‘Խմբագրական. Ելք կա ‘

2340

Հայաստանյան ներքաղաքական գաղջ մթնոլորտը բնութագրող մի անեկդոտ է շրջում արդեն քանի ամիս: Ուրեմն, ասում են՝ մի օր Սաշիկը հայտարարում է, թե ինքն էլ է որոշել արտագաղթել, որովհետեւ էլ էսպես աշխատել չի լինում, «սաղ ազգը հետս փայ ա մտել»:

Այս երկու նախադասությամբ բնութագրվում է մի ամբողջ երկրի իրականությունը: Մարդը աշխատել չի կարողանում, մարդը զրկված է ազատ տնտեսական գործունեություն ծավալելու ազատությունից, մարդու իրավունքները պաշտպանված չեն, ժողովրդավարության մասին լսում է բացառապես այս կամ այն կառույցի զեկույցներից, մարդն, ըստ էության՝ որեւէ բան ձեռնարկելու հնարավորություն չունի, եւ միակ բանը, ինչ մտքով անցնում է՝ արտագաղթելն է: Ու այդպես էլ անում են: Մեծամասամբ: Գնում են: Ընդ որում, կարեւոր չէ՝ ուր: Գնում են՝ որտեղ պատահի, ո՛ր տեղը որ «կպնի»: Գնում են, որովհետեւ կարծում են, որ այստեղ մնալն այլեւս անիմաստ է, որ ելք այլեւս չկա: Չէ, խոսքը սովարական միգրացիայի մասին չէ, ինչը հատուկ է աշխարհի շատ ու շատ երկրների: Խոսքը ճարահատյալ միգրացիայի մասին է: Խոսքը նրանց մասին է, ովքեր գնում են՝ հաճախ դժվարությամբ, չուզենալով, երբեմն՝ փախչելով, բայց այլ ելք չունենալով: Գնում են՝ իրենց մի մասնիկն էստեղ թողնելով, գնում են կիսատ. ֆիզիկապես՝ ինչ-որ տեղ, հոգով՝ էստեղ: Այ դա ամենաողբերգականն է:

Բայց ելք կա: Հաստա՛տ կա: Ելք եթե չլիներ, ուրեմն՝ բոլորը պիտի գնային ու երկիրը թողնեին նրանց, ովքեր պղծում են էս մի բուռ հողը, ովքեր մի սանտիմետր հողի վրա տոննաներով խնդիրներ ստեղծելու երեւակայություն ունեն, ովքեր տանում ու տանում են, լափում ու չեն կշտանում, ստում ու չեն ամաչում, ծախում ու գետինը չեն մտնում: Քանի դեռ էս երկրի վրա միայն էս մարդիկ չեն մնացել, ուրեմն՝ ելք կա, հույս կա, այլընտրանք կա: Դժվար է, բա ոնց, երկար է թվում, եւ երկար է՝ իրապես, ճանապարհը դեպի լույսը երեւացող, քարքարոտ է, երբեմն՝ անվերջանալի: Բայց կա, ելք կա: Լույս կա, քանի դեռ հույս կա, թեկուզ եւ վերջին մենակի սրտում: Քանի դեռ վերջին մենակը չի լքել դեպի ելքը տանող ճանապարհը, ուրեմն՝ ելք կա, քանի դեռ էդ արահետով քայլող կա, արահետը չի ծածկվի թփերով, մարդու ոտնահետքեր կան այնտեղ, ուրեմն՝ անցանելի է: Կածան է, բայց ճանապարհ է: Կածանն էլ է մարդու համար, ասֆալտի մասին մտածելու ժամանակը չէ, մի ոտի տեղն էլ հերիք է, կարեւորը՝ գիտես ուր ես գնում: Ականապատ է, այո, տատասկները մի բոլ վրա կտան, ինչ մժեղ ասես՝ կհայտնվի, քո ուսերին կնստի, կերեւա հեռվից ու կասի, որ ինքն է քեզ տանում, քո ստվերում շատերը արեւից կպաշտպանվեն, ու քո արտաշնչած օդից շատերը կտաքանան ցրտին, ու հետո մի կողմ կթեքվեն, քարաթափման վտանգը երբեք հանգիստ չի թողնի էդ կածանով անցնող եւ ոչ մեկին, բայց կարեւորը՝ գնալիս գիտես՝ ելք կա: Ու ինչքան էդ կածանով գնացողները՝ շատ, այնքան՝ ելքը մոտ, հեռավորությունն էլ մեր քանակից է կախված, մեր վճռականությունից:

Հուսահատվել չկա, փախչել չկա, հոգնել չկա: Չկա, որովհետեւ կա ելք: Կա ճանապարհ, նեղլիկ ու բարալիկ, բայց՝ ճանապարհ դեպի ելքը: Լավ է լինելու:

Քրիստինե Խանումյան

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն կկանգնի դատարանի առաջ’
Հաջորդ հոդվածը‘Քրդական ծագումով պատգամավորը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան’