‘Խմբագրական. Բռնի՞, թե՞ խաղաղ պայքար’

1823

Հայաստանի հասարակական որոշ հատվածներում կրկին ակտիվացել են հասարակական դիմադրության խաղաղ, թե բռնի մեթոդների մասին խոսակցությունները: Այս քննարկումներում հարցադրման որոշակի սխալ կա: Խնդիրն այն է, որ բողոքի խաղաղ կամ բռնի բնույթը հաճախ կախված է ոչ թե մարդկանց գիտակցված կամքից, այլ առարկայական հանգամանքներից, որոնք թեեւ նույնպես, ի վերջո, հետեւանք են մարդկանց գործողությունների, բայց կապն այդ գործողությունների եւ հետեւանքների միջեւ արդեն ուղղակի չէ, միջնորդավորված է բազմաթիվ միջին օղակներով: Այլ կերպ ասած՝ հասարակական կամ պատմական զարգացումները միշտ չէ, որ հարցնում են մեզ, թե ինչ կերպ դրսեւորվեն: Հատկապե՛ս բռնատիրության պայմաններում, որն ինքնին ապաբանական է (իռացիոնալ), մի պահից իրավիճակի զարգացումը կարող է լիովին դուրս գալ գիտակցված վերահսկողությունից եւ զարգանալ տարերային ուղով: Ներքին հակասությունների «խաղաղ, թե բռնի լուծում» հարցը նույնն է, ինչ արտաքին հարաբերություններում հակասությունների՝ խաղաղ, թե ռազմական ճանապարհով լուծման հարցը: Նույնիսկ ռազմատենչ եւ «ռոմանտիկ» հասարակություններն ու առաջնորդները հազվադեպ են իրապես ցանկանում պատերազմ, բայց պատերազմների հաճախականությունը չի բխում ցանկության բացակայությունից: Այլ բան է, որ քաղաքական գործչի արվեստը հենց այն է, որպեսզի նա ձգտի հակասությունների լուծման հնարավորինս խաղաղ  հանգուցալուծման, որովհետեւ պատերազմը եւ բռնությունը, բացի նրանից, որ ենթադրում են զոհեր եւ ռեսուրսների գերծախս, նաեւ ամենաանկանխատեսելի եւ դժվար վերահսկելի հասարակական երեւույթներն են: Սա ոչ թե պացիֆիստական ինչ-որ քարոզ է, այլ աշխարհի դասական ռազմական տեսաբանների կարծիքը:

 

