‘Խմբագրական. Դեկտեմբերի 10. ամփոփում և նոր սկիզբ’

1731

Կարծում ենք, շատ կարևոր է, որպեսզի մարդու իրավունքների միջազգային օրը դառնա քաղաքացիական դիրքորոշման յուրահատուկ ստուգատես` միաժամանակ ամփոփելով քաղաքական տարին և կամուրջ գցելով դեպի հաջորդ՝ ավելի վճռական գործողություններով լի տարի: Ինչո՞ւ հենց մարդու իրավունքների օրը և ինչո՞ւ կամուրջ:

Մարդու իրավունքների թեման ընդհանրական է ու միավորիչ և չի կարող լինել միայն մեկ քաղաքական ուժի կամ հասարակական խմբի օրակարգը: Ընկած լինելով ՀՀ Սահմանադրության հիմքում՝ սա կարող է և պետք է ընկած լինի նաև միասնական քաղաքական օրակարգի հիմքում: Շատերը մեզանում մարդու իրավունքների թեման ընկալում են շատ նեղ՝ կենցաղային երանգներով մարդասիրության, այս կամ այն առանձին խմբի իրավունքների պատշտպանության դաշտում միայն: Կարելի է ասել նույնիսկ, որ մարդու իրավունքներն ընկալվում են որպես ապաքաղաքական, ինչ-որ տեղ անշառ թեմա: Առանձին խմբերի իրավունքների պաշտպանությունն, իհարկե կարևոր է, ինչպես նաև կարևոր է մարդասիրութունը, բայց պետք է հաշվի առնենք, որ սա շատ ավելի լայն թեմա է և ամենևին էլ ապաքաղաքական կամ անշառ չէ: Մարդու իրավունքների` Սահմանադրության հիմքում ընկած լինելը պատահական չհիշատակեցինք: Մեր պետությունը, դրա անկախությունն ու ինքնիշխանությունն իրավաբանորեն հիմնված են ինքնորոշման իրավունքի վրա, քանի որ մենք անկախացել ենք ազատ քվեարկությամբ ընթացած հանրաքվեի արդյունքում: Մեր արտաքին քաղաքականության կարևորագույն խնդիրներից՝ Արցախի հարցը նույնպես ձևակերպված է ինքնորոշման, հետևաբար` ազատ ընտրության իրավունքի վրա: Այս հիմնարար մարդկային իրավունքն է, որ խախտված է մեր երկրում` այլ իրավունքների հետ միասին: Եվ պետք է միշտ մտապահել այս կապը. ճնշելով ազատ ընտրության իրավունքը` ուղիղ հարված ենք հասցնում մեր անկախության, ինչպես նաև արցախահայության ազատ ինքնորոշման իրավունքի հիմքին: Դրա համար էլ ասում ենք, որ այսօր Հայաստանում դրված է ինքնիշխանության հարց, որովհետև խախտելով ՀՀ քաղաքացիների ընտրության իրավունքը, այն նույն իրավունքը, որի միջոցով իրականացվել է անկախության հանրաքվեն, խախտում ենք ՀՀ ինքնիշխանությունը: Սրանք բերեցինք ընդամենը որպես օրինակ այն բանի, թե որքան լայն ու կարևոր թեմա է մարդու իրավունքների թեման: Կարող ենք և այլ բնագավառներից օրինակներ բերել՝ սոցիալական, տնտեսական, աշխարհայացքային, բայց այս պահին այսքանն էլ բավարար է:

Իսկ ինչո՞ւ ենք ասում` տարվա ամփոփում և կամուրջ դեպի հաջորդ տարի: Անցած տարին հարուստ էր հասարակական իրադարձություններով, որոնք արտաքուստ իրար հետ գուցե այնքան էլ կապված չէին, բայց իրականում կարող ենք ամփոփել հետևյալ կերպ. եթե դեռ կային որոշ հասարակական խմբեր, որոնք հույս ունեին եղած իշխանության պայմաններում ինչ-որ բարեփոխումների կամ ճեղքումների հասնել կամ դրանց սկիզբը դնել, ապա այս պահին տապալվեցին նաև այդ խմբերի հույսերը: «Առաջադեմ Սերժիկ» նախագիծը վերջնականապես փակվեց: Սա ասում ենք` այս պահին առանց հավելյալ հիմնավորումների, քանի որ հիմնավորումը պահանջում է ավելի ծավալուն՝ վերլուծական ձևաչափի խոսակցություն: Բայց այս պահին կարող ենք ասել, որ տարվա ընթացքում դեգերելով այս ու այն կողմ, հուսադրվելով և հիասթափվելով, մեր հասարակությունը նորից հայտնվեց նույն տեղում, որտեղից սկսել էր՝ ներքին օրակարգի գերակայություն, քաղաքականապես ձախողված վարչակարգի հրաժարականի պահանջ, հասարակական և քաղաքական լայն համախմբման անհրաժեշտություն: Հենց այս առումով էլ դեկտեմբերի 10-ի երթը մի կողմից կարող է ամփոփել և շարունակությունն ու ինչ-որ տեղ գագաթը դառնալ անցնող տարվա հասարակական ակտիվ գործողությունների, իսկ մյուս կողմից էլ նոր սկիզբ հանդիսանալ հաջորդ՝ ավելի զանգվածային, համախմբող ու վճռական գործընթացների: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի 11 համայնքներում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի ընտրություններ’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսը նախապատրաստվում է վաղվա երթին ‘