‘Խմբագրական. «Գորիկ օտ ումա», կամ՝ ինչո՞ւ է իրեն պատեպատ տալիս Սերժ Սարգսյանը’

2736

Վերջին մոտ մի ամսվա ընթացքում Սերժ Սարգսյանը փորձում է «մկաններ խաղացնել» և «ատամներ» ցույց տալ: Այդ մարտավարության վկայություններն են հարձակումներն ընդդիմադիրների վրա, դրանց շուրջ հնչած ելույթներն իշխանական ճամբարից (Սեյրան Սարոյան և այլն) և ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի հայտնի հայտարարությունը: Ի՞նչն է խնդիրը, ինչո՞ւ է ՀՀԿ նախագահը՝ «բարի» և «առաջադեմ» Սերժը, որոշել տարեվերջն ավարտել այսպիսի նոտայով: Ո՞ւմ են ուղղված նրա ուժային ուղերձները, և քանի՞ արժեզրկված դրամ արժեն դրանք:

Նախ՝ արձանագրենք, որ ե՛ւ Գորիկ Հակոբյանի հայտարարության, ե՛ւ Սեյրան Սարոյանի ելույթի, ե՛ւ Արամ Մանուկյանի վրա հարձակում գործած «խոպանչու» բացատրությունների բուն հեղինակները ոչ թե այդ անձինք են, այլ ինքը՝ Սերժ Սարգսյանը, որն այդ բոլորի շուրթերով յուրահատուկ ամանորյա ուղերձ է հղում քաղաքական դաշտին: Ուղերձի իմաստը թափացիկ է. ՀՀԿ առաջնորդն ուզում է տպավորություն ստեղծել, թե պատրաստ է քաղաքական խնդիրների ուժային լուծման: Հարցը, սակայն, այն է, թե որքան է այստեղ բլեֆը, իսկ որքան՝ իրականությունը:

Ուժային ցուցադրում՝ բխած թուլությունից

Երբ իշխանական քարոզչությունը փոշոտ դարակից լույս աշխարհ է հանում «նարնջագույն հեղափոխության», «ատելության սերմանման», «պետական հեղաշրջման», «նախագի արժանապատվության» թեմաները, նշանակում է, որ իշխող խումբն իր դիրքերին լուրջ սպառնալիք է տեսնում և ստիպված է, մի կողմ դնելով «բարի և եվրոպամետի» իր դիմակը, ցույց տալ իր իրական դեմքը: Շեշտենք, որ վերջին անգամ այս ոճն օգտագործվել է իշխանության կողմից 2008-ի ձմռանը: Իսկ դա նշանակում է, թե իրավիճակի լրջությունն ու իշխանությանն ուղղված սպառնալիքն այսօր գնահատվում է Սարգսյանի կողմից մոտավորապես համապատասխան կերպով, ինչ այդ ժամանակ:

Իրոք, որքան էլ արտաքուստ իրավիճակը տարբերվի 2008-ից և թվա ավելի հանգիստ, սակայն իրականում ներքին լարումը մեծ է, և իշխանության վերջին շրջանի ցուցադրական ուժային գործողություններն ու ճարտասանությունն ընդամենը մակերեսային դրսևորումներ են այդ ներքին լարման: Ներքաղաքական գործընթացի երկու կողմերն էլ՝ իշխանությունն ու ընդդիմությունը (Եռյակը), շատ զգույշ պարտիա են խաղում՝ երկկողմանի հետաձգելով ներքաղաքական հանգուցալուծումը. հետաձգումը, սակայն, չի նշանակում լուծում կամ լարման ցրում:

Օրակարգի կենտրոնում մնում է Սերժ Սարգսյանի քաղաքական ռազմավարության թիվ մեկ խնդիրը՝ սահմանադրական փոփոխությունների անցկացումը, որի սկիզբը նա երկու անգամ հետաձգեց անցնող տարվա ընթացքում: Որքան էլ այս կամ այն անկախ փորձագետը դեմքի լուրջ արտահայտությամբ ազդարարի, թե Հայաստանում որևէ լուրջ ներքաղաքական գործընթաց այս պահին չկա, իսկ ֆեյսբուքչի պրոֆեսիոնալ կայֆարիկները «ձեդոյի» թվի «ձիժուրնի» հումորներ անեն «թեժ աշնան» մասին, այն, որ գործընթաց կա՛, և հատկապես այն, որ Սերժի դիրքերը 2014-ի ընթացքում զգալիորեն, վերջին առնվազն 3 տարվա կտրվածքով՝ աննախադեպ թուլացել են՝ կլինիկական փաստ է: Բացի այն, որ նա չկարողացավ լուծել պարզ թվացող՝ սահմանադրական փոփոխություններին զարկ տալու հարցը, նա նաև զրկվեց իր իշխանության տեսակետից համակարգաստեղծ վարչապետ Տիգրան Սարգսյանից (որին այդ առումով անփոխարինելի պետք է համարել), իսկ ընդդիմությանն ուղղված բանակցության առաջարկները մերժվեցին Եռյակի կողմից:

