‘Խմբագրական. Բրյուսել-Վիլնյուս-Մոսկվա-Սիքտիվկար’

1537

Որքան ներքուստ ուժեղ կլինի Հայաստանը, այնքան՝ անկախ. այլ կերպ ասած՝ Հայաստանի ինքնիշխանության հարցը լուծվելու է, նախեւառաջ, Հայաստանում: Սրանք, իհարկե, չափից ավելի ակնառու ճշմարտություններ կարող են թվալ՝ դրանք արձանագրելու համար, բայց թվում է, թե հայկական վերնախավերը, «գենետիկորեն» տարված լինելով «գեոպոլիԾիկ» խաղերով, նույնիսկ եթե ձեւականորեն խոստովանեն այս ճշմարտությունները, ենթագիտակցական կաղապարի մակարդակում շարունակելու են դրանք չըմբռնել: Իհարկե, արտաքին գործոնները չափազանց կարեւոր են, իհարկե, արտաքին ուժերը միշտ էլ կունենան մեր երկրում իրենց հինգերորդ շարասյուները կամ ազդեցության ոլորտները, բայց կարելի է բավականին վստահորեն պնդել՝ ելնելով համաշխարհային պատմական փորձից, որ արտաքին ուժերը, վերջին հաշվով, կհաշտվեն ցանկացած փաստացի ներքին իրավիճակի հետ, որն իր մեջ ուժ կգտնի պարտադրել հայաստանյան հասարակությունը: Մեծ հաշվով՝ սա է հայաստանակենտրոնության կամ երրորդ ուժի բացառման օրենքի իմաստը՝ ուժի կենտրոնը փնտրել երկրի ներսում, եւ գործողություններում հաշվի առնել այնքան ուժ, որքան կարող է տվյալ պահին տրամադրել մեր հասարակությունը կամ հասարակության համախմբումը: Սակայն թվում է, թե այս կաղապարն այնքան խորթ է մեր վերնախավերին, որ հայաստանակենտրոնությունը, մի տեսակ՝ չինարեն նշանագրի տեղ է անցնում, եւ դրա տակ փորձում են գտնել այլ ենթատեքստեր՝ հատկապես այս կամ այն «մետության» նշաններ՝ ըստ յուրաքանչյուրի ճաշակի: Երեւի դա մոտավորապես նման է երկչափ աշխարհում ապրող մարդկանց եռաչափ տարածություն բացատրելու փորձերին: Եռաչափը չի բացառում երկչափը՝ ընդգրկելով այն իր մեջ, բայց ահա երկչափը չի կարող իր մեջ ներառել եռաչափությունը, դրա համար էլ ստիպված է եռաչափությունը պարզեցնել իր երկչափության մակարդակի:

Վերնախավերի իմպոտենցիան

Ձգտել սեփական երկիրը ներքաշել աշխարհաքաղաքական ուժերի բախման մեջ, դարձնել երկիրը բախման դաշտ՝ դժվար է պատկերացնել ավելի ռիսկային ռազմավարություն որեւէ փոքր երկրի վերնախավի համար, բայց ինչ-ինչ նեղ խմբային հաշվարկներից ելնելով՝ Հայաստանի իշխանությունը գնաց այդ ճանապարհով, եւ սովորաբար ընդդիմադիր տրամադրված վերնախավի մի մասն էլ լռելյայն կամ բացահայտ աջակցեց իշխանության այդ ուղղությանը: Գործընթացը, ինչպես եւ նախապես շատերի կողմից զգուշացվել էր, բերեց նախատեսվածից ճիշտ հակառակ տեղ. խախտելով հավասարակշռությունը՝ Ա կետի փոխարեն հայտնվեցինք Բ կետում: Հատուկ ենք գրում առանց կոնկրետ անուններ տալու, որպեսզի հասկանալի լինի, որ սա ոչ այնքան կոնկրետ իրավիճակի, որքան մոդելավորման խնդիր է, որտեղ կոնկրետ անվանումները կարող են կապ չունենալ անգամ: Ընդ որում՝ վերջին զարգացումներն Ուկրաինայում, կարծես, վկայում են, որ խնդիրը ոչ միայն հայաստանյան էր, այլև ավելի մեծ մասշտաբի. գործընթացը լավ հաշվարկած չէր ընդհանրապես, այլ ո՛չ միայն Հայաստանի պարագայում, եւ բերեց հակառակ արդյունքների: Այս ամենի արդյունքում իրոք վտանգեցինք մեր ինքնիշխանությունը: Որեւէ մեկը պատասխանատվություն չստանձնեց սրա համար՝ շատ խոսքեր, քիչ գործողություններ, իսկ խոսքերի մեջ էլ պաթետիկան, ճարտասանությունը, կարգախոսականությունը, «լավագույն» դեպքում՝ «մուտիտը» բացարձակ գերակայություն ստացան հանգիստ վերլուծականության եւ տարրական ողջախոհության նկատմամբ: Բայց սա դեռ ոչինչ, ի վերջո, եթե պատասխանատվությամբ աչքի չեն ընկնում նույնիսկ զարգացած համարվող երկրների այսօրվա վերնախավերը, անհիմն լավատեսություն կլիներ սպասել նման բան մերոնցից: Ավելի հետաքրքիր է, որ տապալվելով «գեոպոլիԾիկ» իր մեծն նախաձեռնության մեջ (որի շրջանակներում, ի դեպ, հայ ժողովրդին առաջարկվում էր դիմանալ տնտեսական պատժամիջոցների, իսկ ոմանք նույնիսկ պատերազմը համարում էին ընդունելի գին՝ հայտնի չէ՝ ինչի դիմաց, եթե Հայաստանի ժողովուրդը մնում էր նույն եւ ավելի ամրապնդված բռնապետության շահագործման ենթական. ուրիշներն էլ, հակառակը՝ զառանցում էին Մեծ Հայաստանի, ատոմային զենքի ստեղծման եւ նման անհեթեթությունների մասին), հայ վերնախավի մի մասը առաջ քաշեց իր մյուս սիրելի, ավանդական «երգը»՝ «դարձնենք արյան ծով» եւ «հերոս մռնչաց, սուլթան դողդողաց» ոճի մեջ: Հետաքրքիր է, որ այդ մարդիկ, որոնց համար ծաղրելի է համարվում այդ մտածելակերպը, եթե խոսքը թուրքերի դեմ պայքարի մասին է, պարզվեց՝ իրականում նույն այդ մտածելակերպի կրողներն են, քանի որ համարում են, որ ինքնիշխանությանն ուղղված սպառնալիքների դեմ պայքարը պետք է հենց այդպիսի բնույթ կրի, եւ որ դա, ուրեմն, ընդհանրապես պայքարի արդյունավետ ձեւ է: Միգուցե ժամանա՞կն է հասկանալու, որ ինքնիշխանության խնդիրը չափազանց լուրջ եւ հիմնարար է, որպեսզի դրա պաշտպանության ուղղությամբ ընտրված մարտավարությունը համարվի «ով ավելի ուժեղ քֆուր կտա» տարբերակը:

Հայաստանցու կենսական օրակարգը

Այս ամենի մեջ կա մի կարեւոր կետ եւս: Ի տարբերություն վերնախավի նեղ հատվածների, որոնք նաեւ անձնապես շահագրգռված են «գեոպոլիԾիկ» հիստերիկաների մեջ, հայաստանցիների մեծ մասի օրակարգը լրիվ այլ է, եւ նա լրիվ այլ բան է սպասում թե՛ վերնախավերից, թե՛ կոնկրետ քաղաքական ուժերից: Իհարկե, կա էլիտիստական պատկերացում սեփական ժողովրդի մասին, թե իբր հայ ժողովրդի մեծ մասը ռուսամետ է: Դրանք շատ մակերեսային պատկերացումներ են: Միգուցե զուտ խոսքի մակարդում իրոք այդպիսի տպավորություն կարող է ստեղծվել, բայց հայաստանցու իրական օրակարգը ներքին է, եւ «գեոպոլիԾիկ» հարցերը նրա համար, մեծ հաշվով, խորաթա են, եւ երբեք ոչ կենսական օրակարգի մաս: Կենսական օրակարգ ասելով՝ նկատի չունենք «հացուկալբասի» մասին ինչ-որ պոպուլիստական բաներ: Հայաստանցու համար կենսական օրակարգ են երկրի ներքին հարցերը՝ արդարություն, օրինականություն, այո՛, նաեւ՝ բարեկեցիկ կյանք: Ի տարբերություն իր վերնախավերի մի մասի՝ հայաստանցին հասկանում է կամ, գուցե ասենք՝ բնազդով զգում է, որ իր երկրի հարցերն իր երկրի ներսում եւ ներսից են լուծում ստանալու: Իսկ մնացածը, կրկնենք, ավելի շատ խորաթայի, գյալաջիի շարքից է, որն այդքան էական նշանակություն չունի, որքան սեփական երկրի եւ ժողովրդի մասին առասպելական, իսկ ավելի ստույգ՝ ներքին գաղութատիրոջ, «միսիոների» պատկերացումներով ապրող «էլիտան» է մտածում (էլիտա ասելով՝ նկատի ունենք ոչ միայն իշխանություն ունեցողներին, այլեւ մտավորական-լրագրող-գործիչ-ակտիվիստ խավը): Հայաստանի ժողովուրդը կարիք ունի իր օրակարգը սպասարկող եւ ձեւակերպում տվող վերնախավի եւ քաղաքական կազմակերպության: Այդ օրակարգն ու այդ ուժը կարող են լինել միայն հայաստանակենտրոն: Այստեղ է նաեւ Հայաստանի ինքիշխանության բանալին՝ հայ հասարակության առողջ մեծամասնության եւ դրա շահերը ներկայացնող ուժի դաշնի մեջ, Երեւանում ու մարզերում, այլ ոչ թե Վիլնյուս-Բրյուսել-Մոսկվա-Սիքտիվկար գծի վրա: 

Նախորդ հոդվածը‘Հեռուստամարաթոնների քրոնիկոն. Ամեն ինչ սկսվեց 1996-ին’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը բյուջեից 12 մլն դրամ կտա՝ «Ինչ: Որտեղ: Երբ:» խաղի արտոնագրի համար ‘