‘Խմբագրական. Գործիչներ եւ խոսիչներ’

1822

Երբ իշխանական քարոզչությունն է փորձում այնպես ներկայացնել, թե երկրում ընդդիմություն չկա՝ հասկանալի է: Հասկանալի է նաեւ, երբ հասարակական ակտիվ գործընթացների մեջ չներգրավված կամ ներգրավվելու հնարավորություն չունեցող հասարակության, այսպես կոչված՝ շարքային անդամները ձեւակերպում են իրենց դժգոհությունը գործող ընդդիմությունից: Պակաս հասկանալի է, երբ «ընդդիմություն չկա» ձեւակերպումը տարածում են հե՛նց ընդդիմադիր քաղաքական գործիչները կամ նրանց կողմնակիցները: Այդ դեպքում բնական հարցեր են առաջանում՝ բա եթե ընդդիմություն չկա, կամ եղածը լավը չէ, ապա՝ ա. բա դո՞ւք ով եք, արդյո՞ք ընդդիմություն չեք, բ. բա ձեր գործի անունն ի՞նչ է, ո՞վ է խանգարում կազմակերպել լավ ընդդիմություն: Ճիշտ հասկանանք իրար. այստեղ խնդիրը հերթական ներընդդիմադիր անիմաստ «բազառը» բացելը չէ (ցավոք՝ այդպես էլ չսովորեցինք «բազառների» փոխարեն առողջ բանավեճեր կազմակերպել), այլ հարցի սկզբունքային քննարկումը: Ոչ ոք ոչ մեկին չի կարող պարտադրել իր կարծիքը, բայց  պետք է ընդունենք, որ «ընդդիմություն չկա» տեսակետը ենթադրում է ոչ թե խոսքեր, այլ գործ: «Ընդդիմություն չկա»-ի մասին չեն խոսում ընդդիմադիրները, կամ եթե խոսում էլ են, ապա մեկ-երկու անգամ արձանագրելուց հետո անցնում են գործի, որը, տվյալ դեպքում, կարող է լինել միայն ու միայն «չեղած» ընդդիմության շուտափույթ կազմակերպումը: Այլապես՝ մի քանի անգամ կրկնված «չկա»-ն կամա թե ակամա նույնանում է իշխանական քարոզչությանը (շեշտենք, որ դա, ինչպես նշեցինք, կարող է վերաբերել միայն ու միայն հրապարակային գործիչներին, բայց ոչ շարքային քաղաքացիներին): Գործիչը նրանով էլ գործիչ է, որ գործում է, այլապես նրա անունը կլիներ խոսիչ (բնականաբար՝ սրանով չենք ցանկանում նսեմացնել խոսքի դերը, բայց շեշտում ենք, որ հատկապես որեւէ «չկա»-ի դեպքում գործիչը պարտավոր է հե՛նց գործել՝ վերացնելու համար իր իսկ շեշտված բացը):

             Կազմակերպություն «über alles»

