‘Խմբագրական. Երրորդի բացառումը՝ արդիական’

2238

Հայաստանի Հանրապետության հիմնադիր տեքստերից պետք է համարել Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառման օրենքը» հոդվածը, ինչպես նաեւ նույնանուն ժողովածուի մի քանի այլ նյութեր: Սա պատահական տեքստ չէր. սա ունի իր պատմական ակունքները՝ կապելով հանուն անկախության 1988-91 թթ.-ի պայքարը եւ նորանկախ Հայաստանի հետագա քաղաքական միտքը Առաջին Հանրապետության գործիչներից ոմանց հետ (Ռ. Դարբինյան, Ռ. Տեր-Մինասյան եւ այլք): Երեւի չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ բոլոր կարեւոր երանգավորումներով հանդերձ՝ «Երրորդ ուժի բացառման» օրենքը ցայսօր ընկած է եղել ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում, նույնիսկ եթե ինքը՝ հոդվածը, շատերի կողմից մոռացվել է, եւ նրա ազդեցությունը չի գիտակցվել (այս կետում շատերը կարող են վիճել, բայց, ըստ մեզ, ընդհանուր գծերով այդպես է):

Սակայն, այսօր թվում է, որ Երրորդի բացառման հիմնարար սկզբունքը սկսում է վտանգվել: Մեր հասարակությանը նորից արհեստածին «գեոպոլիծիկ» ընտրության առջեւ են կանգնեցնում, որը կարող է կործանարար լինել մեր անկախության համար: Ի՞նչն է խնդիրը: Երբ գրվել էր Իշխանյանի հոդվածը, պատմական շրջարկն այնպիսին էր, որ իր սուր ծայրով «բացառումն» ուղղված էր մեզանում այսօր էլ տարածված քաղաքական ռուսամոլության դեմ, այսինքն՝ այն քաղաքական կաղապարի դեմ, ըստ որի՝ մեր ազգային խնդիրների լուծման ճանապարհին մենք կարող ենք եւ պետք է հիմնվենք ռուսական կայսերական, այլ ոչ թե սեփական՝ շատ ավելի համեստ ուժի վրա: Անկախ պետականությունը, սակայն, ենթադրում է քաղաքական պատասխանատվության որակապես նոր աստիճան, որն էլ իր հերթին նշանակում է, նախեւառաջ, սեփական ուժի հաշվառում եւ դրա հիմքով արտաքին աշխարհի հետ հարաբերություն: Ռուսամոլության դեմ ուղղված լինելով՝ հենց ռուսամոլների կողմից էլ ամենից շատ հարվածներ ստացավ Երրորդի բացառման հղացքը:

Տրամաբանող մարդու համար պարզ է, սակայն, որ խնդիրը ռուսները եւ ռուսամոլությունը չեն, այլ առհասարակ օտարամոլությունը եւ օտար հզոր ուժին գերազանցապես ապավինելը: Եթե թույլ տանք մեզ շատ համառոտ պատմական ակնարկ, ապա դժվար չէ նկատել, որ հայկական քաղաքական ռուսամոլությունը ոչ թե ինքնաբավ երեւույթ է, այլ հայկական քաղաքական արեւմտամոլության դրսեւորումներից մեկը: Ողջ ուշ միջնադարի ընթացքում հայկական վերնախավի քաղաքական-ազատագրական ծրագիրը եղել է քրիստոնյա (եվրոպական) զորքի օգնությամբ Հայաստանի ազատագրումը (Աշոտ Հովհաննիսյանի աշխատանքները մնում են դասական այդ թեմայի համար): Ռուսներին դիմելը Պետրոս Մեծի օրոք՝ հենց այդ ծրագրի տարբերակներից էր: Այնպես որ, էութենական որեւէ տարբերություն չկա հայկական քաղաքական ռուսամոլության եւ արեւմտամոլության միջեւ: 1880-ականներից ի վեր ծավալված մեր ազատագրական պայքարն էլ մոտավորապես նույն տրամաբանությամբ ընթացավ՝ դեգերելով անգլիամետ եւ ռուսամետ, որոշ դեպքերում էլ՝ ֆրանսիամետ կողմնորոշումների միջեւ, մինչեւ որ ֆիդայական պայքարի, իսկ ավելի շեշտակի՝ անկախ պետության կարճատեւ 1918-20 թթ.-ի փորձը Դաշնակցության որոշ գործիչների, որոնք կապված էին ավելի շատ բուն երկրի, այլ ոչ թե գաղութների հետ, չհանգեցրեց ավելի սթափ եւ սեփական ուժերին ապավինող քաղաքական հայացքների (դրանք չհասցրին գործնական տեսք ստանալ, քանզի պատմական իներցիան շատ ուժեղ էր): Ինչ վերաբերում է Հայաստանի Երրորդ Հանրապետությանը, ապա սա երբեք չէր կայանա՝ չէ՛ր հաղթի պատերազմում, չէ՛ր խուսափի այն ճակատագրից, որին արժանացավ Առաջին Հանրապետությունը, չէ՛ր պահպանի իր տարածքային ամբողջականությունը եւ համեմատական անկախությունը, եթե դրա հիմքում ընկած չլիներ Երրորդի բացառման սկզբունքը: Շատերին կարող է թվալ, թե այդ մի քանի էջանոց հոդվածի դերը չափազանցում եմ, բայց հաճախ պատմական զարգացումները կանխորոշված են լինում հենց մի քանի էջանոց հոդվածներում, եթե, իհարկե, համապատասխան պահանջարկ կա հասարակության մեջ:

