‘
Բավականին յուրահատուկ մթնոլորտ է Հայաստանի հասարակական կյանքում այս ամառ: Թվում էր, թե գրեթե իրար հաջորդած ԱԺ, նախագահի և Երևանի ավագանու ընտրություններից հետո և մինչև մյուս կարևոր համապետական կամ գոնե մայրաքաղաքային ընտրություն` պետք է համեմատական անդորր տիրեր հասարակական-քաղաքական դաշտում, մանավանդ որ հիշյալ ընտրությունների ընթացքում իշխանությանը հաջողվեց զգալի հարվածներ հասցնել ընդդիմադիր դաշտին՝ պառակտելով, ականապատելով և այլ միջոցներով թուլացնելով: Առավել ևս` հանգիստ պետք է լիներ ամառը: Շատերն այդպես էլ կանխատեսում էին, իսկ որոշներն արդեն ծրագրեր էին կազմում… 2018 թվականի հեռանկարով: Վերջինս, իհարկե, այսպես թե այնպես կոպիտ սխալ էր, որովհետև քաղաքականությունը որքան էլ պարտավոր է հաշվի առնել հեռանկարը, բայց ծավալվում է կոնկրետ այսօր և այստեղ՝ ներկայի մեջ, և խոսել 18 թվականի մասին` 13-ը դեռ չավարտած, բաց թողնելով 14, 15, 16, 17՝ ուղիղ 4 ու կես տարի, մի տեսակ մանկական անհեթեթություն է, որը, սակայն, հայկական քաղաքական դաշտի համար, ցավոք, ոչ թե բացառություն, այլ ինչ-որ տեղ նորմա է: Ինչևէ, հակառակ հիշյալ սպասումների, հասարակական մթնոլորտն ամենևին էլ հանգիստ չի թվում: Իհարկե, եթե սա բնորոշեինք որպես գերլարված՝ չափազանցության գիրկը կընկնեինք, բայց մյուս կողմից` լարվածության աստիճանը բավականին բարձր է զրոյից կամ նվազագույնից: Գրեթե ողջ ամառվա ընթացքում տարբեր կետերում լարվածության տեղական դրևորումների ականատես ենք դառնում: Շատերին հավանական է թվում, որ այս տեղական դրսևորումները կանխորոշում են աշնանային ավելի ծավալուն գործընթացներ:
Enter, escape
Բազմագործոն և բազմաշերտ «ապուր է եփվում» Հայաստանում, և հետաքրքիր է, որ թե՛ ենթադրելիք աշնանային «ծավալումների», թե՛ այսօրվա «կանխագուշակող» գործընթացների առումով զգացվում է շատ տարբեր բևեռների և գործոնների ներգրավվածությունը: Իսկ քանի որ այս պահին գործընթացները դեռ սաղմնային են, այս բազմաշերտությունն էլ, հաճախ սաղմնային լինելով, լավ չի տարբերակվում, այսինքն՝ տարբեր, նույնիսկ հակադիր շերտերը երբեմն յուրահատուկ «նախնական» շփոթի մեջ են: Փորձենք մոտավորապես թվել, թե ինչպիսի գործոնների և ուժերի մասին է խոսքը: Նախ՝ կարելի է ձևակերպել, որ սպասվելիք և արդեն իսկ մասամբ ծավալվող գործընթացներում աննախադեպ մեծ է արտաքին գործոնի դերը: Ակտիվացման փուլ են մտնում արտաքին բևեռների ազդեցության գործակալ ուժերն ու անհատները և նրանց նախագծերը: Ակտիվացում է նկատվում նաև ընդդիմադիր և իշխանական դաշտերում: Շատերն են ակնկալում, որ աշնանն ընդդիմությունը կարող է նորից գրավել փողոցն ու Հրապարակը: Այդպիսի մտահոգություններ ունի նաև իշխանությունը, որը փորձում է ծավալվող և դեռ սպասվող հրապարակային գործընթացներում դիրքավորել ընդդիմադիր դաշտի այն հատվածը, որը գտնվում է իր վերահսկողության տակ: Հերթով սեղմվում է տարբեր գործիչների և խմբերի «էնթեր» կոճակը, ոմանց մուտքն էլ բեմ` դեռ սպասվում է և նախապատրաստվում: Այս հարցում, կարծես, որևէ խտրականություն չկա, և ծրագրավորված է դաշտ նետել բոլոր հնարավոր տարբերակները, ինչը նշանակում է, որ իշխանությունը չի մտածում ուժերի խնայման և ռեզերվի մասին՝ պատրաստվելով լուրջ պայքարի: Վերջապես կա, այսպես կոչված, քաղաքացիական դաշտը, որը հայտնվում է տարբեր իրադարձությունների կիզակետում և, իր հերթին, միաշերտ չի թվում: Իհարկե, փորձ է արվում այս հատվածն էլ ներգրավել «ծրագրավորման» մեջ, սակայն թվում է, թե հեռանկարում այս փորձը ձախողման է դատապարտված:
Հրապարակի ժամանակը վերադառնում է
