‘
Այն, ինչին նախօրեին ականատես եղանք Մոսկվայում՝ Սերժ Սարգսյանի կատարմամբ, անակնկալ չէր եւ չէր էլ կարող լինել: Դե, որովհետեւ գաղտնիք չէ, որ եթե այդ մարդը հայտնվում է մի տեղ, որտեղ պետք է խոսի առանց տեքստի, ապա անպայման, ոնց էլ լինի, մի բան «կբլթացնի»: Այս անգամ նա գերազանցեց ինքզինքը: Որովհետեւ հաջողեցրեց «խոսել» բոլորից քիչ, մեղմ ասած՝ ոչինչ չասել ու դրանով «բլթացնել» ավելին, քան կարելի էր եւ կարող էր:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո տեղի ունեցած ասուլիսին՝ նվիրված 2015թ. հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության և դրա մարմինների գործունեության մեկնարկի գործնական ասպեկտներին, մասնակցում էին Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն, Նուրսուլթան Նազարբաևը, Ալմազբեկ Աթամբաևը: Բոլորը խոսեցին, իրենց տեսակետից՝ կարեւոր հարցերից, Բելառուսի նախագահն անգամ այդ հարցում գերազանցեց բոլորին՝ խոսեց բաց, խոսեց իրեն անհանգստացնող հարցերից, եւ երբ հենց նրանից հետո եկավ Սարգսյանի հերթը, վերջինս ասաց՝ շնորհակալություն բոլորին: Եւ ՎԵՐՋ: Մարդը, հասկանում եք, չէ՞, ասելիք չունի, տեսակետ չունի: Խոսի, որ ի՞նչ անի՝ ի՞նչ ասի, որ լավ լինի: Ի՞նչ կարծիք ներկայացնի: Չկա՛ կարծիք: Ամեն ինչ վաղուց թողել է ինքնահոսի՝ միայն թե ինքը շարունակի նստած մնալ Բաղրամյան 26-ում, այսինքն՝ այն, ինչ կատարվում է դրանից դուրս՝ իրեն չի հետաքրքրում, դա իր գործը չէ, իր խնդիրը չէ, դա Հայաստանի խնդիրն է, իսկ ինքը Հայաստանի հետ ոչ մի կապ չունի:
Ի՞նչ է, դուք կարծում էիք՝ այնտեղ՝ Մոսկվայում նստած, նա ի՞նքն էր ստորացվում, իրե՞ն էին ձեռ առնում ու ծաղրում: Ամենեւին, ծաղրի էր ենթարկվում Հայաստանը, մենք բոլորս, բոլոր նրանք, ովքեր թույլ են տվել (կամ (դեռ) չեն կարողացել կանխել), որ այդ մարդը Հայաստան ներկայացնի, Հայաստանի անունից հայտարարություններ անի, որոշումներ կայացնի ու թղթեր ստորագրի:
Այդ մեզ, իրականում, Լուկաշենկոն հարցրեց. «Չե՞ս ուզում, չէ՞, ելույթ ունենաս»: Այդ մեզ ասացին՝ «ի վսյո (եւ վերջ)»: Այդ մեզ վրա ծիծաղեցին, որովհետեւ նա գնացել այնտեղ մեզ էր ներկայացնում: Նորություն չէ, առաջին անգամը չէ, արդեն քանի տարի ականատեսն ենք լինում էս ամենին: Ու դեռ կլինենք, եթե ամեն ինչ այսպես շարունակվի, եթե ոչինչ չփոխվի: Ամեն խայտառակություն ավելի վատն ու ստորացուցիչ է լինելու, քան նախորդը, ամեն անգամ ավելի մեծ խայտառակություն կապրենք, քան երբեւէ, եւ դեռ ավելին, կգա ժամանակ, երբ խայտառակվելու բան էլ չի մնա, ու նա կանի բաներ, որոնցից հետո արդեն սովորական խայտառակությունը մեզ համար չարյաց փոքրագույնն է թվալու:
Սարգսյանն ինքն է ձեռնոց նետել մեզ բոլորիս, ինքն է թեժացնում էն կրակը, որը նրան հանդուրժել չի կարողանում, ինքն է ամեն օր մինչեւ պռունկը լցնում մեր համբերության հավաքական բաժակը:
Էս տարին էլ արդեն գլորվեց, բան չմնաց: Ու էս տարի էլ, ինչքան կարողացան՝ երկրի հերն անիծեցին: Հիմա պետք է նորից մտորել: Ուզում ենք, որ այսպես շարունակվի՞, ավելի վատ խայտառակություննե՞ր ենք ուզում, ավելի ցինիկ տնտեսական տեռո՞ր ենք ուզում, նոր արձանագրություննե՞ր ենք ուզում, նոր փաստաթղթե՞ր ենք ուզում: Է՞լ ինչ պետք է անի էս մարդը, որ նրան ասենք ՑՏԵՍՈւԹՅՈւՆ: Կարծես՝ ամեն հնարավոր ու անհնար բան արդեն արել է:
Ընտրությունը մերն է: Եկող տարի է՞լ պիտի թողնենք, որ ինքը մնա ու մեզ հրապարակային ծաղրի ենթարկի: Ասելո՞ւ ենք բոլորս միասին՝ ցտեսություն, Սերժ:
Քրիստինե Խանումյան
‘