Մյուս կողմից, սակայն, պետք է նշենք, որ երբ ասվում է, թե այսօրվա Հայաստանում ընդդիմություն չկա, ապա ճշմարտության որոշ հատիկ այստեղ կարող  է լինել: Այլ հարց է, որ պետք է հասկանալ, թե ինչ բովանդակություն եւ ինչ շեշտադրումներ է պետք դնել այս պնդման մեջ, որոնք կտարբերվեն սովորական հայաստանյան նվնվոցներից ու նեյնիմ-նեյնիմ դատարկաբանություններից: Մեր կարծիքով՝ հիմնական շեշտադրումը պետք է լինի կազմակերպվածության, ամենօրյա ռեժիմով իրապես գործող կառուցվածքների ձեւավորման վրա: Սրա կարեւորությունը պետք է բացատրել նաեւ հասարակությանը, գոնե նրա ակտիվ մասին: Հայաստանում այնքան էլ սովոր չեն ու այնքան էլ չեն սիրում շեշտել նման հարցադրումները, քանի որ դրանցում պակասում է «անհրաժեշտ» ռոմանտիկան, կեղծ արմատականություն դրսեւորելու հնարավորությունը, ցուցադրական սրությունը: Չէ՞ որ խոսքը ամենօրյա, հաճախ սեւագործ, հաճախ չերեւացող աշխատանքի մասին է: Իսկ մեր հասարակությունը դաստիարակվել է այնպես, որ մեզ թվում է, թե ընդդիմադիր քաղաքական գործունեությունը կամ, առավել եւս՝ հեղափոխականությունը, պոետիկ ռոմանտիկա է, ուր գործում են խենթ հերոսներ, խելագարված ամբոխներ, երկնքից կրակ է թափվում, եւ ամեն բան տեղի է ունենում հեքիաթային արագությամբ (եթե որոշ մարդիկ այս պնդման մեջ ակնարկներ տեսնեն վերջին դեպքերի եւ հատկապես՝ Շանթ Հարությունյանի վարքի մասին, ապա պետք է ասենք, որ նրանք չարաչար սխալվում են, քանզի մենք չենք համարում, որ ճիշտ են Շանթի այն երկրպագուները, որոնք նրան խենթ են համարում՝ ձայնակցելով այդպիսով իշխանական քարոզչությանը, բայց դա առանձին թեմա է): Ցավոք՝ ո՛չ գրականությունը, ո՛չ էլ նույնիսկ դասագրքային կամ մատչելի գիտությունը, մեր հասարակությանը չեն բացատրել, որ հեղափոխական այդ բոլոր գեղեցիկ պատկերները պատմականորեն միշտ էլ առաջացել են տքնաջան, չարքաշ, ամենօրյա, տարիների կազմակերպչական աշխատանքի շնորհիվ, որ առանց ձեւավորված կառուցվածքների՝ չի եղել երբեւէ որեւէ ազատագրական շարժում, ո՛րեւէ հեղափոխություն, ո՛րեւէ հաջողված ընդդիմադիր խաղաղ կամ ոչ խաղաղ գործունեություն՝ ա՛ռհասարակ: Երբ կարդում ենք մեր դասագրքերը, թվում է, թե, օրինակ, 19-րդ դարավերջի մեր ֆիդայիներն ինչ-որ հրաշքով հայտնվում են լեռներում եւ զենքը ձեռքներին՝ թռչկոտում են այնտեղ վայրի այծերի պես: Իրականում ֆիդայական շարժման կազմակերպումը հնարավոր եղավ հսկայական կազմակերպչական  ջանքերի արդյունքում միայն, ընդ որում՝ խոսքը ոչ թե մեկանգամյա, այլ մշտական ջանքերի մասին է, որոնք, ի դեպ, բավարար  չեղան իրապես ծավալուն զինված դիմադրություն կազմակերպելու համար: Եվ շատ-շատերը խոհեմ գործիչներից (ամենավառ օրինակը՝ Դժոխք Հրայրը Սասունում) հենց այն ժամանակ շեշտում էին, որ ցուցադրական գործողություններից պետք է խուսափել՝ հանուն ավելի ուժեղ կազմակերպչական աշխատանքի: Նոր եւ նորագույն շրջանի հայերիս բոլոր հաջողություններն ու ձախողումները կախված են եղել, մեծ հաշվով, մեկ հարցից՝ կազմակերպչական ռեսուրսից, որքանով այն բավարարել է՝ այդքանով հաջողել ենք, որքանով ոչ՝ ձախողել ենք: Ինչեւէ, չենք խորանում պատմական օրինակների մեջ, բայց դրանք անթիվ են՝ տարբեր ժողովուրդների նոր եւ նորագույն պատմություններից: Նույնիսկ, եթե որպես հակափաստարկ բերենք այնպիսի հեղափոխական իրավիճակներ, երբ, ինչպես Եգիպտոսում, փողոց դուրս եկած մարդկանց մի զգալի մասը չէր ներկայացնում որեւէ կազմակերպություն, ապա հետագա զարգացումները ցույց տվեցին, որ, միեւնույն է, հետհեղափոխական իրավիճակում շահեցին կազմակերպված ուժերը, նույնիսկ՝ եթե դրանք քանակով ավելի փոքր էին չկազմակերպվածից: Այս պարզ ճշմարտությունները պարտավոր ենք հասցնել մեր հասարակությանը: Դա պարտավոր են անել քաղաքական ուժերը, գործիչները, քանի որ մեր մտավորականությունը, որը պետք դրանով զբաղվեր, չի կարող դա անել՝ չունենալով ո՛չ անհրաժեշտ գիտելիքներ, ո՛չ էլ ցանկություն՝ որեւէ նոր բան իմանալու կամ ստեղծելու: Ընդ որում՝ տվյալ դեպքում խոսքը մտավորականության ե՛ւ իշխանամետ, ե՛ւ ընդդիմադիր շերտի մասին է:

     Պատերազմում՝ ինչպես պատերազմում

Ոչ թե անձերը, այլ թիմերը, ոչ թե անհատները, այլ կազմակերպությունները կարող են եւ պետք է լինեն հարցի լուծում: Հայաստանում այս ճշմարտությունն է՛լ ավելի ցցուն է, քանի որ մեզանում ընդդիմադիր քաղաքական գործունեության մասնակցելը գրեթե հավասար է պատերազմական գործողությունների մասնակցելու՝ ոչ թե ըստ ծանրության, գուցե, այլ ըստ կանոնների: Իսկ պատերազմի դուրս գալ առանց կազմակերպվածության, առանց կառուցվածքների, հույսը դրած միայն խենթության վրա՝ անհեթեթ է: «Խենթությունն» իր տեղն ունի կյանքում եւ կռվում՝ առավել եւս, բայց միայն՝ եթե ապահովված է բավարար կազմակերպչական ռեսուրսով, միայն՝ եթե թիկունքում ունի թիմային աշխատանք: Այսպես թե այնպես՝ ընդդիմանալը բռնակալությանը յուրահատուկ խենթություն է, միայն թե դա պետք է լինի սառը գլխով, տեւական «խենթություն», այլ ոչ թե՝ «պահի տակ» տղերքը տաքացան: Մեր հասարակության այն հատվածը, որն իրեն համարում է ընդդիմադիր, պետք է կարողանա ինքն իր միջից ձեւավորել տարբեր տիպի կառուցվածքներ՝ լինի դա նորերի ստեղծմամբ, թե եղածներին աջակցելու տեսքով: Ընդդիմադիր խոսքն ու գործը պետք է ձեւափոխել՝ մեզանում ընդունված բայղուշական, հուսահատական, օրական տասը տրամադրություն փոխող, արագ ոգեշնչվող եւ արագ հուսահատվող, հիստերիկ, աշխարհի վերջը գուժող ոճից՝ դեպի դրական նպատակներ դնող, գործունյա, աննահանջ, տեւական ջանքի պատրաստ աշխատանքային վիճակ, եթե կուզեք՝ աշխատանքային, թիմային, ամենօրյա հերոսություն: Այլընտրանքն անվերջ փնթփնթալն է, օրը մեջ ակտուալ թեմա փոխելն է, աննպատակ քաոտիկ գործողությունն է, դես ու դեն ընկելը ու «մեզանում չկա» բայղուշությունը բազմապատկելը: Այսպիսի հասարակության մեջ որեւէ բռնակալություն, բնական է, որ կարող է իշխել նույնիսկ պարզունակ մեթոդներով:

            

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը խոստացավ պարզել` ինչու պատգամավորներին թույլ չեն տվել հանդիպել Շանթին’
Հաջորդ հոդվածը‘Անձնական երաշխավորագիր` Վարդան Պետրոսյանին ազատ արձակելու պահանջով’