Սարգսյանն, ուրեմն, տարին ավարտում է թուլացած դիրքում: Որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, հենց թույլ դիրքերից էլ բխում է նրա ուժային հոխորտանքը տարեվերջին: Ինչո՞ւ:

Բազմակիորեն մերժվածը

Խնդիրները, որոնք պետք է լուծի ՀՀԿ առաջնորդը, նույնն են լինելու գալիք տարում: Սահմանադրական նախագծի հերթական, արդեն՝ երրորդ ենթադրյալ ստարտը նշանակված է փետրվարի կողմերը (առաջինը 2014-ի հուլիսին էր, երկրորդը՝ նոյեմբերին): Նշանակում է, որ արդեն տարեսկզբին Սարգսյանը պետք է իր ուժերը կենտրոնացնի այդ հարցի լուծման ուղղությամբ: Սերժի ուժային ուղերձը միտված է հենց այս ռազմավարական կետին: Ուղերձն ունի երկու հասցեատեր:

Առաջինն իշխանական թիմն է: Բնականաբար՝ ՀՀԿ առաջնորդի դիրքերը թուլացել են իշխող խմբի ներսում, որի անդամները ամենևին էլ Սերժի մահապարտները չեն, և որոնք առավել քան ուշադիր հետևում են քաղաքական քամու ցանկացած տատանումների: Մկաններ խաղացնելով և թիմի անդամներին այդ խաղի մեջ ներգրավելով՝ Սարգսյանը փորձում է լուծել իր թիմի համախմբման և մոբիլիզացիայի խնդիրը, որն անհրաժեշտ է ներքաղաքական խաղում ուժեղ դիրքերից խոսելու համար:

Ուղերձի մյուս հասցեատերը Եռյակն էր: Պարզ է, որ երկրում, բացի Եռյակից,  այլ սուբյեկտ գոյություն չունի, որը կարողանա իրական խոչընդոտ դառնալ սահմանադրական փոփոխությունների, այսինքն՝ Սարգսյանի և նրա նեղ խմբի իշխանության «հավերժացման» ծրագրի իրականացման ճանապարհին, և բացի այդ՝ չկա և որևէ այլ քաղաքական միավոր, որն իրապես պայքարի Սերժի այդ թիվ մեկ քաղաքական խնդրի իրականացման դեմ (ոչ թե կարողանա, այլ թեկուզ ուզի պայքարել): Իսկ դա միակ խնդիրն է, որ այս պահին Սերժին լրջորեն մտահոգում է, որովհետև դա՛ է նրա իշխանության հարցը:

Պարզ է, որ եթե Սերժն իրեն բավականաչափ վստահ զգար և պատրաստ լիներ իրական, այլ ոչ թե ցուցադրական ուժային լուծումների, ապա նա, առանց նայելու Եռյակին, զարկ կտար սահմանադրական նախագծին: Պարզ է նաև, որ նախագծի հետաձգումը կապված է բացարձակապես Եռյակի դիրքորոշման հետ: Սրա մասին այնքան շատ է խոսվել, որ ինչ-որ տեղ ամոթ էլ է կրկնել, բայց քանի որ իշխանական քարոզչությունը դաունիզմով տառապող հիվանդի համառությամբ շարունակում է թեմայի շուրջ այլ «վարկածներ» մոգոնել, ապա ստիպված եմ նորից հիշեցնել այս պարզ փաստը: Մնում է բանակցությունների տարբերակը, որն անցնող տարվա մեջ Սերժը մի քանի անգամ ուղղակիորեն և անուղղակիորեն առաջարկել է ընդդիմությանը, բայց ամեն անգամ մերժում է ստացել (թե ինչու, բացի մերժումից՝ այլ տարբերակ չէր էլ կարող լինել, առիթ ունեցել ենք խոսելու): Շեշտենք, որ Սարգսյանին իրապես հետաքրքրում է բանակցային օրակարգի միայն մեկ կետ՝ սահմանադրականի խնդիրը, մնացած ամեն ինչը նա պատրաստ է զիջել: Սակայն հենց այդ կետում նա ստացել է հստակ և բազմակի մերժումներ: Հետևաբար՝ նրան մնում է ուժի ցուցադրումը, որին էլ նա անցել է ներքաղաքական խաղի նոր փուլի նախօրեին:

Սերժի բլեֆը

Բայց որքա՞ն արժեք ունի այդ ուժային ուղերձը, այսինքն՝ որքանո՞վ իրական է իրապես ուժային կոշտ լուծմանն անցնելու տարբերակը Սերժի կողմից:

