‘Խմբագրական. Էսօրվա պայքարը վաղվան չեն թողնի’

2281

Ասում է՝ բա հիմի սրա վերջն ի՞նչ է լինելու: Ասում եմ՝ ինչի՞ վերջը: Ասում է՝ էս ամենի, էլի, երկրի, մեր: Ասում եմ՝ ի՞նչ պիտի լինի: Ասում է՝ դե վատ է, էլի, սրանից էլ վա՞տ, գոնե մինչ 18 թիվ դիմանանք: Ասում եմ՝ ինչի՞ մինչեւ 18: Ասում է՝ դե գոնե էդքան նստի, գնա, հետո տեսնենք՝ ինչ է լինում: Ասում եմ, ո՞նց, դուք մտածում եք, որ կարելի է սրան մինչեւ 18-ը թողնել, ու դեռ մի բան էլ հավատում եք, որ հետո գնալո՞ւ է: Ասում է՝ ոնց, բա ի՞նչ է լինելու: Ասում եմ՝ եթե ամեն ինչ էսպես թողենք, իհարկե, վատ է լինելու, նախ՝ 18-ին չի գնալու, սահմանադրական փոփոխությունները եթե անցկացրեց, էլ գնա, որ ի՞նչ անի: Ասում է՝ այսինքն, վա՞տ է լինելու: Սրանից էլ վա՞տ: Ասում եմ՝ բա իհարկե, վատ, գնալով վատ ու ավելի վատ, հետո ավելի ու ավելի վատ: Ասում է՝ էդ ո՞նց: Ասում եմ՝ հիմա վա՞տ է, կարողանո՞ւմ ես տուն, ընտանիք պահել, վճարումներ անել, պարտքեր չանել, վարկերը ժամանակին մարել, թանկացումներին դիմակայել: Ասում է՝ ո՞նց եմ կարողանում, ոչ մի բան էլ չեմ հասցնում, ամեն օր ապրանքները, ծառայությունները թանկանում են, ու վերջը չի երեւում: Ասում եմ՝ դե պատկերացրու, եթե ամեն հաջորդ օրը ավելի վատ լինի, քան՝ դրա նախորդ օրը, ու այդպես գնալով ավելի վատ, ու եթե այսօրը քեզ համար մղձավանջ է, ապա, ասենք՝ մի տարի հետո երանի ես տալու էս օրվան, եւս մի տարի անց էլ՝ դրանից մեկ տարի առաջվա վիճակին, ու  այդպես շարունակ: Կայուն վատ վիճակ անգամ չես ունենալու, չես իմանալու, թե քո, քո ընտանիքի հետ ինչ է լինելու վաղը, երաշխիք չես ունենալու, հեռանկար չես ունենալու ավելի շատ, քան հիմա: Մտածում է: Մի որոշ ժամանակ անց ասում է՝ բա հետո՞, հիմա ի՞նչ պիտի անենք: Ասում եմ՝ ամեն ինչ, կարեւորը, որ հույսդ վաղվա վրա չդնես, չկարծես, թե եթե դու ոչինչ չանես, էդ խայտառակ մարտահրավերն ինքն իրենով վերանալու է, կամ էլ թե՝ իր ժամանակը գալու է, ինքը թողնելու ու գնալու է: Նախ՝ եթե մի քանի տարի լուռ կհանդուրժես, չի գնա, բայց եթե անգամ հանդուրժելուց հետո էլ գնա՝ իր իսկ եկած ճանապարհով, ապա եկողն էլ կգա նույն ճանապարհով ու հաստատ՝ իրենից լավը չի լինելու: Կարեւորը, որ հասկանաս՝ էսօրվա պայքարը վաղվան չեն թողնի, քո պայքարը երեխեքիդ չպիտի թողնես, ամեն մի չարած ընդվզման համար կրկնակի ես վճարելու:

Էլի լռում է: Ասում է՝ կարո՞ղ է թողնենք գնանք: Ասում եմ՝ ո՞ւր: Ասում է՝ եսիմ, մի որեւէ տեղ, էլի, մենակ թե՝ սրանցից հեռու: Ասում եմ՝ կարծում ես՝ էդ ե՞լք է: Ասում է՝ չէ, բայց…: Ասում եմ՝ գուցե՝ ընդամենը փախո՞ւստ է դա: Ո՞ր մեկս չի գայթակղվում որ, բայց մնալն էլ է, չէ՞, պայքարի ձեւ: Ուղղակի՝ միայն մնալը քիչ է, պետք է ամբողջացնել այդ պայքարը:

Լռում է: Մի ահագին քշում է տաքսին, հետո ասում է՝ հա, քուր ջան, ճիշտ ես ասում…

Ասում եմ՝ հատկապես ո՞ր պահը: Ասում է՝ դե, ընդհանուր, էլի: Ժպտում եմ: Ինքն էլ է ժպտում: Մի տեսակ՝ հուսահատությանը ձեռնոց նետող ժպիտով:

Քրիստինե Խանումյան  

Նախորդ հոդվածը‘ԱԺ նիստ. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Երթ՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման’