‘Խմբագրական. Գյումրի, հունվարի 15. նախնական նկատառումներ’

2851

Հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած բողոքի գործողության շուրջ՝ մի քանի շատ սեղմ, առայժմ միայն՝ շատ նախնական նկատառումներ:

«Ստրուկ ժողովրդի» մասին մուղամի հերթական հերքումը

Առաջինը. հերթական անգամ բոլորի համար ակնառու կերպով հերքվեց «առաջադեմ» մտավորականության սիրած՝ «ժողովուրդը ստրուկ է» կրկներգով նեյնիմը: Հերթական անգամ տեսնում ենք, որ մեր հասարակությունը պատրաստ է պայքարել իր իրավունքների համար ա՛յն դեպքերում, երբ հիմքում ընկած է իրական, բովանդակային հարց և արդարության կենսական խնդիր: Հարցն էլ հենց այն է, որ երբ փորձում են մարդկանց արհեստական, մտացածին կարգախոսներով մոբիլիզացնել, ապա, ստանալով զրոյական արդյունք՝ սկսում են «ժողովուրդը ստրուկ է» մուղամը: Հուսանք՝ այս անգամ վերջնական դաս կստանանք և այլևս երբեք սեփական անկարողությունն ու անզորությունը չենք արդարացնի հասարակության, իբր, անորակությամբ:

Զանգվածային գործողությունը ենթադրում է կազմակերպվածություն

Երկրորդ. երեկվա դեպքերի օրինակով համոզվեցինք, որ զանգվածային բողոքի գործողություն կազմակերպելը «խաղ ու պար» չէ և կարող է ավարտվել իմաստազուրկ բախումներով, զոհերով և այլն, եթե չկա հետևողական կազմակերպում, ղեկավարում, եթե կուզեք՝ առաջնորդում: Ո՞րն է դրա գաղտնիքը: Թվում է, թե զայրացած ամբոխն անկառավարելի է: Իրականում, այսպես կոչված՝ ամբոխը լսում է նրան, ով ինքը խոսում է ոչ թե զուտ հույզերի, այլ բանականության լեզվով, և դա էլ երեկ տեսանք: Բացի այդ, զանգվածային գործողությունը դառնում է անկառավարելի, երբ մարդիկ չեն զգում հստակ և հետևողական օրակարգ, պահանջների և գործողությունների հերթականություն: Բավարարվածություն չստացած հույզն այդ ժամանակ թելադրում է չմտածված, մեկ քայլանի, շարունակություն չունեցող գործողություններ: Երեկ հստակ տեսանք, որ իրավիճակը կարգավորվեց՝ շնորհիվ քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջամտության: Շեշտն այստեղ ոչ թե քաղաքականն է, այլ՝ «ուժը», այսինքն՝ կազմակերպությունը: Զանգվածային գործողությունն առանց կազմակերպման և առանց ղեկավարման ոչ միայն անկանխատեսելի է, այլև անարդյունավետ և կարճ ժամկետում մարող: Սա նույնպես պետք է վերջնական դաս լինի նրանց համար, ովքեր սիրում են օդ տատանել «այսինչի կամ այնինչի ժամանակն անցավ» տիպի դատարկաբանություններով:

Իշխանության քողարկված ուղերձը՝ խնդիրը ոչ թե Հայաստանում է, այլ ընդդեմ օտարի է

Երրորդ. այն, որ մարդկանց արդար պահանջից պիտի փորձեին օգտվել տարբեր տրամաչափի չկայացած կամ ներքին և արտաքին կենտրոններից ուղղորդվող մերձքաղաքական խմբակներ՝ ի սկզբանե պարզ էր և մեծ հաշվով՝ «բնական» (բա հենց նման դեպքերն են նման խմբակների համար, Աստված ների, երկնային մանանա): Իհարկե, երեկ նաև այդ գիծը քիչ թե շատ հստակ տեսանք ու դեռ որոշ ժամանակ կտեսնենք (չնայած՝ երկարաժամկետ առումով դա դատապարտված է ձախողման, որովհետև այդ մարդիկ երբեք այդպես էլ չեն ընկալի ո՛չ ժողովրդի իրական հոգեբանությունը, ո՛չ էլ քաղաքական գործընթացների խորքային տրամաբանությունը): Բայց այդքան հետաքրքիր չէ դա, որքան մի նրբություն:

Երեկվա ելույթներից մեկում նկատելի էր մի բավականին հստակ ուղերձ՝ մենք հայերով իրար մեջ խնդիր չունենք, մեր խնդիրն օտարի հետ է: Ես սա գնահատում եմ որպես քողարկված, գուցե նույնիսկ ասողի իսկ կողմից մինչև վերջ չգիտակցված իշխանական ուղերձ գործողության մասնակիցներին: Եվ շատ հետաքրքիր է, որ, իմ տպավորությամբ, այդ ուղերձը մերժվեց՝ հավաքվածների մեծ մասը հստակ գիտակցում էր, որ իրենց պարտք ու պահանջը Հայաստանի իշխանության հետ է, որովհետև իրենք Հայաստանի քաղաքացիներ են, և օտարն իրենց հետաքրքրում է «այնքանով, որքանով»: Այս և մյուս նշաններից գոնե ինձ համար հստակ է, որ ոչ միայն «խմբակների», այլև իշխանության թիվ մեկ նպատակն է այսօր բողոքն ուղղորդել «օտարի դեմ», սեփական պատասխանատվության հարցը հանել և «մայդանի» իմիտացիա սարքել՝ բախումներով, «պագռոմներով», օտարատյաց կոչերով և այլն, մի բան, որ հայ հասարակությանն ընդհանրապես բնորոշ չէ: Դե, ասենք՝ պարզ է, որ խմբակների գործունեությունը նույնպես ինքնուրույն չէ, այլ այս կամ այն կերպով համաձայնեցված է իշխանության հետ:

Դրական և բացասական արդյունքները

Չորրորդ. արդյունքների մասին: Դրանք երկակի են: Մի կողմից, կարծես, հաջողվեց ստեղծել «պագռոմի» պատկերը, որը երկակի չարաշահման է ենթարկվելու: Մի կողմից՝ դրա հետքերով հայտնվելու են համապատասխան ոճի հրապարակումներ ռուսական մամուլում, ընդ որում՝ թե՛ ուղղորդված, թե՛ ինքնաբուխ, մյուս կողմից՝ «խմբակները» և իշխանական քարոզչությունը դա օգտագործելու են հանուն իրենց նպատակների: Ընդ որում՝ իշխանական քարոզչությունը նույնպես երկակի կերպով է օգտվելու եղածից: Պաշտոնապես՝ ընդդիմացողներին որպես «պագռոմշչիկ» ներկայացնելու, իսկ տակից՝ հակառուսական հիստերիան բորբոքելու համար:

Մյուս կողմից՝ կա և դրականը: Բացի այն, որ բախումնային սցենարն ի վերջո կանխվեց և, կարծում եմ, այլևս չի կրկնվի, պետք է հաշվի առնենք հետևյալը: Բողոքավորների պահանջներն ավելի քան արդարացի էին, և հաշվի առնելով, թե ինչ իրավիճակի արդյունքում են ձևավորվել, նույնիսկ կարելի է ասել՝ չափավոր ու զուսպ էին: Որքան կարելի է հասկանալ հեղինակավոր իրավաբանների մեկնաբանություններից, հիմնական պահանջը՝ հանձնել հանցագործին Հայաստանի իրավապահներին, արդեն անիրագործելի է, բայց դա չի նշանակում, ըստ իս, որ այդ պահանջից պետք է հրաժարվել: Նախ, բացի իրավունքից՝ կա քաղաքականություն, և տեսականորեն՝ կարելի է պատկերացնել, որ քաղաքական որոշումը կարող է բեկանել զուտ իրավականը: Բայց նույնիսկ եթե հաշվի առնենք, որ այս տարբերակն էլ քիչ հավանական է, միևնույն է, ակնհայտ է, որ բողոքի ալիքը որոշակի ազդեցություն թողել է կողմերի վրա, և պետք է հուսալ, որ անկախ գլխավոր պահանջի իրականացում-չիրականացումից՝ դա նպաստելու է նրան, որ գործը չկոծկվի, չցրվի, և հանցագործը կամ հանցագործները (եթե դրանք մի քանիսն են) իրական պատիժ կկրեն:

Միայն թե մի բան պետք է հաշվի առնենք՝ բողոքի ալիքն այնքան ազդեցիկ կլինի, որքան՝ ա. քիչ սադրանքներ և բախումներ կլինեն, բ. որքան բացառվի անառողջ հիստերիզմը դրանց շուրջ (եթե թույլ տամ ինձ մի փոքր կատակ, ապա կասեմ՝ առողջ գյումրիական քֆուրին՝ այո՛, իսկ անառողջ գոռգոռոցին՝ ո՛չ), գ. որքան քիչ մառազմատիկ «գեոպոլիտիկա» ներմուծվի, դ. որքան ավելի հստակ կպահենք՝ խնդիրը հենց հայերիս միջև է, այլ ոչ թե ինչ-որ օտարների հետ՝ իրապես անկախական գիծը (կոպիտ ասած՝ ցանկացած օտարի հերն էլ անիծած՝ մեր պատիվը պիտի մեր պետությունն ու մեր պաշտոնյաները պահեն և հասարակության պահանջները ներկայացնեն՝ այդ թվում օտարին):

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Օմբուդսմենի հայտարարությունը՝ Գյումրու ոճրագործության հետևանքով տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ քաղխորհրդի հայտարարությունը` Գյումրիի դեպքերի հետ կապված’