Հեղափոխությունը բռնապետության հայելին է

Խնդիրն, ուրեմն, ոչ թե բռնություն արդարացնելը կամ դատապարտելն է, այլ հասկանալը, թե ինչպե՛ս են դրանք առաջանում: Քանի որ ներհասարակական բռնության հետեւանքները անկանխատեսելի են, եւ դրանից բխող վնասների ու օգուտների ապագա հաշվեկշիռը հասարակության համար ոչ ոք չի կարող կանխատեսել, ապա պետք է խոսել ոչ այնքան բռնության կանխման մասին, երբ դա արդեն բացահայտորեն դրսեւորվում է, այլ այդ իրավիճակին հանգեցնող առարկայական զարգացումների «պրոֆիլակտիկայի» մասին: Իսկ ի՞նչ առարկայական հանգամանքների հետեւանք կարող է լինել ներհասարակական բռնությունը: Ընդհանուր առմամբ՝ խնդիրը հակասությունների կուտակումն է հասարակության մեջ եւ դրանց չլուծվածությունը: Ցանկացած հասարակության բնորոշ են հակասություններ տարբեր հատվածների, խմբերի, շերտերի շահերի միջեւ: Ըստ այդմ՝ ցանկացած հասարակության միասնությունը պայմանական է, այն իմաստով, որ այն չի կարող հասնել բացարձակ միատարրության, բացարձակ համերաշխության աստիճանի: Կարող է լինել միայն այս կամ այն չափի, համեմատական միասնություն: Հակասությունները պետք է, բնականաբար, ինչ-որ լուծումներ ստանան: Երբ հասարակության մի հատվածը, որը սովորաբար նաեւ փոքրամասնություն է կազմում, կենտրոնացնելով իր ձեռքերում քաղաքական, իշխանական, տնտեսական եւ այլ ռեսուրսները, առաջ է տանում իր շահերն՝ ի հաշիվ մյուս շերտերի շահերի, ձեւավորվում է բռնատիրական համակարգ. պարզ է, որ այդ դեպքում հնարավոր չէ տիրել առանց բռնության, որովհետեւ որպեսզի միայն սեփական հատվածական շահերն առաջ տանես՝ անտեսելով այլոց շահերը, պետք է ուղղակի եւ անուղղակի միջոցներով ստիպես մյուսներին հաշտվել իրենց շահերի անտեսման հետ, իսկ չհաշտվելու դեպքում «ատամներ» ցույց տաս: Բայց դա նշանակում է, որ տվյալ հասարակության մեջ հարցերի լուծման ձեւը դառնում է բռնությունը: Որովհետեւ ոչ միայն իշխանություն ունեցողը, այլեւ այն խավերը, որոնց շահերն անտեսվում են, ուշ թե շուտ ստիպված են լինում բռնության դեմ բռնություն կիրառել եւ հաջողել կամ ձախողվել՝ կախված ուժային հարաբերակցությունից: Բայց նույնիսկ եթե ընդվզողները շարունակաբար պարտվում են, դա դեռ հարցի միայն մակերեսային կողմն է, իսկ խնդրի խորքային կողմն այն է, որ որքան ավելի երկար ժամանակ հակասությունները լուծում չեն ստանում, այդքան ավելի անկանխատեսելի է դառնում իրավիճակը, և այնքան ավելի դաժան կարող է լինել լուծումը՝ զինված ապստամբությունից, խռովությունից մինչեւ քաղաքացիական պատերազմներ: Այնպես որ՝ երբ բռնապետները խոսում են հեղափոխությունների դեմ, նրանք ընդամենը պատմում են իրենք իրենց մասին՝ հեղափոխությունը բռնապետության հայելին է: Չէ՞ որ որեւէ երկրում, ուր առկա է օրինակարգ հասարակարգ, հեղափոխության թեմա անգամ չկա օրակարգում՝ չհաշված լուսանցքային փոքր խմբերի: Հեղափոխական շրջանի հասարակական անկայունության ողջ պատասխանատվությունը կրում է բռնապետությունը, որը հենց ինքն է ձեւակերպում բռնությունը՝ որպես հակասությունների լուծման եղանակ:

 

Բռնի պայքարի կողմնակիցների տարրական ուղեցույց

Հակաբռնապետական պայքար մղող ուժերի համար այս տրամաբանությունը ստեղծում է բարդ իրավիճակներ: Բռնի մեթոդների յուրացումը հակաբռնատիրական պայքարում նշանակում է բռնապետության խաղի կանոնների ընդունում, եւ պատահական չէ, որ հաճախ հակաբռնապետական պայքարների հաղթանակը բերել է է՛լ ավելի ուժեղ բռնապետությունների հաստատման: Ընդհանրապես՝ նրանք, ովքեր քարոզում են բռնի մեթոդներ, պետք է նկատի ունենան մի քանի կարեւոր հանգամանք:

 ա. Բռնությամբ պայքարելու մասին չեն խոսում. եթե կա դրա ցանկությունը, եւ կան միջոցները, ապա դա իրականացնում են:

 բ. Բռնի ընդվզման համար անհրաժեշտ չէ հրապարակային մոբիլիզացիա, անզեն զանգվածներ, բավական է պատրաստի մարդկանց որոշակի քանակ:

 գ. Եթե խաղաղ պայքարը պահանջում է մեծ ռեսուրսներ, ապա զինված կամ ուժային պայքարը, չհաշված՝ ավելի փոքր քանակի մարդկանց վրա հենվելը, պահանջում է ռեսուրսների տասնապատիկը (գումար, զենք, ընդհատկյա կազմակերպություններ, զինվորական կարգապահություն, հենակետային տարածքներ, վարժված մարդիկ եւ այլն):

 դ. Որեւէ մեկը՝ անձ թե խումբ, եթե իր կյանքի ռիսկի գնով կարողանում է վերցնել իշխանությունը, որքան էլ այդ խումբը բաղկացած լինի մարդասեր եւ իդեալիստ անհատներից, հետագայում այդ իշխանությունը չի կիսի այլոց՝ իրենց կյանքը ռիսկի տակ չդրածների հետ: Խնդիրն այստեղ ոչ թե նույնիսկ գիտակցված չզիջելն է, քանզի գիտակցության մակարդակում իշխանությունը վերցրած խումբը կարող է իրոք ունենալ ամենահումանիստական ձգտումները, այլ մարդկային կամքից վեր՝ հասարակական օրինաչափությունները: Դրա համար մի Ֆիդել Կաստրո, տապալելով աշխարհի ամենաայլանդակ բռնակալություններից մեկը, ինքն է դառնում ցմահ դիկտատոր, որքան էլ ռոմանտիկ եւ իդեալիստ կերպար լինեն նա եւ իր ընկերները: Եթե այս կետերի գիտակցությունը չկա, ապա ցանկացած խոսակցություն այս թեմայի շուրջ՝ անլուրջ գյալաջի է:

Ավելին, պետք է հաշվի առնել, որ հենց իդեալիստները, հակված լինելով աշխարհում միայն մեկ ճշմարտություն տեսնելուն, հաճախ չեն հասկանում, թե ինչու պետք է փոխզիջման գնան նրանց հետ, ովքեր, իրենց տեսակետից, այդ մեկ ճշմարտության կրողները չեն: Այսինքն՝ բռնակալությունը լինում է ոչ միայն գաղափարազուրկ եւ նյութապաշտ, ինչպես մեզանում է այսօր, այլեւ իդեալիստ եւ գաղափարական, ինչպիսին էր, օրինակ, Սովետական Միությունն իր պատմության վաղ շրջանում:


Խաղաղ ճանապարհը՝ ապագայի երաշխիք

Հասարակական հակասությունների լուծման խաղաղ ճանապարհն ունի իր հակասությունները: Բռնապետության պայմաններում այն, առաջին հայացքից, չի համապատասխանում բռնապետական հասարակարգի էությանը, դրա շրջարկից դուրս է: Ինչպե՞ս կարելի է  ոչ բռնի մեթոդներով պայքարել մի հասարակության մեջ, ուր բռնության առավել անսքող ձեւերն են խնդրի լուծման բնականոն ճանապարհը: Բայց հենց այն փաստը, որ ոչ բռնի պայքարը բռնապետության տրամաբանությունից դուրս է, արդեն վկայում է, որ բռնապետության իրական, խորքային հակադիր բեւեռը հենց այն ուժերն ու խմբերն են, որոնք, ինչպես սովետական այլախոհները, ընտրել են խաղաղ պայքարի ուղին: Խաղաղն, ի դեպ, չի նշանակում անուժային, քանզի ուժը ոչ միայն անմիջական բռնությունն է, այլեւ բազմաթիվ այլ հանգամանքներ, ասենք՝ զանգվածային հրապարակային ռեսուրսը, մտավոր-կամային որակները, կազմակերպվածության աստիճանը եւ այլն: Խաղաղ թե բռնի, բայց քաղաքական հարցերն այսպես թե այնպես լուծվում են ուժով, խնդիրն այստեղ ուժի որակն է, տեսակը, այլ ոչ թե ուժն ինքնին: Ոչ միայն ձեւով, այլեւ բովանդակությամբ, էությամբ հակաբռնապետական բնույթի շնորհիվ՝ պայքարի խաղաղ մեթոդը, հաջողության դեպքում, ապագայի համար ավելի վստահելի երաշխիքներ է տալիս առ այն, որ բռնապետությունը տապալած հասարակությունը չի հայտնվի նոր՝ այս անգամ՝ հեղափոխական բռնապետության դեմ պայքարի անհրաժեշտության առջեւ: Խաղաղ պայքար մղող ուժն ինքնին դուրս է դնում իրեն բռնապետության տրամաբանությունից եւ պետք է դառնա ոչ բռնապետական ապագայից պոկված, ապագան կանխորոշող «տարածք»:

Պայքարի ոչ մի ձեւ ինքնին չի կարող երաշխավորել հաջողություն, ինչպես որ մարդկային գործունեության որեւէ ոլորտում չի կարող լինել երաշխավորած հաջողություն: Նման երաշխիքի հարց դնելն ինքնին անհեթեթություն է: Ու թեեւ տվյալ նյութով չենք հավակնում վերջնական պատասխան տալ հարցերին կամ միանշանակ պնդումներ անել, սակայն կարծում ենք, որ բերված փաստարկները բավական են՝ հասկանալու համար հասարակական խնդիրների բարդությունն ու պարզությունը՝ միաժամանակ, եւ երկու՝ բռնի եւ խաղաղ մեթոդների առավելություններն ու թերությունը: 

Նախորդ հոդվածը‘ՄՄ-ին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը» կհաստատվի մինչև դեկտեմբերի 19-ը’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը կհանդիպեն վաղը Վիեննայում’