‘Խմբագրական. Երիտասարդանաս, որ ի՞նչ անես’

2376

Հիրավի, դժվար է ըմբռնել, պատկերացնել այն հոգեբանությունը, այն մտածողությունը, որից ելնելով` Հայաստանի պես ոչ հարուստ երկրի առաջին դեմքը որոշում է ենթարկել իրեն թանկարժեք բժշկական օպերացիայի՝ երիտասարդացման նպատակով (այսինքն՝ խնդիրը ոչ թե առողջական ինչ-որ լուրջ խնդիրների լուծումն է, այլ պարզապես թանկարժեք «կոսմետիկ» վերանորոգումը): Իհարկե, կարող ենք պատկերացնել, որ ի պատասխան այս հարցադրման` Սերժ Սարգսյանը կամ նրա մտերիմներն անմիջապես կարող են ասել՝ նախանձում եք, դրա համար էլ գրում եք: Այսպիսի կենցաղային, «տնավարի» մտածողության արգասիք առարկությունը շատ հավանական կարող է լինել, եթե հիշենք, թե ինչպես նույն Սարգսյանի մերձավորներից մեկը տարիներ առաջ ասաց` չթողեցին, որ նախագահ դառնալը «վայելենք»: Այսինքն, այդ մարդկանց համար երկրի նախագահ դառնալը վայելքի խնդիր է, այլ ոչ թե ծանր քաղաքական պատասխանատվություն, ծառայություն: Դե բնական է. եթե նախագահանալը կապված է վայելելու հետ, ապա կարելի է նաեւ, ակնհայտորեն չարաշահելով պաշտոնական դիրքը, երիտասարդանալ ի հաշիվ պետության, այսինքն՝ ի հաշիվ ոչ թե երիտասարդանալու, այլ շատ ավելի կենսական առողջական խնդիրների լուծման հնարավորություն ոչ միշտ ունեցող հայաստանցի հարկատուների:

Բայց հարցը նույնիսկ ոչ միայն հայաստանյան է, այլեւ, որքան էլ տարօրինակ է, ինչ-որ տեղ՝ համամարդկային: Մի պահ պատկերացրեք, որ, ասենք, Ալբերթ Այնշթայնը կամ մարդկությանը նման կարգի ծառայություններ մատուցած գիտնականներ, բանաստեղծներ, փիլիսոփաներ, նկարիչներ ապրել են առանց իրենց օրգանիզմը երիտասարդացնելու (մեր ժամանակակից այդ կարգի մարդկանցից շատերը դրա հնարավորությունն ունեն), իսկ Սերժ Սարգսյանը, որը, եթե նույնիսկ, ենթադրենք` լավ ղեկավար է եղել, բայց որի անունը ոչ ոք չի հիշելու մեկ սերունդ անց, բացի պատմությամբ հետաքրքրվող արխիվիստներից կամ կառավարիչների ցուցակներ կազմողներից, այնքան մեծ «տիեզերական» արժեք է, որ անպատճառ պետք է օգտվի «անմահության էլիքսիրից»: Համաձայնեք, սա մի տեսակ ողբերգության եւ կատակերգության սահմանին է՝ տխրելու եւ ծիծաղելու առիթ է միաժամանակ: Իհարկե, «մեր» թանկագին Լեոնիդ, կներեք՝ Սերժ Իլյիչը միակը չէ աշխարհում, որ նման քայլի է դիմել: Բիզնեսմեններ, սպորտի կամ շոուբիզնեսի հայտնիներ («սելեբրիտիներ») կան այս ցուցակում: Կարծես, այդ ցուցակում չկան առավել հայտնի քաղաքական գործիչներ (եթե սխալվում ենք, ապա, ընդդիմախոսներին կխնդրեինք հակառակն ապացուցող օրինակներ բերել. համենայն դեպս, մեզ չհաջողվեց գտնել այդպիսի օրինակներ): Այն, որ Սերժ Սարգսյանը ոչ Օտտո ֆոն Բիսմարք է, ո՛չ էլ Ուինսթըն Չերչիլ, կարծում ենք` պարզ է նույնիսկ իրեն՝ Սերժին: Բայց չենք լսել նաեւ, որ ժամանակակից պետական սոլիդ առաջնորդները դիմեն նման քայլի (գուցե աֆրիկյան կամ երրորդ աշխարհի ինչ-որ էկզոտիկ դիկտատորներ գտնվեն): Նույնիսկ կապիտալիզմի բացարձակ գերակայության մեր դարում, երբ փողը որոշում է շատ բան, եթե ոչ` գրեթե ամեն ինչ, այնուամենայնիվ կան որոշակի սահմաններ, որոնք վեր են «փողին մուննաթ» սկզբունքից: Մասնավոր անձը կարող է իրեն թույլ տալ շատ բան, բայց պետական եւ քաղաքական առաջնորդը պետք է նախեւառաջ գիտակցի իր տարբերությունը մասնավոր անձից, եթե նույնիսկ այդ առաջնորդը տնօրինում է մեծ գումարների (դեռ մի կողմ թողնենք այդ գումարների ծագման հարցը):

Բայց այս ամենն, իհարկե, տեսական դասախոսություններ են՝ ուղղված մի մարդու, որը, ինչպես արդեն վաղուց պարզ է, որեւէ հնարավորություն չունի այս ամենը երբեւէ հասկանալու: Սերժ Սարգսյանը եղել եւ մնում է մասնավոր նպատակներ հետապնդող մասնավոր անձ, բախտի բերմամբ գահին հայտնված ծաղրածու, որը որքան էլ փորձի իրեն «արքայի» տեղ դնել, միեւնույն է` ենթագիտակցորեն հասկանալով իր կարգավիճակի պատահական եւ ժամանակավոր բնույթը, փորձելու է պարզապես առավելագույն վայելքներ ստանալ՝ մինչեւ լրանա ժամանակը: Մնում է միայն հռետորական հարց տալ՝ երիտասարդանում ես, որ ի՞նչ անես: Ի՞նչ ես արել մինչեւ հիմա, որ ի՞նչ կարողանաս անել հիմա, ի՞նչ հետք պիտի կարողանաս թողնել պատմության մեջ, բացի անունդ «ցուցակ» մտցնելուց, պատմության եւ քաղաքականության անգույն ստվեր, պարոն ոչմիբան եւ միսթր դատարկ տեղ: 

Նախորդ հոդվածը‘Այսօր Հոլոքոստի զոհերի հիշատակի օրն է. Տեսանյութ, ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘ Լոս Անջելեսում անցկացվեց 56-րդ ամենամյա Գրեմի մրցանակաբաշխությունը (Ֆոտոշարք)’