Սերժի ուժային խաղը բլեֆ է: Հարցն, իհարկե, այն չէ, որ, ինչպես պնդում է «անկախ» քարոզչությունը, Սերժը բարի «ձաձա» է. պարզ է, որ հնարավորության դեպքում նա ցանկացած գնով, ընդհուպ մինչև ռազմական օդուժի կիրառում՝ կլուծեր ընդդիմության հարցը: Այս իմաստով՝ հավատալ, որ Սերժի պես մարդիկ ինչ-որ բարդույթներ ունեն՝ միամտություն է: Բայց հարցը հենց հնարավորությունն է: Իսկ հնարավորություն ստանալու համար երկրի քաղաքական դասավորվածության մեջ պետք է արմատական բան փոխվի: Ցանկացած խաղում էլ այդպես է՝ վճռական հաջողության համար պետք է անսպասելիորեն և կտրուկ փոխես ուժային կշռույթը, ճեղքում իրականացնես, հավասարակշռությունը խախտես: Ցուցադրական բռնությամբ և բռնության ճարտասանությամբ նման խնդիր Սերժը լուծել չի կարող: Իսկ ավելիի ռեսուրս նա չունի (ունենալու դեպքում կզբաղվեր ոչ թե Գորիկին ու Սեյրանին մեյդան հանելով, այլ առանց ոչ մեկին նայելու կամ հարցնելու՝ իր ծրագիրն առաջ կտաներ) և չի երևում, թե որտեղից պետք է ձեռք բերի:

Թերևս ՀՀԿ առաջնորդը մտածում է, որ կարող է իր ուժային քայլերով ստիպել ընդդիմությանը գնալ բանակցությունների և համաձայնել սահմանադրական նախագծին՝ ինչ-ինչ զիջումների դիմաց, բայց սա էլ կարելի է փակված թեմա համարել՝ հաշվի առնելով անցյալ տարվա զարգացումների ողջ փորձը, նաև այն, որ պարզ չէ, թե ընդդիմության համար ի՞նչ պետք է փոխված լինի, որպեսզի բազմակի և հստակ մերժումներից հետո նա համաձայնի այդ քայլին:

Այնպես որ՝ իրավիճակը մնում է Սերժի համար պատային, և, կներեք կալամբուրի համար, բայց նրա ուժային քայլերից այնպիսի տպավորություն է, որ նա այդ պատային վիճակում իրեն պատեպատ է տալիս:

Իշխանությունը չունի վճռական առավելություն

Սերժ Սարգսյանը, որպես իրատես գործիչ, պետք է ընդունի և ստիպված է լինելու ընդունել պարզ իրողությունը: Այն է՝ այս պահի դրությամբ երկրում ստեղծված ուժային դասավորությունը թույլ չի տալիս իրեն իրագործել քաղաքական բացարձակ մենիշխանության, ինչպես նաև սեփական իշխանության հավերժացման ծրագիրը: Դա առավելապաշտական (մաքսիմալիստական) և անիրատեսական ծրագիր է: Եթե բացառենք անսպասելի զարգացումները, ապա չի երևում որևէ միտում, որն այնպես փոխի ներկա ուժային դասավորությունը, որ այդ ծրագիրն իրատեսական դառնա: Ցուցադրական ուժային գործողություններով հնարավոր չէ ոչ մեկին խաբել և համոզել, թե դրանք բխում են իրական ուժային գերակշիռ, ջախջախիչ առավելությունից: Իսկ քանի որ վերջինս չկա, ճակատամարտում վճռական հաղթանակ տանելն անհնարին է: Ավելին՝ առավելապաշտական ծրագրի համառորեն առաջ տանելը և հանուն դրա՝ վճռական քայլերի դիմելը՝ համապատասխան ռեսուրսային և դիրքային առավելություն չունենալու պարագայում, բերելու է համակարգի արագ փլուզման և պարտության (խոսքը, շեշտեմ՝ գերակշիռ և ջախջախիչ առավելության մասին է, որովհետև միայն դա կարող է ապահովել վճռական հաջողություն, այլ ոչ թե սոսկ հարաբերական առավելություն, որն իշխանությունն, անշուշտ, ունի): Հետևաբար՝ միակ ողջամիտ տարբերակն այս պարագայում մնում է առավելապաշտությունից հրաժարվելը, որից հետո միայն հնարավոր կլինի շարունակել խոսակցությունը և քննարկել հետագան:

Հրանտ Տեր-Աբրահամյան

__________

«Գորիկ օտ ումա» — Ռուս գրող Գրիբոյեդովի «Գորե օտ ումա» («Խելքից պատուհաս») պիեսի անվան խաղարկումն է:  

Նախորդ հոդվածը‘Ռուդի Գարսիա. «Ես այն մարդ եմ, ով ամեն օր աշխատում է «Ռոմայի» ապագայի համար»’
Հաջորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում, ԿԲ-ում’