‘Խմբագրական. «Ետեւը սո՛ւր, առաջը ջո՛ւր»’

2155

Արտաքուստ ոչինչ չի փոխվել. ոչ հանրապետատարոնանժդեհական իշխող կուսակցության մեծ ու փոքր, կարճ ու երկար, հաստ ու բարակ, կիսագրագետ ու անգրագետ, գողական ու կիսագողական ներկայացուցիչների փողոցային բառապաշարն է նորություն Հայաստանի հասարակության համար, ոչ էլ անհեթեթ, ապուշության սահմանը հատած բառակույտերը  «ֆիլոսսոկրատյան» բութ ինքնավստահությամբ «գաղջ» մթնոլորտ արտանետելը:

Սա վատ է, թե շա´տ վատ է՝ այլ հարց է, բայց այլեւս ոչ մեկի չեն զարմացնում ու չեն ցնցում Սերժիկ Սարգսյանի հավաքագրած ավազակախմբի լկտիություններն ու հանցագործությունները: Հակառակը. մարդիկ զարմանում են, երբ այդ կողմերից որեւէ մեկը սայթաքում եւ, անկախ իրենից, հոդաբաշխ բարդ ստորադասական նախադասություն է բերանացի արտասանում կամ ինչ-որ մարդանման քայլ է անում: Սաշիկ Սարգսյանի նման Ազգային ժողովի պատգամավոր «վայելելուց» հետո ո՞ւմ կարող են զարմացնել Թոխմախի Մհերի սիրագորով «դասախոսությունները» գողական աշխարհի նրբանրբին գաղտնիքների մասին, անհամ կատակներից հալվող որոշ լրագրողների հետ Լֆիկ Սամոյի ջրիկությունները, Նեմեց Ռուբոյի կամ Լիսկայի արյունոտ ոտնահետքերը, հանրապետականների «երեսը պարզ անող» Բառադի Համոյի եւ Նոստրագալուստի ճամարտակությունները, կալվածատեր Հովիկի սրտառուչ ելույթները է´ն-է´ն աննամուս թալանչիների դեմ:

Չենք զարմանում ու չենք ցնցվում, բայց նաեւ նկատում ենք, որ Սերժիկ Սարգսյանի՝ երկրորդ անգամ Հայաստանի նախագահի աթոռի զավթումից հետո ինչ-որ փոփոխություն է կատարվել Ավգյան ախոռներում: Հենց միայն վերջին օրերին «Երկիր»-ի լրագրողի հետ իր «ինտելեկտուալ» զրույցում Թոխմախի Մհերի հոխորտանքը, թե՝ ո՞ր կուսակցությունը չէր ուզենա իր նման զինակից ունենալ (մեջբերումը կոկած-հղկած է՝ ի հեճուկս վերը նշած «էրեւանցի տղու»), «կարմիր դիպլոմավոր» Այվազյան Վարդանի հայտնի «վիստուպատը», որ ինքն ամեն ինչի հասել է իր «դուխովության» շնորհիվ՝ Հայոց «ապահով» երկնակամարում ամպրոպի նախանշաններ են: Եթե նախկինում այս մարդիկ լկտի ու սանձարձակ էին, անհեթեթ, անգրագետ ու անհոդաբաշխ էին, որովհետեւ չգիտեին՝ դրանց հակառակը որն է, այժմ, գուցե՝ ոչ բոլորին նկատելի, հրաշալի գիտեն՝ ինչ են ասում, ինչու են ասում եւ ո´ւմ են ասում:

Ավազակապետը սրանց «ավետել է», որ հաղթահարված են բոլոր բարիկադները, եւ առնվազն մինչեւ հաջորդ նախագահական ընտրություններ վախենալու առիթ կամ պատճառ չունեն: Ավազակապետն այսքանն է հուշել, բայց սրանք նույնպես՝ արհեստավարժ չարչու պես պարզունակ հաշվարկ անել գիտեն: Հաշվարկել ու հետեւություն են արել, որ իրենք ո´չ միայն հասարակությունից, նաեւ Սերժիկ Սարգսյանից վախենալու առիթ կամ պատճառ չունեն: Հետո մի անգամ էլ են հաշվարկ արել եւ հասկացել, որ հենց Սերժիկ Սարգսյա´նն ունի վախենալու լիքը պատճառներ, քանի որ առանց իրենց նման «դուխով» տղերքի՝ ոչ միայն Հայաստանի նախագահի աթոռին բազմած չէր լինի, այլեւ իրենք՝ գողական աշխարհի լավագույն մասնագետ Թոխմախի Մհերը, «դուխով» միլիոնատեր Վարդանն ու մնացած «լյա՜վ տղերքը», թաղի խուժանն էլ վերադիր, երբ ցանկանան, բադենբադեններում փողերը քամուն տալու փոխարեն՝ իրենց «առաջ բրթած» Սերժիկն իր օրը կմթնացնի հայրենական «ճ» կլասի խաղատներից մեկում: Լավագու´յն դեպքում: Բութ ինքնավստահությու՞ն է սա, թե իրոք կարող են՝ սա չէ խնդիրը, այլ այն, որ ռոբասերժական տարիների ընթացքում այս մարդկանց այնքան են ներշնչել, որ երկրի առաջին դեմքն առանց իրենց օգնության անկարող է վերարտադրվել, որ սրանք այլեւս կասկած չունեն, որ Սերժիկը չլինի, Պողոսը կամ Պետրոսը լինի՝ իրենց օգնության է կանչելու: 

Սրանք շատ պարզորոշ հասկացնում են, որ իրենք բոլոր «բարձր հովանիների» համար ցանկալի «ներքո»-ներ են եւ իրենց ներկա կարգավիճակին հասել են իրենց արժանիքների շնորհիվ, ոչ թե «բարի շեֆի»:

Գուցեեւ ժամանակ առ ժամանակ Սերժիկ Սարգսյանի մտքով անցնում է պատժել իր լկտիացած հենարաններին: Թեկուզ հասարակության աչքերին թոզ փչելու համար: Բայց՝ ո՞ր մեկին: Իսկ եթե մեկին պատժի, մնացածները վախենա՞ն: Օրինակ՝ Նեմեց Ռուբոյին: Կամ՝ Լիսկային: Կվախենա՞ն, թե՞ կզայրանան: Դե´, հենց դրա համար էլ ավազակախմբի անդամները հեռվից հեռու հասկացնում են ավազակապետին՝ շատ չոգեւորվես, առանց մեզ դու ո՞վ ես:

Ահա այսպես: Սերժիկ Սարգսյանը դարձել է իր կառուցած հանցագործ բուրգի պատանդը, եւ եթե բուրգի «աղյուսները» մինչեւ վերջերս դա չէին հրապարակայնացնում, հիմա չեն զլանում ակնարկներով դրա մասին հիշեցնել իրենց շեֆին: 

Եթե գումարենք, որ ավազակախմբի պարագլուխը, մտածված, թե չմտածված, խաբել է իր «ներքո»-ներին, թե իբր՝ հասարակությունից վախենալ չարժե, տակն ի՞նչ է մնում… Մնում է հիշել Հովհաննես Թումանյանին. «Ետեւը սո՛ւր, առաջը ջո՛ւր»:

Նախորդ հոդվածը‘Փողի նոր երակ են գտել. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Թե ինչու պատգամավորը պետք է բիզնեսով չզբաղվի. Մամուլ’