‘Խմբագրական. Էլ ի՞նչ եք գաղտնի հանձնել ‘

1667

Երբ ամիսներ շարունակ ընդդիմությունը պնդում էր, որ տեղեկություններ կան այն մասին, թե իշխանությունները բանակցում են «ՀայՌուսգազարդ» ընկերության 20 տոկոսը ռուսական կողմին վաճառելու հարցի շուրջ, իշխանությունները կտրականապես հերքում էին դա: Մեզ մի քանի տարի շարունակ համոզում էին, ասում էին, պնդում էին, թե գազը չի թանկացել: Երբ մարդիկ ասում էին, թե ՊԵԿ-ի թվերը չեն համընկնում գազի գնի վերաբերյալ հրապարակվող մյուս պաշտոնական թվերի հետ, նրանք նորից պնդում էին, թե գինը չի փոխվել: Ընդ որում՝ այս ամենն ասում էին այնքան վստահ, այնքան հաստատակամ, որ երբեմն կարելի էր կասկածել` գուցե մարդիկ ճշմարտությո՞ւնն են ասում: Գուցե իրո՞ք որեւէ թանկացում էլ չկա: Եւ ահա, ընտրություններն ավարտվեցին, ու եղավ «ավետիս»` գազը թանկ է: Ավելի ճիշտ` թանկացել է: Բայց: Հենց նոր չէ, որ թանկացել է, 2011-ից թանկանում ու թանկանում է, ուղղակի մեզ այդ մասին չէին ասում, թողնում էին, որ հին գնով մուծումներ կատարենք, բայց դե`գազը, հիշում ենք, արդեն թանկ էր: Այդ տարբերությունը կուտակվեց-կուտակվեց, ընտրություններն ավարտվեցին, ու եղավ աչքալուսանք` վասն ժողովրդի ապագայի «ՀայՌուսգազարդի» մեր վերջին 20 տոկոսը վաճառում են: Արամ Մանուկյանի ձայնն այս ամիսների ընթացքում խզվեց` հարցնելով, սկզբում`ճի՞շտ է, որ ցանկանում եք վաճառել, ճի՞շտ է, որ գազը թանկացել է, հետո արդեն` ո՞վ է ձեզ իրավունք տվել վաճառել, ո՞վ է որոշել, որ 20 տոկոսը հենց 300 մլն արժե: Դիմացը` պատ:

Ոչ մի հիմնավորում ու բացատրություն՝ ի պատասխան: Բնական է. գործարքն արել են, համաձայնությունը վաղուց տվել էին, բայց քանի որ ընտրական փուլից աչքները վախեցած էր, այս ամենը մեզանից գաղտնի էին պահում: Ու հիմա, երբ արդեն թաքցնելու ճար չունեն, որովհետեւ ՌԴ նախագահի այցի ընթացքում ռուսական կողմը բացահայտեց, որ նման համաձայնություն կա, իշխանությունները սկսեցին տրագիկոմեդիա խաղալ: «Ինչ արել ենք, հանուն ժողովրդի ենք արել, մենք մեր ժողովրդի մասին ենք մտածում, մենք մեր ժողովրդի ցավը տանենք, չենք ուզեցել, որ ժողովուրդը թանկ վճարի գազի համար, այդ պատճառով էլ կառավարությունը որոշել է սկզբից սուբսիդավորել, հետո` բաժնեմասը վաճառել»: Ու այդ ամենը իշխանության բոլոր`մանր ու մեծ ներկայացուցիչները արտասանում են Գեղամյանի հռետորաբանությամբ, ձեւացնելով, թե չգիտեն, որ կառավարությունը ինքն իրենով փող ու գույք չունի եւ ունենալ չի կարող, որ այդ ամենը հենց ժողովրդի հավաքական գումարն ու գույքն է:

Մեծ հաշվով, ոչ լեգիտիմ իշխանության համար նման պահվածքը նորություն չէ: Հարցն այստեղ այլ է: Կարեւոր մեխն այն է, որ քանի տարի տեղի է ունեցել մի գործընթաց, որը ժողովրդից գաղտնի է պահվել, ավելին, կտրականապես հերքվել է այն, ինչ տեղի էր ունենում, եւ տարիներ անց միայն մեզ փաստի առաջ կանգնեցրին: Ամբողջ մեխը` գաղտնիությունն ու սուտն է: Ոչ մի քննարկում, ոչ մի թափանցիկություն, ոչ մի ակնարկ անգամ. հերքում, հերքում ու միայն հերքում` առանց աչք անգամ թարթելու: Այսինքն, սկզբում՝ գաղտնի գործարք, հետո՝ հերքում, հերքում, հետո` փաստ: Ու սա այս իշխանությունների համար սովորական գործելաոճ է դարձել:

Հիմա, եթե գազի հարցում այսքան տարի ճշմարտությունը թաքցնելուց հետո, մենք այլեւս փաստերով տեղեկացված ենք, որ մեր թիկունքում մեր պետական շահերին հակասող բանակցություններ են վարվել, որը միաժամանակ հերքվել է, եւ եթե սա այս իշխանությունների համար իսկապես սովորական գործելաոճ է դարձել, ապա որտե՞ղ է երաշխիքը, որ նույնը չի արվում նաեւ մյուս կենսական հարցերում: Որտե՞ղ է երաշխիքը, որ նույն փաստի առաջ չենք կանգնի նաեւ, ասենք` ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում: Այժմ խիստ կարեւոր է ոչ միայն գազի վերաբերյալ համաձայնագրերի վավերացումը թույլ չտալը, այլեւ` պարզելը` էլ ի՞նչ են այս իշխանությունները մեր թիկունքում զիջել: Ու նաեւ գիտակցելը, որ քանի դեռ այս մարդիկ իշխանության են, մեր թիկունքում պարբերաբար մաս-մաս հանձնելու են Հայաստանի ինքնիշխանությունը: 

Նախորդ հոդվածը‘Սպասվում է կայուն ցուրտ, մառախլապատ եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկել է Կոնգրեսի հանրապետական խորհրդի նիստը’