‘Խմբագրական. Բռնությունը բռնություն է ծնում’

3025

Երեկվա ողբերգական իրադարձությունները Երեւանում՝ քաղաքի կենտրոնում հնչած պայթյունները, բախումները ոստիկանության եւ ցուցարարների միջեւ, ձերբակալությունները, վիրավորների առկայությունը եւ այլն, ուշադրության արժանի են ոչ միայն իրենք իրենցով, այլև իրենց ուղերձներով՝ իշխանությանը եւ հասարակությանը: Ի՞նչ ուղերձների մասին է խոսքը:

Կարելի է երկար եւ տարբեր տեսակետներից վերլուծել տեղի ունեցածը, կարելի է Շանթ Հարությունյանին հերոսացնել կամ հակառակը՝ դատապարտել (երկու տեսակետն էլ տարածում ունեն հասարակության ընդդիմադիր կեցվածք ունեցող հատվածի մեջ), սակայն դա չէ այս պահին էականը: Շատ ավելի կարեւոր է, որպեսզի Հայաստանի իշխանությունը, նրան աջակցող ուժերը, որոնք այսօր, անաչառ դատավորի վեհ կեցվածք ընդունելով, խոսում են բռնության անթույլատրելիության մասին, հասկանան, որ ոչինչ հենց այնպես տեղի չի ունենում, դատարկ տեղում չի առաջանում: Չէինք ուզենա ծեծված ճշմարտություններ կրկնել, բայց ստիպված ենք հիշեցնել, որ բռնությունը ծնում է բռնություն: Հայաստանը պատկանում է աշխարհի այն երկրների շարքին, որտեղ օրենքը գրված է միայն շարքային քաղաքացու համար, իսկ իշխող վերնախավն օրենքից դուրս է: Տարիներ շարունակ նույն ՀՀ ոստիկանությունը, արդարադատության ամբողջ համակարգը, քաղաքական ղեկավարության անմիջական հրահանգով, բազմիցս գործել են օրենքից դուրս, բռնաբարել են օրինականությունը: Ընդ որում՝ դա արել են բացարձակապես օրենքի շրջանակում իրականացվող բողոքի գործողությունների դեմ: Ոչ միայն ՀԱԿ-ը, այլեւ բազմաթիվ այլ քաղաքական եւ քաղաքացիական խմբեր Հայաստանում ցայսօր իրենց բողոքի գործողությունները կազմակերպել եւ իրականացրել են միմիայն օրենքի դաշտում: Դեռեւս 2003 թվականից սկսած՝ իշխանությանը չի հաջողվել հիմնավորել որեւէ դեպք, երբ Հայաստանի քաղաքացիների բողոքը օրենք է խախտել: Փորձեր, իհարկե, շատ են եղել, եւ դրանցից ամենածավալունը՝ 2008-ի մարտի մեկի հետ կապված, սակայն, այդ բոլոր փորձերը տապալվել են: Իրոք, կարելի է առանց վարանելու զարմանալ Հայաստանի հասարակության այդ օրինապաշտության, քաղաքացիական հասունության վրա: Չզարմացողները թող համեմատեն մեզանում ավանդական բողոքի ձեւերը հենց արեւմտյան երկրներում ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող բողոքների հետ, որտեղ բողոքավորների կողմից իրականացվող բռնությունը բավականին տարածված է: Եվ այստեղ խնդիրը նույնիսկ այն չէ, որ տարբեր շրջաններում մեր երկրում գործող ընդդիմադիր քաղաքական ձեւաչափերը կամ էլ քաղաքացիական խմբերը կոչ են արել իրենց կողմնակիցներին մնալ օրինականության շրջանակներում. ի վերջո, այդ կոչերին պետք է լսող հասարակություն լինի: Եթե, ասենք, 2003-ին, 2008-ին եւ հետագայում Հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր մարդիկ ենթարկվել են այդ կոչերին, նշանակում է՝ դա նաեւ իրե՛նց ընտրությունն է եղել, թե չէ՝ ոչ ոք չի կարող իր կամքը պարտադրել այդքան մարդու, եթե մեր ժողովրդի հոգեբանության մեջ չլինեին դրա նախադրյալները:  

Իշխանությունն, իհարկե, շատ կուզենար, որ իրավիճակն այլ լիներ, եւ կարելի լիներ մեր ժողովրդին ներկայացնել որպես անկառավարելի ամբոխ, որը ջարդում եւ փշրում է: Դա իրենց բռնապետության լավագույն հիմնավորումը կարող էր լինել: Շատ լուրջ ջանքեր գործադրվեցին, որպեսզի 2008-ի մարտի մեկին իրավիճակը հենց այդպես ներկայացվեր՝ իբր հայ ժողովուրդը սումգայիթյան մի վայրենի ամբոխ է, բայց չնայած այդ ամենին՝ դա չհաջողվեց, եւ ցայսօր էլ, չնայած 100-ից ավելի մարդ բռնվեց այդ օրերին, չհաջողվեց որեւէ մեկին դատապարտել մեքենա այրելու կամ խանութ թալանելու գործով, եւ այսօր, նույնիսկ կասկածողները, թերեւս, շատ լավ հասկանում են, թե ում ձեռքի գործն էին այդ գործողությունները: Այսօր էլ իշխանության շահերը ներկայացնող շատ անձինք եւ խմբեր ուրախ են, այն իմաստով, որ իրենց թվում է, թե վերջապես կարող են հայ հասարակությանը անօրինականության մեղադրանք ներկայացնել: Նրանք կփորձեն նաեւ երեկվա դեպքերի հետ կապված որոշ մանրամասներ հետադարձ կերպով բարդել նախկինում եղած բողոքի տարբեր դրսեւորումների վրա՝ մեծ հանրահավաքներից մինչեւ տեղական քաղաքացիական գործողություններ: «Տեսե՛ք, թե ովքեր են այս մարդիկ» սկզբունքով: Սա, իհարկե, պարզունակ տեխնոլոգիական հնար է, բայց պետք է հասկանալ, որ այն երկսայրի է: Ինչո՞ւ:

 

Իշխանական քարոզչության երկսայրի սուրը

 

Մի կողմից, ինչպես նշեցինք, իշխանությանը ձեռնտու է իր դեմ ուղղված բողոքները ներկայացնել որպես օրինախախտման դրսեւորումներ: Եթե իրենք  բողոքավորները գործում են օրենքի խախտման եզրին կամ, այլ կերպ ասած, համապատասխան առիթ են տալիս իշխանությանը, ապա վերջինիս քարոզչությունն անմիջապես անցնում է գործի: Հենց այս պահին ականատես ենք իշխանական այդ քարոզչությանը: Ընդ որում՝ ինչպես միշտ, դա իրականացվում է երկու զուգահեռ եւ արտաքուստ հակադիր ուղղությամբ: Առաջին խումբը խիստ «զայրացած» է Շանթի գործողություններից, իրավական եւ բարոյական «ա՛յ-ա՛յ-ա՛յ» է հնչեցնում: Կարելի էր նույնիսկ հավատալ այս մարդկանց վեհ կեցվածքին, եթե երեկվա դեպքերը դատապարտող այդ վեհությունը չզուգակցվեր վեհերոտությամբ իշխանության ներկայացուցիչների կողմից տասնյակ եւ հարյուրավոր դեպքերը նույնքան կրքոտ կերպով դատապարտելու գործում: Բնականաբար, դատապարտելով Շանթին՝ փորձում են «ձեռի» հետ ստվերել եւ բոլոր մյուս քաղաքացիական դրսեւորումները: Երկրորդ խումբը գործում է ճիշտ հակառակ ուղղությամբ: Իշխանական կենտրոններից ֆինանսավորվող հայտնի լրատվամիջոցներում այնպիսի արմատական, Շանթից էլ «շանթական» տեսակետներ են շարադրվում, որ մարդ մնում է շվարած. եթե մեր ընկեր Շանթն այդքան վճռական կողմնակիցներ ուներ, ապա ինչո՞ւ նրանք նրա կողքին չէին եւ չէին փորձում իրենց արմատականությունը գործողության վերածել կոնկրետ դեպքում եւ կոնկրետ վայրում: Այս խումբն էլ «ձեռի հետ», բնականաբար, քար է նետում քաղաքացիական բողոքի մյուս դրսեւորումների ուղղությամբ, բայց մի այլ շեշտադրմամբ՝ դրանք բավականին վճռական չէին եւ արմատական չէին: Այսպիսով՝ ունենք արտաքուստ երկու տարբեր մոտեցում, բայց կարեւոր է, որ դրանց թիրախն, ի վերջո, նույնն է: Իհարկե, անհրաժեշտ է շեշտել, որ մեր մտքով էլ չի անցնում պնդել, թե բոլոր մարդիկ եւ խմբերը, որոնք ներկայացնում են շարադրված երկու տեսակետին մոտ կարծիքներ, իշխանական քարոզչության մասն են: Բնականաբար՝ ո՛չ, խոսքն ընդամենը սահմանափակ թվով «կարծիք ձեւավորողների» մասին է:

 

Բռնապետությունը հղի է հեղափոխությամբ

 