Բոլոր թվարկած գործոններն ու ուժերն ակտիվ են կամ ակտիվանում են արդեն այսօր: Բայց պակասում է մի կարևոր բաղադրիչ՝ զանգվածները: Ասացինք՝ կարևոր, բայց պետք է ասեինք՝ ամենակարևոր, քանի որ, ի վերջո, զանգվածայնությամբ են որոշվելու սպասվելիք գործընթացների որակը, լրջությունը, տևականությունը և արդյունքը: Քանի դեռ չեն միացել զանգվածները՝ Հրապարակը, ցանկացած գործընթաց, որքան էլ լուրջ թվան ԶԼՄ-ների մատուցմամբ կամ համացանցում, կարող ենք որակել որպես կամերային կամ նույնիսկ փոթորիկ` մեկ բաժակ ջրում: Զանգվածայնությունը կարևոր է մի քանի առումով:
1. Պարզ է, որ զանգվածայնությունը միայն կարող է համարվել ցանկացած հասարակական պայքարի թիվ մեկ ռեսուրսը, որից հետո են միայն կարևորվում մյուս բոլոր ռեսուրսները: Միայն զանգվածային պայքարը կամ դրա սպառնալիքը կարող է իրական խնդիրներ դնել որևէ իշխանության կամ արտաքին ուժի առջև:
2. Պայքարի զանգվածայնությունը մեծ չափով չեզոքացնում է «ծրագրավորվածության», «մանիպուլյատիվ» գործոնը: Սա կարող է տարօրինակ թվալ սովորական «էլիծիստական» կարծրատիպերի և «ծիխնոլոգիական» մտածողության կրողների համար, որոնք սովորաբար ենթադրում են և հասարակությանն էլ բավականաչափ համոզել են, որ հենց զանգվածներն են առավել կառավարելի, բայց պատմական-հասարակագիտական իրականությունն այն է, որ զանգվածայնությունը միացնում է պատմական անկանխատեսելիության, ստեղծագործականության չափումը, և բոլոր «ծրագրավորող» կողմերի նախապես բաժանված քարտերն ու դիրքերը կարող են շատ արագ խառնվել:
3. Եթե նույնիսկ վիճելու լինենք երկրորդ կետի շուրջ, ապա, համենայն դեպս, մի բան կարող ենք հաստատապես պնդել՝ բոլոր քաղաքական փուչիկները, բոլոր իշխանական ականները պայթելու են որոշակի ժամանակ անց՝ զանգվածների ասպարեզ դուրս գալուց հետո: Ստիպված` կամ ա՛յս, կամ ա՛յն կողմ են բացահայտվելու նաև բոլոր նրանք, ովքեր այսօր հաջողում են երկու աթոռների արանքում տեղավորվել: Զանգվածային հրապարակային պայքարի ծավալման դեպքում շատերը ստիպված են լինելու բացահայտ պաշտպանել իշխանությանը՝ կորցնելով իրենց «սկզբունքային» կուսությունը: Իսկ մյուսները ստիպված են լինելու միանալ Հրապարակին:
4. Զանգվածային հրապարակային պայքարը միավորիչ է: Սա չի կարող լինել մեկ ուժի մենաշնորհ և մեկ ուժի գործ: Տարբեր խմբերը ստիպված են լինելու միավորվել, իսկ տատանվողները կամ կհայտնվեն խաղից դուրս, կամ բացահայտ` իշխանական ճամբարում:
5. Զանգվածային հրապարակային պայքարը խառնելու է նաև արտաքին խաղացողների քարտերը: Բոլորը ստիպված են լինելու հաշվի նստել դրա հետ:
6. Է՛լ ավելի կարևոր է, որ զանգվածային պայքարը, ուժի կենտրոնը տեղափոխելով Հրապարակ կամ ձևավորելով ուժի ներքին կենտրոն, դառնալու է անկախական, հայաստանակենտրոն դիրքավորման հենարան: Այսօր՝ այդպիսի ուժային կենտրոնի բացակայության պարագայում, առաջին շարք են դուրս եկել ազդեցության գործակալների և նրանց հովանավորների «գեոպոլիծիկ» խաղերը, և հայաստանյան քաղաքականությունը սպառնում է վերածվել գործակալների կռվի: Անկախության և ինքնիշխանության ակունքը, սակայն, Հրապարակում է, և միամտորեն սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե «հանրահավաքների» կամ «Հրապարակի» ժամանակն անցել է. կարգախոսը պատահական և անկեղծ կարծիք է, այլ ոչ թե իշխանական քարոզչության թիվ մեկ թեզերից:
Ամենևին էլ պատահական չէ, որ իշխանության կողմից հովանավորվող ԶԼՄ դաշտում հնարավոր է ցանկացած ընդդիմադիր, արմատական, քննադատական կարծիք, կարելի է հիմնավորել ցանկացած «կրիածիվ», «նոր» մոտեցում, բայց Հրապարակի և հանրահավաքի թեման միշտ հրետակոծման ենթակա է որպես «հնացած», «ոչ մոդայիկ», «անհաջողակ» և այլն: Բնական է, որ անխուսափելիորեն անվերահսկելի և իրական ուժի բևեռ ձևավորող հրապարակային գործընթացը ձեռնտու չէ ո՛չ իշխանական տարբեր թևերին, ո՛չ էլ արտաքին ուժերին: Պայքարի տեղական դրսևորումները շատ ավելի հեշտ է վերահսկելի դարձնել, օգտագործել այլևայլ նպատակներով, բայց զանգվածային պայքարը ստիպելու է հաշվի նստել իր հետ` որպես համահավասար գործընկեր, ինքնուրույն կողմ: Այնպես որ, բաժանումներն այսօր իսկ շատ հստակ են և վաղն ավելի հստակ են դառնալու:
‘