‘Խմբագրական. Դժվար է, երկար` Մետաքսի ճամփան’

3100

Այն, որ Սերժ Սարգսյանի չինական այցը մեզ համար անհետեւանք չի մնացել (վատ իմաստով), արդեն տեղեկացրել ենք: Ու խոսքն ամենեւին այն մասին չէ, որ Սերժ Սարգսյանը մեկ էլ ու հանկարծ դարձավ Պեկինի համալսարանի պատվավոր պրոֆեսոր: Էդ մի դարդին մի կերպ դեռ կդիմանայինք:

Բայց մինչ այդ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սերժ Սարգսյանը եւ ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը ստորագրել էին երկու երկրների միջեւ համագործակցության եւ հարաբերությունների զարգացման մասին մի հռչակագիր, որտեղ «հայկական կողմը հաստատում է մեկ Չինաստանի քաղաքականությանն իր աջակցությունը, հանդես է գալիս որևէ ձևով «Թայվանի անկախության» դեմ, վերահաստատում է, որ Թայվանի հետ որևէ պաշտոնական կապ չի հաստատում, աջակցում է Թայվանյան նեղուցի երկու ափերի միջև հարաբերությունների խաղաղ զարգացմանը, ինչպես նաև երկրի միավորմանն ուղղված՝ Չինաստանի կառավարության բոլոր ջանքերին՝ համարելով, որ Թայվանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության անքակտելի մասն է, իսկ թայվանյան հարցը՝ Չինաստանի ներքին գործը։

Չինական կողմը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդար կարգավորման օգտին` ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնական նպատակների ու սկզբունքների և միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի համաձայն»։

Այն, որ արդեն մատնանշել էինք Սարգսյանի դիվանագիտական այս խայտառակ բացթողումը, ըստ երեւույթին՝ շատերին դուր չէր եկել, հատկապես նրա հին ու նոր «գործ-ընկերներին», ովքեր պնդում էին, թե խոսքը ռեալ պոլիտիկի մասին է, եւ հետեւաբար, Սարգսյանի այս քայլը հենց այդ համատեքստում պետք է հասկանալ: Թե ի՞նչ ռեալ պոլիտիկի մասին կարող է խոսք լինել, պարզ չէ, որովհետեւ ռեալ պոլիտիկը հենց դրանով էլ ռեալ է, որ ամենը շատ պարզ երեւում է. ինչ ես տալիս ու ինչ ես ստանում փոխարենը: Այս դեպքում պարզ էր միայն, թե ինչ ենք մենք տալիս, իսկ թե ինչ ենք ստանում` մշուշոտ է:

Ի դեպ, ինչպես հայտնի է` Չինաստանը Թայվանի հարցը մշտապես նախապայման է դնում այլ երկրների հետ հարաբերություններ սկսելուց առաջ: Բայց դա, իհարկե, հարցի մի կողմն է: Պակաս կարեւոր:

Քանզի առավել կարեւոր նրբերանգներ կան: Մենք արդեն նշել էինք, որ ամբողջ խայտառակությունն այն է, որ Սերժ Սարգսյանը ստորադասել է ինքնորոշման իրավունքը՝ որպես այդպիսին՝ դրա դիմաց, սակայն, ոչինչ չստանալով: Ո՛չ ԼՂ հիմնախնդրի հարցում, ոչ էլ` այլ, առավել կենսական հարցերում, որոնց առկայությունը կարող էր որոշ առումներով ծածկել անգամ այդ զիջումը:

Այնինչ, օրինակ` կարելի է երբեմն քո «սեփական» հիմնախնդրի հարցում քո ընդհանուր տեսլականին առաջին հայացքից հակասող թվացող որեւէ տեքստի տակ ստորագրել, եթե դրա փոխարեն՝ դիմացինդ էլ քեզ է սատարում քո հակամարտության հարցում, թեեւ, առաջին հայացքից` այդ հակամարտություններում, պաշտպանելով հանդերձ կարգավորման ընդհանուր սկզբունքները` դուք հակասական սկզբունքներ եք առաջնահերթ համարում:

Դիցուք` Կիպրոսի հիմնախնդիրը: Կիպրոսի տեսակետն այս հարցում պարզ է. Թուրքիան օկուպացրել է Հյուսիսային Կիպրոսը, զորք է մտցրել այնտեղ, եւ, ըստ էության, ինքն է հռչակել Կիպրոսի Թուրքական հանրապետություն: Բայց հունական Կիպրոսը չի ճանաչում Հյուսիսային Կիպորսը՝ որպես անկախ  հանրապետություն, եւ այն համարում է իր տարածքի անքակտելի մասը:

Կոպիտ ասած՝ այս պարագայում տարածքային ամբողջականության սկզբունքը Կիպրոսի համար առաջնային է:

ԼՂ հիմնախնդրի դեպքում մենք այլ սկզբունքով ենք առաջնորդվում: Իհարկե, կողքի աչքը եթե ուղղակի համեմատություն անի, կարող է պնդել, թե այս երկու հակամարտություններն էլ որոշ առումներով նույնական են: Բայց մենք գիտենք, որ դա այդպես չէ: Ղարաբաղն ի սկզբանե էլ հայկական տարածք է եղել, հետո այն բռնակցվել է Սովետական Ադրբեջանին, ապա, ԽՍՀՄ Սահմանադրության համաձայն՝ ԼՂԻՄ բնակիչները ինքնորոշվել են, ապա հռչակել են անկախ հանրապետություն: Հայաստանն այս պարագայում հակամարտության մեջ ներքաշված կողմ է, իսկ նախկին ԼՂԻՄ-ի եւ նրա շուրջ տարածքները ազատագրել են ԼՂ զինված կազմավորումները: Ինչեւէ, անկախ այս տարբերություններից, Կիպրոսն ու Հայաստանը կարողացել են ընդհանուր լեզու գտնել «սեփական» հակամարտությունների հարցում:

2009-ին Կիպրոսն ու Հայաստանն աջակցեցին միմյանց տեսակետներին այս երկու հակամարտությունների հարցում, այդպիսով, թեեւ առաջին հայացքից՝ հետքայլ կատարելով իրենց իսկ կողմից գերակա հռչակված սկզբունքից, սակայն երկուստեք ստանալով ավելին, քան պարզապես սկզբունքն է:

Հատված Սերժ Սարգսյանի եւ Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի` 2009-ի համատեղ ասուլիսից: Սերժ Սարգսյանի խոսքն է. «Մենք քննարկեցինք նաև մի շարք տարածաշրջանային հարցեր: Ինչպես ասված է մեր համատեղ հայտարարության մեջ, Հայաստանն ու Կիպրոսը սատարում են միմյանց մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նաև Կիպրոսի հիմնախնդրի հանգուցալուծման հարցում:» 

Իհարկե, այստեղ մեկ այլ նրբություն էլ կա: Այստեղ կարեւոր գործոնը ոչ թե Սերժ Սարգսյանն էր, ով կարողացել էր այսպիսի նպաստավոր համատեղ հայտարարություն կորզել, այլ Կիպրոսի իշխանությունների դիրքորոշումը, իսկ ավելի կոնկրետ՝ նրանց հակասությունները Թուրքիայի հետ: Եւ ուրեմն, Կիպրոսի իշխանություններն ուղղակի ռեալ պոլիտիկի առումով նվեր արեցին Սերժ Սարգսյանին, սկուտեղի վրա մատուցեցին նրան այն, ինչ ինքը երբեք չէր ցանկանա ու չէր ստանա, թե չէ՝ պարզ է, որ նա ինքն իրենով «գլխի չէր ընկնի»: Որովհետեւ եթե «գլխի ընկնող» լիներ, Չինաստանում էլ նույնը կաներ: Բայց չարեց, որովհետեւ Չինաստանում իրեն այլ պահանջներ են առաջ քաշել, եւ ինքը դրանք ընդունել է, որովհետեւ չգիտե՝ պետական շահն ինչ է: Իսկ չգիտե, որովհետեւ…

Բայց դա արդեն այլ պատմություն է: 

Նախորդ հոդվածը‘«Բորուսիա Դորտմունդ» — «Բավարիա»՝ պրոմոհոլովակ’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտել Բերնար Շալանդին’