‘Խմբագրական. Գործը գարնան չհասնի’

2906

Մազոխիստ պետք է լինել՝ Սերժ Սարգսյանին նախանձելու համար: Քիչ էր ներքին ու արտաքին քաղաքականության մեջ նվաստացուցիչ ձախողումների շարքը, հասարակության ներսում տարրական հարգանքի կատարյալ բացակայությունը (սոլիդ թշնամուն նույնիսկ կարելի է հարգել), արդեն տևական ժամանակ է, ինչ նկատվում է մի հետաքրքիր տենդենց. Սերժ Սարգսյանի թիմի որևէ ներկայացուցիչ ջանք չի թափում ինչ-որ կերպ նրան պաշտպանելու հարվածներից, նվաստացուցիչ քննադատությունից: Եվ ընդհանրապես, իշխանության ներսում ոչ մեկը տեր չէ մյուսին նաև անձնական, ընկերական մակարդակում, ինչը միանգամայն նորմալ պիտի դիտվեր, եթե իշխանության գլուխ է մի թիմ, որտեղ, բացի աշխարհայացքի ընդհանրություններից, տարիների ընթացքում ձևավորվում են նաև մտերիմ,  անձնական հարաբերություններ: Տեր չէ, բնականաբար, նաև գործնական առումով: Տպավորություն կա նույնիսկ, որ իշխանական տարբեր թևերում Սերժ Սարգսյանի հասցեին հնչած քննադատությունն ընդունվում է քողարկված ոգևորությամբ, իսկ Սերժից ներքև գտնվող օղակների քննադատության պարագայում այդ ոգևորությունն արդեն անթաքույց է դառնում:

Արժանապատվության նշույլներ մի փնտրեք: Հանգիստ պատկերացրեք, որ Տիգրան Սարգսյանի վեջը չէ, թե ինչքան կնվաստացվի Սերժ Սարգսյանը թե՛ երկրի ներսում և թե՛ դրսում՝ քնած ժամանակ ընթերցելիս:  Ավելին, ինչքան թույլ եղավ իր շեֆը, այնքան շատ իր աթոռին կմնա օֆշորի գիտակ վարչապետը: Հովիկ Աբրահամյանը նույնքան ուրախ է Տիգրան Սարգսյանին տեսնել խորհրդարանական ընդդիմության թուքումրի թիրախում: Վովա Գասպարյանն ուրախ է տեսնել բոլորի նվաստացումը: Մնացած ուժայինների սրտին մեղր է քսվում ոստիկանապետին հասած հարվածներից: Մի խոսքով, վարչախմբի ներսում բոլորը բոլորին ատում են ու էդպես շարունակում կառավարել, հընթացս՝ որբ մնացած պետության հերն անիծելով: 

Սակայն այս ամենից դուրս, բայց նաև սրա հետևանքով Հայաստանում ստեղծվում է բոլորովին նոր իրավիճակ, որի ձևավորմանը նպաստում են հետևյալ գործոնները.

— Ինչպես արդեն նշեցինք, իշխանությունը, որպես միասնական թիմ, գնում է աստիճանական քայքայման ճանապարհով, իսկ Սերժ Սարգսյանի հեղինակությունը դրա ներսում շեշտակի տեմպերով նվազում է:

— Աճում է միջազգային ճնշումը, որը որոշ պարագաներում արդեն կրում է անթաքույց բնույթ: Արագանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:

— Խորհրդարանական ընդդիմությունը և հատկապես Հայ ազգային կոնգրեսն ուժեղացնում են իրենց քաղաքական հարվածների ինչպես սպեկտրը, այնպես էլ դոզավորումը:

— «Բարգավաճ Հայաստանն» արդեն ավելի համարձակ է գործում իշխանության դեմ, ինչպես հրապարակային հռետորաբանության, այնպես էլ ռեալ քաղաքական քայլերի դիմելու համատեքստում:

— Նորանոր հասարակական շերտեր են ներգրավվում իշխանության դեմ պայքարին (հանուն ճշմարտության՝ պետք է նշել, որ այստեղ անուրանալի է Սերժ Սարգսյանի ու նրա կառավարության ավանդը): Հասարակության ներսում աճում է իշխանության դեմ ինքնակազմակերպման մակարդակը:

— Բիզնես շրջանակներում իշխանությունների վարած քաղաքականության անհեռանկարայնությունն այլևս խորապես գիտակցված է:

Եթե այս ամենին գումարենք նաև այն, որ հունվարի 1-ից կթանկանան հանրային տրանսպորտը, տարատեսակ ապրանքատեսակներ, բնակչությունը կսկսի իր վրա իրապես զգալ ամռանը թանկացած գազի գինը, ավանդական ճոխ Ամանորից հետո Հայաստանում քաղաքական ու սոցիալական վիճակը պրկվելու է վտանգավորության աստիճանի: Եվ այս իրավիճակում հասարակական դժգոհությունը հզոր ալիքի վերածելու ոչ միայն բարենպաստ հնարավորություն է բացվում քաղաքական ուժերի համար, այլև այն դառնում է անհրաժեշտություն, որի հիմքում այլևս ազգային անվտանգությանն առնչվող հիմնավորումներ են: Այն իմաստով, որ Հայաստանի ներսում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունները զարգանում են արտակարգ ռեժիմում, և երկրի ապագայով մտահոգված ուժերը չեն կարող հաշվի չնստել դրա հետ և շտկումներ չանել իրենց վարքագծում: Հայաստանյան հասարակությունն ընդհուպ մոտեցել է «այսօր շուտ է, իսկ վաղը՝ ուշ» հեղափոխական վիճակի սահմանագծին և հապաղելու դեպքում վճարելու է է՛լ ավելի ծանր գին՝ Ղարաբաղի կորստի, ինքնաշխանության սահմանափակման, հարաճուն հայաթափման, տնտեսական կոլապսի տեսքով:

Ձմեռը Հայաստանի քաղաքական կյանքում ամենաբեղունն է մնացած եղանակներից (պատճառները պարզ են, հիմա չարժե անդրադառնալ դրանց): Ձմռանն է տեղի ունեցել հայաստանյան քաղաքական ակտիվ գործընթացների գերակշիռ մեծամասնությունը, նախևառաջ՝ 88-ի շարժումը՝ 25 տարի առաջ: Սա տուրք չէ սիմվոլիզմին կամ անցյալի հաջողակ քաղաքական գործընթացների հիշողությամբ լեցուն սենտիմենտալությանը, այլ կոնկրետ այս պահին պայմանավորված է վերը նշված գործոններով: Թեև, մեր մեջ ասած, հեչ վատ չէր լինի, որ ղարաբաղյան շարժումից 25 տարի անց մեր հասարակությունը համակվեր սենտիմենտալությամբ ու միասնական կամքով՝ մեկ անգամ էլ փրկելու Հայաստանն ու Ղարաբաղը: Միայն թե այս անգամ՝ ներքին ավազակների ձեռքից:

Նախորդ հոդվածը‘Bundesliga Special. Հաղորդում՝ նվիրված Մխիթարյանին և Օբամեյանգին (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանն այցելել է «Հեռուստամարաթոն-2013»-ի փարիզյան գրասենյակ’