Ի՞նչ վտանգ կա այսօր: Արտաքին զարգացումները Հայաստանի շուրջ բավականին սրվում են (Արեւմուտք-Ռուսաստան շրջարկում): Երկրի մտավորական, հասարակական եւ քաղաքական վերնախավերի ներկայացուցիչների զգալի մասի տհասության եւ հասարակական կայուն հաստատությունների (ինստիտուտների) բացակայության պայմաններում արտաքին այդ մարտահրավերները ստանում են հաճախ անհամարժեք արձագանք երկրի ներսում:

Տպավորություն կա, որ մեր հասարակական օրակարգը, ներհայաստանյան բանավեճն ուզում են բզկտել արտաքին քաղաքական «մոլությունների» միջեւ, պարտադրել մեզ կեղծ ընտրություն «մետություններից» մեկի օգտին՝ այդպիսով վերանայման ենթարկելով մեր անկախության կարեւոր հիմքերից՝ «Երրորդի բացառման» օրենքը: Սա ոչ այլ ինչ է, քան վերադարձ դեպի միջնադարյան մտածողություն՝ ինչպիսի զգեստավորման տակ էլ հանդես գա՝ ռուսամոլության թե արեւմտամոլության:

Մի փոքր պարզաբանում: Մշակութային եւ քաղաքակրթական առումով հայերի համար չկա արեւմտամետության կամ արեւելամետության հարց: Դեռեւս Արտաշիսյանների շրջանից եւ ցայսօր Հայաստանը միշտ եղել է արեւմտյան մշակույթի մաս: Տեղը չէ այստեղ դա հիմնավորելու, բայց կարող ենք վստահ պնդել, որ մշակութային առումով Հայաստանի արեւմտյան ինքնությունը քննարկման առարկա չէ: Ռուսաստանի առումով էլ, ի դեպ, խնդիրը նույնն է՝ այդ երկիրն իր բոլոր ուրույնություններով մշակութային Արեւմուտքի մասն է, եւ որքան արագ ռուսներն ազատվեն «սամոբիտնըսծ»-ի մասին հրաշապատում հեքիաթներից (որոնք, ի դեպ, ծագմամբ նույնպես արեւմտյան են, ավելի կոնկրետ՝ գերմանական), այնքան ավելի արագ կվերադառնան պատմական մայրուղի:

Բայց եթե մենք տարբերություն չդնենք մշակութայինի եւ քաղաքականի միջեւ, ապա կվերադառնանք ուղիղ միջնադար: Չէ՞ որ միջնադարյան քաղաքական մտածողության հիմքում էլ ընկած էր կրոնի, իմա՝ մշակույթի եւ քաղաքականության կամ արտաքին քաղաքական կողմնորոշման նույնացումը: Հետաքրքիրն այստեղ այն է, որ հենց եվրոպական մշակույթի շրջանակում պատմականորեն առաջին անգամ ձեւակերպվեց եւ իրագործվեց կրոնի, մշակույթի եւ քաղաքականության տարանջատումը: Հենց եվրոպական միտքն է ձեւակերպել քաղաքականության՝ որպես ինքնավար ուժերի կշռույթի վրա հիմնված ոլորտի հղացքն ու պրակտիկան: Այսինքն, հարակարծությունն այն է, որ այսօրվա մեր «արեւմտամետներից» եւ «առաջադեմներից» ոմանք մեզ ոչ միայն դեպի ետ՝ միջնադար են տանում (այսինքն՝ հետադիմական են), այլեւ մեր գիտակցության մեջ ուշացմամբ ամրապնդված եվրոպական աշխարհայացքի կարեւորագույն տարրերն են կամա թե ակամա վնասում (միայն հոգով խորը արեւելցին՝ մոտավորապես Ղանդահարի անապատի կողմերից եկած, կարող է 2013 թ.-ին դեռ նման բաների բացատրության կարիքն ունենալ): Այս պայմաններում է ահա կարեւորվում Ռ. Իշխանյանի «Երրորդի բացառման օրենքի» վերհիշումը եւ կրկին ուշադիր կարդալը՝ սեփական երկրի նկատմամբ պատասխանատվությունը դեռ չկորցրած մարդկանց համար: Թե չէ օֆշորային սկանդալներով համեմված «արեւմտամետությունը» մեզ ավելի հեռու չի տանի, քան բռնապետական-ավազակապետական համակարգի գոյատեւման հիմքերից մեկ հանդիսացող «ռուսամետությունը»:

Հ.Գ. Որոշ մարդկանց եւ խմբերի թվում է, որ արեւմուտքի գործակալ լինելն ավելի պատվաբեր է, նույնիսկ՝ անկախամետ ու առաջադեմ է, քան ռուսական գործակալ լինելը.: Գործակալները միշտ եղել են եւ կլինեն, եւ որեւէ արտաքին ուժի «տակ» աշխատելը պատվաբեր զբաղմունք չէ, իսկ միակ անկախամետ դիրքը սեփական երկրի «գործակալ» լինելն է, որը թելադրում է, ի հեճուկս բոլոր բարդությունների, նպաստել սեփական երկրի հասարակական կառուցվածքների, հաստատությունների ձեւավորմանը, որոնք պետք է մեր մտավոր, կազմակերպչական, քաղաքական ռեսուրսը լինեն արտաքին մարտահրավերներին դիմակայելու եւ համեստ, բայց արժանապատիվ դիրքերից բոլորի հետ հարաբերություն ստեղծելու խնդրում: 

Նախորդ հոդվածը‘ՀԲՃ. Փոքր ՀԷԿ-երի հերթական բնապահպանական զոհը’
Հաջորդ հոդվածը‘Մահվան ելքով վրաերթ Երևան-Սևան ճանապարհին. հեծանվորդը մահացել է’