‘
Այն, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների հաջորդ ռաունդում Հայաստանի դիրքերն առավել քան երբևէ խոցելի ու թույլ են լինելու՝ նշել էինք բոլորովին վերջերս: Բայց որ դրա խոստովանությունը Սերժ Սարգսյանի գաղափարական հոր (այո՛, այո՛, գաղափարական հոր) կողմից կբարձրաձայնվեր այսպես արագ՝ նույնիսկ ամեն ինչին սովորած մեր հասարակությունը չէր սպասում: Զորի Բալայանի նամակը 15 տարիների ղարաբաղյան հակամարտության կարգավորման կրախն էր:
Կարող է զարմանալի հնչել, բայց Զորի Բալայանի նամակում ամենավտանգավորը դրա բովանդակությունը չէ: Սրա շուրջ, բացի ռեժիմի պարագլուխներից ու մի քանի՝ մտավորական կոչվող մտավոր դեգեներատներից, ովքեր ափալ-թափալ խանդավառվեցին նամակի հրապարակումից, հասարակությունում, անկախ քաղաքական հայացքների տարբերությունից, կա համերաշխություն դրա անընդունելիության վերաբերյալ:
Վտանգավորն այն է, որ մենք հասել ենք մի կետի, երբ մեր բոլորիս գիտակցություններում սա ընկալվում է ոչ թե որպես ինչ-որ պալատական ծաղրածուի խոսք, այլ մի բան, որ միանգամայն իրական է: Ցանկացած երկրում, նույնիսկ՝ շատ հզոր պետություններում կամ կայացած ժողովրդավարություններում, նման քաղաքական կամ հասարակական ծաղրածուներ կան, ովքեր ժամանակ առ ժամանակ հասարակությանը ներկայացնում են մի ցնդաբանություն, կորչում-գնում, հետո կրկին հայտնվում, ու այդպես շարունակ: Երբ հասարակական գիտակցությունը նավարկում է հակառակ ուղղությամբ, նման մտքերն առանձնապես ռեզոնանս չեն առաջացնում, միայն ժպիտ և ուրախ տրամադրություն: Ժիրինովսկին Ռուսաստանում կարող է հայտարարել, որ ռուս զինվորներն իրենց սապոգները պետք է լվանան Հնդկական օվկիանոսում, Իսրայելում մի քանիսը կհայտարարեն, որ Իսրայելն օկուպանտ է, և պետք է վերադարձվեն արաբներից զավթված հողերը, ԱՄՆ-ում նախագահի թեկնածուներ կլինեն, ովքեր Լուսինը կհռչակեն ԱՄՆ հաջորդ նահանգը, և այսպես շարունակ: Այսօրվա Հայաստանում, ցավոք, այն, ինչը նորմալ պետությունում կընկալվեր որպես սովորական կլոունադա, ընդհուպ մոտեցել է իրական քաղաքականության սահմանագծին կամ արդեն հատել այդ չարաբաստիկ ռուբիկոնը: Որովհետև սա այն է, ինչ կա նաև ռեժիմի մտքին: Այլապես՝ Հայաստանի գործող վարչախմբի ներկայացուցիչները՝ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ, պետք է իրար հերթ չտային Զորիին ռուսական ձևով համապատասխան տեղ ուղարկելու հարցում: Սերժ Սարգսյանը դա չի անում, որովհետև Զորի Բալայանն, ըստ էության, հրապարակայնացրել է այն, ինչ մտածում է ինքը: Մնացածներն էլ ձայն չեն հանում, որովհետև գիտեն, որ Զորին հրապարակայնացրել է այն, ինչ մտածում է Սերժ Սարգսյանը: Ու քանի դեռ չկա որևէ արձագանք, ակնհայտ է, որ այս նամակի հետևում Սերժ Սարգսյանն է կանգնած: Ամենավտանգավորը, սակայն, մնում է այն, որ հասարակությունն էլ սկսում է ընտելանալ սրան, ինչպես հայտնի անեկդոտում հողին էր ընտելանում: Սա տանելու է անհրաժեշտ դիմադրության պաշարի կորստի և, հետևաբար, կանաչ լույս է վառելու այս պատմական արկածախնդրության առաջ:
Զորի Բալայանն իր նամակով կամա թե ակամա տվել է իշխանափոխության կենսական անհրաժեշտության հրաշալի հիմնավորում: Շուրջ տասնհինգ տարի այս հասարակությունը կերակրվել էր միֆերով, թե՝ ինչ-ինչ, բայց Ղարաբաղի համար այս իշխանությունները կյանք կտան: Զորին ակամայից բացատրեց, որ նրանք ազգություն չունեցող գողերի ու ավազակների խումբ են և հանուն իշխանության՝ Ղարաբաղը աճուրդի կդնեն առանց աչք թարթելու: Սերժ Սարգսյանն ավարտին հասցրեց Հայաստանի բոլոր հնարավոր առավելությունների մսխումը և պետությունը բերեց դրեց կոլապսի շեմին: Ետևում Հայաստանն է և Ղարաբաղը: Չկա մեկը՝ չի լինելու մյուսը: Հերթը հասարակությանն ու քաղաքական ուժերինն է՝ համախմբվելու մեկ խնդրի շուրջ՝ հասնել իշխանափոխության: Երկրորդ ճանապարհը տանում է դեպի Գյուլիստան:
‘