Հիմա հասկանանք, թե ինչու է այս քարոզչական արշավը, որն իրականացվում է իշխանության կողմից, ոչ միայն ձեռնտու, այլեւ, մյուս կողմից՝ վտանգ ներկայացնող իշխանությանն իսկ: Առաջին հայացքից թվում է, թե սա անլուծելի հակասություն է, սակայն մի փոքր ավելի ուշադիր հայացքի համար դա բավականին պարզ է: Մեզ մոտ գոյություն ունեցողից շատ ավելի ամուր բռնապետություններ տապալվել են ժամանակի ընթացքում: Եվ տապալման ձեւը ամենեւին էլ միշտ խաղաղ չի եղել: Պատմությունն ու հասարակական գործընթացներն առհասարակ չեն հարցնում մեր  կարծիքն իրենց մասին՝ ընդունո՞ւմ ենք բռնությունը, թե՞ ոչ: Նրանք լինում են ավելի կամ պակաս բռնի, ավելի կամ պակաս անցնցում՝ կախված կոնկրետ իրավիճակից: Ընդ որում՝ հենց բռնապետություններն իրենք են, ի վերջո, պատասխանատու հեղափոխական բռնության չափի համար՝ մի քանի պատճառներով: Նախ՝ բռնապետությունն իր էությամբ իսկ, իշխանափոխության եւ հասարակական հակասությունների այլ տարբերակ չթողնելով, հանգեցնում է այդ նպատակների բռնի իրականացմանը: Այսինքն՝ բռնապետությունն ամբողջական համակարգ է. եւ դրա անվանման «բռնի» բաղադրիչը բնորոշում է ոչ միայն իշխող խավին, այլև միտված է դառնալ հարցերի լուծման միակ բանալին տվյալ հասարակության մեջ: Այլ կերպ ասած՝ բռնապետությունը հղի է բռնի հեղափոխությամբ. այդ երկուսը երկվորյակ եղբայրներ են եւ պայմանավորված են մեկը մյուսով: Երկրորդ՝ ճնշելով, թուլացնելով, պառակտելով իր դեմ ուղղված բոլոր խաղաղ, օրինական բողոքներն ու շարժումները, բռնապետությունը, բնականաբար, ուղի է բացում բողոքի այլ ձեւերի համար: Հասարակական հակասությունները գոյություն ունեն առարկայորեն՝ անկախ մեր կամքից, եւ նրանք չեն կարող մի օր հանգուցալուծում չունենալ: Ճնշումներով եւ այլ մեթոդներով ստեղծվող բռնապետական կայունությունը միայն մակերես է, որ հակասությունների խորքային լուծում չի կարող տալ, քանի որ չի կարող որեւէ հասարակության մեջ չլինել շահերի բախում: Եվ եթե բախման լուծման խաղաղ, օրինական մեխանիզմը, խաղի կանոնը տրված չէ, ապա այն, ինչ կարող էր լինել խաղաղ մրցակցություն, պայմանական ասած՝ «ֆուտբոլ» (այսինքն՝ կանոնակարգված, խաղային հակադրություն), վերածվում է բռնի բախման՝ պատերազմի: Եվ որքան ավելի հետաձգվում է հանգուցալուծումը, որքան ավելի է ավերի ենթարկվում խաղաղ քաղաքական դաշտը, որքան ավելի անսաասան է թվում բռնապետությունը, այնքան ավելի անխուսափելի է դառնում պետության համար վտանգավոր՝ ցնցումային զարգացումը: Կարելի է հազար անգամ դատապարտել բռնի միջոցները, օրենքի խախտումները, եւ հազար անգամ տեսականորեն ճիշտ լինել, բայց հասարակական օրինաչափությունները, լինելով առարկայական, չեն հարցնում մեր կարծիքն իրենց մասին: Քանի որ բռնապետությունն ինքն ապաբանական է՝ իռացիոնալ, ապա ուշ թե շուտ նա ծնում է ապաբանական բողոքի դրսեւորումներ իր նկատմամբ: Սա է հարցի խորքը, այլ ոչ թե մակերեսային դատապարտումները կամ արդարացումները: Իռացիոնալ բողոքը, բռնի գործողությունն ընդամենը բռնապետության հայելին է: Վերջապես՝ երրորդը. հանուն իր քարոզչական նպատակների բռնապետությունները հաճախ կարող են ուղղակի կամ անուղղակի խրախուսել օրինախախտ գործողությունները, ինչպես դա տեղի է ունենում մեզանում այսօր, կամ էլ օրինական գործողությունները ներկայացնել որպես օրենքից դուրս գտնվող: Կարճաժամկետ առումով՝ դա տալիս է իր օգուտները իշխող խավին, բայց երկարաժամկետ առումով՝ դա ապակայունացնում է իրավիճակը, եւ օրերից մի օր մարդիկ, խրախուսված հենց իշխանական քարոզչության կողմից, կարող են անցնել արդեն իրապես զանգվածային բռնի գործողությունների եւ որոշ նպաստավոր պայմանների դեպքում հասնել հաջողության: Իհարկե, այս դեպքում կարող է տուժել նաեւ պետությունը, այլ ոչ միայն իշխանությունը, մանավանդ՝ եթե կա արտաքին թշնամու խնդիր, բայց կրկնենք, որ պատմական եւ հասարակական օրինաչափությունները մեր կարծիքը հազվադեպ են հարցնում իրենց մասին: Հայաստանի բռնապետությունը պետք է գիտակցի, որ հեռանալու է կա՛մ խաղաղ եւ անցնցում, կա՛մ էլ լրիվ այլ ճանապարհով ու անկանխատեսելի սցենարով ու հետեւանքներով: Ոչ մեկին դեռ չի հաջողվել խաբել պատմությանը: 

Նախորդ հոդվածը‘Նոր զինդատախազը Արտավազդ Հարությունյանն է’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Վովա Գասպարյանի այցելությունից հետո վերաբերմունքը կտրուկ փոխվեց’