‘Խմբագրական. Բուրժուազիայի լրջանալու պահը’

1593

Եվրաասոցացման և Մաքսային միության թեմաների ավարտով պայմանավորված նոր քաղաքական իրադրությունը Հայաստանում բյուրեղանալու միտումներ ունի: Քաղաքական գործընթացների ծանրությունը բնականորեն տեղափոխվում է իրական՝ ներքին դաշտ: Ներքին խնդիրներն են, որ մղված են առաջին պլան: Ընդ որում՝ այդ խնդիրներից յուրաքանչյուրի լրջությունն ավելի քան բավարար է որևէ քաղաքակիրթ երկրում կառավարության հրաժարականի պատճառ դառնալու համար:  

Սակայն դա բավարար չէ Հայաստանում: Այն պարզ պատճառով, որ հասարակությունում և քաղաքական դաշտում նշմարվող կոնսոլիդացիոն գործընթացները դեռ չեն ներգրավել Սերժ Սարգսյանի ռեժիմի հետ օբյեկտիվ հակասություններ ունեցող բոլո՛ր գործոնները: Եթե քաղաքական և հասարակական հատվածում (հանած՝ իշխանության տանիքի տակ ծվարած «ընդդիմությունը») Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու հարցը օրակարգի առանցքում է, նույնը դեռևս չի կարելի ասել հակասերժական կոալիցիայի մյուս առանցքային բաղադրիչի՝ բուժուազիայի կամ խոշոր բիզնեսի մասին:

Հայաստանյան բուրժուազիան այս առումով ծանրագույն երկընտրանքի առաջ է: Նա հայտնվել է բռնի մեթոդներով իր իշխանությունը պահելու համար ամեն ինչի պատրաստ հանցախմբի և ժողովրդավարության համար պայքարող ուժերի արանքում: Բուրժուազիան իրերի աղետալի դրությունը հասկանում է երբեմն ավելի լավ, քան մյուսները, որովհետև Սերժ Սարգսյանի վարած կործանարար քաղաքականությանը և նրա կողմից ղեկավարած կոռուպցիոն համակարգին բախվում է ամե՛ն օր, ինչպես նաև՝ ի վիճակի է տեսնել դրա մասշտաբները ներսից: Հիմա այս պայմաններում բուրժուազիան պետք է ընտրություն կատարի՝ լինել վարչախմբի՞ հետ, թե՞ ժողովրդի: Երկրում տիրող վիճակը և սեփական շահերը նրան մղում են դեպի հասարակություն, դեպի հակաիշխանական միջավայր, դեպի իշխանափոխություն, նոր իշխանության ձևավորում, որի պարագայում հնարավոր կլինի իշխանություն-հասարակություն-բիզնես նորմալ համակեցություն ապահովել: Մյուս կողմից՝ սեփական տնտեսական կարողությունների կորստի վտանգը, ինչպես նաև քաղաքական, հասարակական ուժերի կոնսոլիդացիայի անբավարար մակարդակը դեռ թույլ չեն տալիս նրան վերջնականապես այրել կամուրջները Սերժ Սարգսյանի վարչախմբի հետ: Սակայն պարզ է մի բան. այսօրվա հայաստանյան բիզնես միջավայրի և իշխանության հարաբերություններում այլևս ոչ միայն  հնարավոր չէ գտնել համակեցության փոխընդունելի մոդել, այլև այս երկու համակարգերը գտնվում են պատերազմական վիճակում:  Խոշոր բիզնեսը ներկայիս վարչախմբի հետ ունի օբյեկտիվ և խորը հակասություններ: Սերժ Սարգսյանի «կառավարման փիլիսոփայությունը» (որի հիմնական իմաստը երկրի կարևորագույն ֆինանսական հոսքերն ու տնտեսական ակտիվներն իր և իր ընտանիքի տիրապետության տակ գցելն է) ինքնին բացառում է հնարավոր կոմպրոմիսը  ներկայիս վարչախմբի և բիզնես աշխարհի միջև: Նա հանգիստ չի քնի, քանի դեռ իրենով չի արել Հայաստանի ողջ տնտեսական համակարգը: Միայն ժամանակի հարց է բոլորին իր տիրապետության տակ առնելը և բուրժուազիային սեփականատիրոջից բիզնեսի տեղապահ դարձնելը: Որևէ խոշոր սեփականատեր չի խուսափելու այս հեռանկարից: Լինի նա հիմա իշխանության ներսում, իշխանության մատույցներում թե չեզոք դաշտում: Ու այս առումով ժամանակն աշխատում է Սերժ Սարգսյանի օգտին: Քանի դեռ քաղաքական ուժերը, քաղաքացիական ակտիվ նախաձեռնությունները և խոշոր բիզնեսը դաշինք չեն կնքել:

Առաջիկա ամիսներն այս դաշինքի ստեղծման համար նպաստավոր ու պարարտ հող են: Այսպիսի պահ, հնարավոր է՝ չստեղծվի մինչև հաջորդ ընտրություններ: Իսկ 2017 թվականին Հայաստանից կարող է բան մնացած չլինել: 

Նախորդ հոդվածը‘Amnesty. Եվրամիությունը լավ չի օգնում սիրիացի փախստականներին’
Հաջորդ հոդվածը‘Դավութօղլու. 1915թ. «տեղահանությունը» անմարդկային եւ սխալ քայլ էր’