության ապագայով, իր սլաքներն ու էներգիան պետք է ուղղի միմիայն մեկ՝ Սերժ Սարգսյանի և նրա կրիմինալ իշխանության ուղղությամբ:

Հաջորդ եզրահանգումը բխում է իշխանության ու նրա քարոզչամիջոցների վարքագծից: Երկիրը չոքեցնելով քաղաքական, ռազմական, տնտեսական ու բարոյահոգեբանական  ահռելի մարտահրավերների առաջ, քամելով նրա մարդկային ռեսուրսները՝ Սերժ Սարգսյանը, չունենալով որևէ դրական քայլի հնարավորություն, փորձում է հասարակության ուշադրությունը շեղել այս խնդիրներից և արհեստական հակադրություն մտցնել հասարակության մեջ: Ինչ-որ մի հարցի վրա պառակտել իր դեմ հնարավոր համախմբումը, որի առարկայացումն արդեն զգացվում է մթնոլորտում, և վստահաբար կարելի է ասել՝ ժամանակի հարց է: Մո՛տ ժամանակի: Իսկ վարչախմբի արածից ավելի խեղճ բան դժվար է պատկերացնել: Լավ, ենթադրենք՝ մի 15-20 օր էլ այս իրադարձությամբ կարողանաք քողածածկել ձեր գործած ու ամեն օր գործվող հանցանքները: Հետո՞: Առջևում Վիլնյուս կա, ղարաբաղյան բանակցային գործընթաց կա, ԵՄ-ի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հարց կա, բյուջեի թալան կա, արտագաղթ կա: Բոլոր էս խնդիրները հո մնացե՞լ են իրենց տեղում:

Եվ վերջին ու ոչ պակաս կարևոր եզրահանգումը: Շանթի հետ կապված իրադարձությունը բացեց նաև բոլոր «վճռականների» դեմքը: Վերջին տարիներին հայաստանյան քաղաքական դաշտը լցվել էր նրանցով: Փիղ էին ման գալիս, որ մեջտեղից ճղեին: Մեկը հայտարարում էր, որ իշխանությունը պետք է վերցնել գրոհով, ժողովրդին տանել Բաղրամյան՝ հիմա վազվզում է էստեղից էնտեղ ու դիմումներ է գրում, որ վճռականին տեր կանգնի: Ոչ թե կողքին կանգնի, այլ տե՛ր կանգնի: Մյուսը Բաղրամյանը փոխարինել է Փակ շուկայով: Էն մյուսները, որ ընդդիմությանը մեղադրում էին վճռականության պակասի մեջ ու Շանթի նստացույցի օրերին ամեն օր սրճում նրա հետ, դուխ տալիս, պապանձվել են. հետքները չկա: Գոնե այս առումով Շանթին պիտին շնորհակալ լինել ու հուսալ, որ սա վերջնականապես կբացի հասարակության աչքերը:

Ինչպես արդեն նշվեց, Հայաստանի պրոբլեմները, իսկ դրանք ուղղակի մասշտաբային են ու պետականակործան, ոչ մի տեղ չեն գնացել: Ու այդ բոլոր դժբախտությունների հիմքում մեկ անուն կա՝ Սերժ Սարգսյան: Եթե մեր խնդիրը չդարձրինք նրա՝ օր առաջ հեռացումը, վաղը լինելու են նոր շանթեր, նոր վճռական մենակներ, նոր սադրանքներ, իսկ մեր պետությունը մեր աչքի առաջ մարելու է, գնա: 

Նախորդ հոդվածը‘Դիեգո Կոստան ընդգրկվեց Դել Բոսկեի հայտացուցակում’
Հաջորդ հոդվածը‘Արդարադատություն՝ ըստ ոստիկանության. Նոյեմբերի 5-ի գործով 8 անձ կալանավորվել է’