‘Խմբագրական. Զգուշացեք… ոչխարներից’

2429

Զանգեզուրը կորցնելու՝ Հայաստանին սպառնացող վտանգի թեմային մի անգամ արդեն անդրադարձ է եղել՝ որպես ներկա վարչախմբի գիտակցված գործողություն, որպես մեծագույն ազգային դավաճանություն։ Շեշտվել է նաեւ, որ դա շատերին անհնարին ու անհավատալի կարող է թվալ։ Եթե անգամ դրա հնարավորությունը զրոյից մի քիչ է բարձր, ուրեմն այդ թեմային պետք է անդրադառնալ պարբերաբար ու դրա վտանգի գիտակցումը դարձնել ողջ ժողովրդի սեփականությունը։ Իսկ որ դրա հնարավորությունը զրոյից բարձր է, վկայում են այն «անմեղ» փաստաթղթերը, որոնք առաջին քայլերն են՝ ձեռք բերելու համար մի պայմանագիր, որի համաձայն՝ Սյունիքի մարզում նվազագույնը հիսուն հազար հեկտար արոտավայր վարձակալությամբ նախատեսվում է տալ Իրանի Արեւելյան Ատրպատականի նահանգի (Իրանական Ադրբեջանի) ոչխարաբույծներն։

Նախորդ խմբագրականներից մեկում ներկայացվել են դրա հեռահար քաղաքական նպատակն ու վտանգները։ Այստեղ ուզում ենք անդրադառնալ մի քանի խոսուն դետալների, որոնք հիմնավորում են այդ վտանգները։

Ա) Իրանի ադրբեջանական կողմը, նախ եւ առաջ, հավաստում է, որ «իր պետք եղած արոտավայրը ամենապակասը 50.000 հեկտար է»։ Մասնագիտական կոնսուլտացիայի վրա հենվող մի հաշվարկ անենք՝ որպես հիմք ընդունելով նվազագույն թվեր։ Մեկ հեկտար արոտավայրը հաշվարկվում է նվազագույնը 10 գլուխ ոչխարի համար։ Այսինքն՝ նախատեսվում է Սյունիք տեղափոխել 500.000 գլուխ ոչխար։ Խնամողների քանակը՝ միջին հաշվով երկու հոգի՝ յուրաքանչյուր 50 գլուխ ոչխարի համար (հովիվ, կթվոր, այլ անձնակազմ)։ Այսնքն՝ 500.000 ոչխար խնամելու համար անհրաժեշտ կլինի ոչ պակաս, քան 20.000 աշխատող։ Բնականաբար, սրանք պիտի գան իրենց ընտանիքներով։ Ուրեմն՝ ստացված 20.000 թիվը բազմապետկենք նվազագույնը 2-ով (նկատի ունենալով, որ ընտանիքի չափահաս բոլոր անդամները նաեւ աշխատողներ են)։ Ստացվեց 40.000 մարդ կամ 10.000 ընտանիք (մեկ ընտանիքը՝ 4 հոգի հաշվարկով)։ Պատահական չէ, որ սպասարկող այս անձնակազմի «Համաձայնագիրը» նախատեսում է եւս 2000 հեկտար (ոչ արոտավայրի, այլ բնակատեղիի) տրամադրում. «Ամեն պետք եղած տարածքը բնակվող մարդկանց համար, որոնք կատարելու են (ոչխարների) փոխադրման ընթացքը, 2000 հեկտար է»։ Բաժանեք այս 2000 հեկտարը 10.000 ընտանիքի վրա եւ կստանաք տնամերձի չափը, ինչը նշանակում է, որ մինչ այս մեր հաշվարկային թվերը ճիշտ են։

Բ) Այսինքն (պատկերավոր ասած)՝ մի օր սյունեցին կարող է արթնանալ եւ տեսնել իր երկրում կես միլիոն ոչխար եւ 40.000 նոր բնակիչ՝ իրանական ադրբեջանցիներ։ Դրանից հետո քանի՞ տարի կամ քանի՞ ամիս պետք կլինի, որպեսզի Զանգեզուրը լրիվ դատարկվի հայ բնակչությունից։ Հետո ասում են, թե իշխանությունը չի պայքարում արտագաղթի դեմ։ Ոմանք նույնիսկ ասում են՝ էսպես որ գնա՝ երկիրը մի օր կդատարկվի, էլ ո՞ւմ վրա են իշխելու։ Մեխանիզմը, կարծես թե, գտնվել է. հյուսիսից թող գնան դժգոհները, «հեղափոխականները», հարավից կգան նրանք, ում համար այս պայմաններն իրենց երկրների համեմատ դրախտային են… Մինչեւ կստեղծվի այն երանելի հավասարակշռությունը, երբ դժգոհներ չեն լինի, ոչ մի խնդիր չի քաղաքականացվի, ինչպես մեծ կալվածքում՝ կլինի կալվածատեր, եւ կլինեն սպասավորներ։

Գ) Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը այսպես փայփայում Լիսկային։ Նրա հանցանքների տպավորիչ ցանկը՝ պսակված վերջին մարդասպանությամբ, կարծես դեռ բավարար չէ նրանից ընդմիշտ ազատվելու համար։ Փայփայում է երկու պատճառով։ Առաջին. Լիսկան, առանձին վերցրած՝ մի մարզում, կարողացել է ստեղծել հասարակության  այն էտալոնը, որին ձգտում է վարչախումբը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Բոլորն են միաբերան պնդում, որ Սյունիքում իշխանական կամայականությունների, կոռուպցիայի, ապօրինությունների, վախի մթնոլորտի մակարդակը մի քանի անգամ գերազանցում է հանրապետական միջինը։ Երկրորդ. հենց Լիսկայի ձեռքով պետք է ստորագրվեն Զանգեզուրը ծախելու փաստաթղթերը (առկա փաստաթղթերը ստորագրված են մարզային պաշտոնյաների մակարդակով)։ Ուրիշ ո՞վ կհամաձայնի կամավոր իր անունը կապել ազգային-դավաճանական կեղտոտ այս գործարքի հետ։

  Դ) Մոտ հազար տարի առաջ սկսված՝ թուրքական ցեղերի առաջին արշավանքները դեպի Մերձավոր Արեւելք եւ Հայաստան, ավարառուական բնույթի էին, եւ անգամ նրանց շատ թե քիչ տեւական իշխանությունը քաղաքական լուրջ վտանգ չէր ներկայացնում։ Այդ արշավանքները դարձան վտանգավոր, երբ զորքի ետեւից եկան ոչխարի միլիոնավոր հոտերը՝ իրենց «սպասարկող անձնակազմով»։ Ինչպես մի ժամանակ Անգլիայում «ոչխարները կերան մարդկանց», այստեղ էլ ոչխարներն էին, որ վերջնական դարձրեցին այդ ցեղերի ռազմական նվաճումները եւ ընդմիշտ արմատավորվելը օտար հողում։ Այնպես որ՝ ոչխարը  այնքան էլ անվնաս ու անվտանգ  կենդանի չէ, ինչպես ընդունված է համարել…

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ հունիսի 25-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘Եզան վերաբերյալ Գալուստ Սահակյանի ակնարկն այլ երանգներ է ստանում. Մամուլ’