‘Խմբագրական. «Դամոկլյան սրեր՝ իշխանության գլխին»’

1791

Եթե ուշադրությամբ դիտարկենք վարչախմբի ներկայացուցիչների ելույթները, իշխանական քարոզչամեքենայի գործունեությունը, ապա ակնհայտ է, որ նրանց հիմնական առաքելությունը վերջին ավելի քան կես տարվա ընթացքում եղել ու մնում է Քառյակի համագործակցության վիժեցումը: Սրան են միտված եղել իշխանության գրեթե բոլոր գործողությունները: Անել այնպես, որպեսզի այս համագործակցությունը կա՛մ վերանա երկրի երեսից, կա՛մ հնարավորինս դանդաղի:

Այդպես էր, երբ սկիզբ առավ «կուտակայինի» դեմ պայքարը: Իշխանություններն ամեն ինչ անում էին, որպեսզի, նախ՝ չկայանա Քառյակի ու քաղաքացիական հասարակության համախմբումը հարցի շուրջ, ինչում ձախողվեցին, և երկրորդ՝ հարցի բովանդակային մասով փորձում էին հակասություններ սերմանել հենց Քառյակի ներսում, ինչը նույնպես ձախողվեց:

Այդպես էր գազի խայտառակ պայմանագրի վավերացման ժամանակ, երբ իշխանությունն ամեն ջանք գործադրում էր Քառյակի համաձայնեցված բոյկոտը խաթարելու ուղղությամբ: Իշխանության այս ծրագիրը նույնպես հաջողություն չունեցավ:

Այդպես էր վարչապետի հրաժարականի պահանջով Քառյակի կողմից շուրջօրյա նստացույցի հայտարարության պարագայում, երբ Սերժ Սարգսյանը և իր վարչախումբը, փորձելով բոլոր հնարավորությունները և մատնվելով անհաջողության, ստիպված զոհաբերեցին կոռուպցիոն համակարգի անկյունաքարային դերակատարներից մեկին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանին:

Այդպես էր նաև Հովիկ Աբրահամյանի նշանակումից հետո, երբ Սերժ Սարգսյանն ամեն ինչ արեց՝ ստանալու Քառյակի ուժերից հատկապես ԲՀԿ-ի լոյալությունը (օգտագործելով խնամիությունը), բայց այստեղ էլ անհաջողության մատնվեց:

Ու մնաց կոտրած տաշտակի առաջ:

 Եթե իմանար՝ չէր հաջողելու, երբեք Հովիկ Աբրահամյանին չէր նշանակի վարչապետ ու հիմա էլ փորձելու է ամեն կերպ ազատվել նրանից՝ բոլոր սպասվող անհաջողությունները բարդելով նրա վրա և զոհաբերելով հարմար պահի: Իսկ որ այս իշխանության պարագայում դրանք կարկուտի պես թափվելու են Հայաստանի ու հայ հասարակության գլխին՝ կասկած չկա:

Հիմա, երբ Քառյակը հրապարակել է հայտնի պահանջները, ձևավորել առաջիկա ամիսների օրակարգը և իշխանությունների գլխին դամոկլյան սրի նման կախել է սեպտեմբերյան հանրահավաքը, Սերժ Սարգսյանին այլ բան չի մնում, քան փորձել արժեզրկել այս գործընթացը և հասարակությանը մանիպուլյացիայի ենթարկել գործընթացների հետ կապ չունեցող, տրամաբանությունից զուրկ անհեթեթություններով: Մի քանի տաքգլուխներ ու կանխակալ դիրքորոշում ունեցողներ, իհարկե, ժամանակավորապես կուլ կտան այս խայծը, բայց, վերջին հաշվով՝ Սերժ Սարգսյանն ու միշիկյան քարոզչամեքենան կրախի է մատնվելու նաև այս էտապում: Մինչև սեպտեմբեր հայաստանյան քաղաքական օրակարգում, լրատվական հոսքերում անընդհատ շրջանառվելու են «12 պահանջ», «հանրահավաք սեպտեմբերին» գաղափարները: Ինչը և, որպես նպատակ, իր առաջ դրել էր Քառյակը: Ավելին, ինչքան Սերժ Սարգսյանի քարոզչամեքենան, ի դեմս հեռուստատեսությունների, «անկախ» լրատվամիջոցների ու վերլուծաբանների՝ հայհոյի, ծաղրի Քառյակի հրապարակած փաստաթուղթը, այնքան ավելի են մարդիկ տեղեկացված լինելու դրա մասին: Այս առումով Սերժ Սարգսյանի վարչախումբը չգիտակցված աջակցելու է այս գործընթացին: «Աջակցելու» է նաև նրանով, որ ոչ մի քայլ չի ձեռնարկելու հասարակության խնդիրների լուծման, քաղաքական համակարգի առողջացման ու տնտեսական բարեփոխումների անցկացման ուղղությամբ: Այս բոլոր գործոնները ուժեղացնելու են ինչպես 12 պահանջները, այնպես էլ սեպտեմբերին սպասվելիք հանրահավաքի ներքին պոտենցիալը:

Ինչ վերաբերում է Քառյակին, ապա ներկա փուլում կարևորագույն հարցը Սերժ Սարգսյանի հրապարակ նետած սահմանադրական «բարեփոխումների» հարցին միասնական ընդդիմության ապահովումն է: Եթե Քառյակը կարողացավ պահպանել ընդհանուր դիմադրությունն այս հարցում, Սերժ Սարգսյանի համար քայլ չի մնալու, և գործընթացները միանշանակորեն տանելու են դեպի իշխանափոխություն: 

Նախորդ հոդվածը‘Վերին Լարսը կարող է բացվել մինչև հունիսի 15-ը’
Հաջորդ հոդվածը‘Փորձագետ. Թուրքիան կօգտվի Իրաքի Մոսուլ քաղաքի վրա իսլամականների հարձակումից և այնտեղ ստեղծված քաոսից ‘