‘
Մեր քաղաքական խոսքում տարածված կաղապարներից մեկն այն է, թե «վատ մարդիկ» տարիներ ի վեր մենաշնորհել կամ սեփականաշնորհել են ընդդիմադիր դաշտը՝ չթողնելով «լավ մարդկանց» դրսևորվել նույն այդ դաշտում: Ասում են՝ այ, եթե չլիներ ամեն տվյալ պահի ներկայիս «վատ ընդդիմությունը», ապա Հրապարակում հավաքվող մարդիկ կհամախմբվեին «լավերի» շուրջ: Իհարկե, «քիչմ» զարմանալի է, որ այս մեկնաբանությունը սովորաբար առավել ակտիվորեն հնչեցվում է հատկապես ընդդիմության հրապարակային ակտիվացման շրջաններում, այլ ոչ թե հրապարակային գործունեության դադարների ընթացքում, ինչպես որ «քիչմ» զարմանալի է այն, որ այլևայլ քաղաքական խմբերը բուռն ակտիվացման փուլեր են ունենում «վատ ընդդիմության» ակտիվացմանը զուգահեռ, այլ ոչ թե, ինչպես տրամաբանական կլիներ՝ համեմատաբար անդորրների շրջանում, բայց թողնենք առայժմ այս հարցը մի կողմ: Քանի որ հասարակության մեջ կան խնդրո առարկա կաղապարի անկեղծ կրողներ և տարածողներ, փորձենք նրանց ներկայացնել մեր տեսակետը՝ հանգիստ թողնելով նրանց, ովքեր «ծառայության մեջ են»:
Եվ այսպես, հնարավո՞ր է արդյոք ենթադրել, որ Հայաստանում «լավ ընդդիմություն» չի ձևավորվում այն պատճառով, որ վատերը, հրապարակի վրա լինելով, չեն թողնում նորերին հանդես գալ:
Ընդդիմադիր դաշտը շաքարավազ չէ
Նախ՝ հարցի ամենակարճ պատասխանը վերջին տարիների քաղաքական փորձն է, որը տեղի է ունեցել բոլորիս աչքի առջև, և որի մանրամասները կարիք չկա հիշեցնելու: Իսկ փորձը ցույց է տալիս, որ ընդդիմության թուլացման կամ մարտավարական դադարների շրջաններից և ոչ մեկում, երբ հրապարակային ակտիվություն կամ չի եղել, կամ էլ հասցված է եղել նվազագույնի, որևէ, այսպես ասած, այլընտրանքային ընդդիմություն չի հաջողացրել ո՛չ հզոր շարժում ստեղծել՝ համախմբելով դաշտի ակտիվիստներին և զանգվածներին, ո՛չ էլ այնպիսի քաղաքական խոսք ձևակերպել, որն օրակարգային դառնա տևական ժամանակով: Հատկապես 2012-ի աշնանը, երբ ՀԱԿ-ը, նախկինի համեմատ՝ շատ թուլացած էր, իսկ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը դեռ սկզբնավորման փուլում էր, նաև՝ 2013-ի աշնանը, երբ հրապարակային ակտիվություն չկար, հարմարագույն ժամանակներ էին ջարդելու ընդդիմադիր դաշտի կարծեցյալ «մենաշնորհը»: Եվ չի կարելի ասել, որ փորձեր այդ ուղղությամբ չեղան: Դաշտում եղած, պայմանական ասած՝ երկրորդ կամ երրորդ էշելոնի որոշ խմբեր փորձեցին իրենց ուժերը թե՛ հրապարակում, թե՛ թիմ ստեղծելու գործում: Ավելորդ է ասել, որ այդ փորձերը տապալվեցին, այլապես մենք հիմա այս թեմայի շուրջ չէինք էլ խոսի:
Հիմա լավ է սա, թե վատ, ուրախանալու, թե տխրելու առիթ է՝ բացարձակ կարևոր չէ: Կարևորը փաստն է, իսկ ավելի շուտ՝ այդ փաստը հասկանալու, եզրակացություններ անելու կարողությունն ու անհրաժեշտությունը: Չի կարելի կայանալ քաղաքական դաշտում, նաև՝ ընդհանրապես կյանքում՝ սեփական երկրորդական դերը միայն ուրիշների չուզողությամբ կամ էլ վատությամբ բացատրելով:
Ընդհանրապես, ընդդիմադիր դաշտը շաքար չէ, ոչ էլ բեզնին, որ որևէ մեկը կարողանա մենաշնորհել այն: Իհարկե, քաղաքական մենաշնորհ էլ կարող է լինել, բայց դա ստեղծելը շատ ռեսուրսատար և թանկ հաճույք է: Գոնե մեր տիպի երկրներում քաղաքական մենաշնորհի ռեուրս կարող է ունենալ միայն իշխանությունը: Այն էլ, կոնկրետ՝ Հայաստանում, նույնիսկ իշխանությունը, թեև ամեն գնով ձգտում է, բայց առայժմ չի կարողացել հասնել բացարձակ քաղաքական մենաշնորհի:
Իսկ ընդդիմությունը նման ռեսուրս ոչ միայն չունի, այլև չի կարող ունենալ: Դրա համար ընդդիմությանն անհրաժեշտ էր ունենալ, ասենք, բանտեր, ոստիկանություն, հարկային տեսուչներ, զինված խմբեր և մրցակիցներին ճնշելու շատ այլ գործիքներ, որոնք չունենք և չենք էլ կարող ունենալ՝ նույնիսկ ցանկության դեպքում:
Այլ բան է, որ քաղաքական պայքարն, իհարկե, ուժային ոլորտ է, այսինքն՝ այստեղ հաղթում և պարտվում են ուժով, այլ ոչ թե, ասենք, բալետ պարելով կամ էլ լավ երգելով: Պետք չէ վախենալ ուժ բառից: Խոսքը բռնության մասին չէ, որը քաղաքական պայքարի ամենածայրահեղ և վերջին զենքն է: Օրինակ, թիմային սպորտի մեջ էլ վճռորոշն ուժն է, բայց դա չի նշանակում, որ ֆուտբոլիստները հաղթում են իրար ծեծելով կամ սպանելով: Ուժն ունի տարբեր նշանակություններ: Ո՛ւժ է հեղինակությունը, ո՛ւժ է թիմը և կազմակերպվածությունը, ո՛ւժ է գաղափարը, ո՛ւժ է քաղաքական խոսքը, ո՛ւժ է հստակ ծրագիրն ու մարտավարությունը, ո՛ւժ է հավատարմությունը և նվիրվածությունը և այլն, և այլն: Քաղաքական հաջողության համար սովորաբար պետք է լինում այդ միանգամից մի քանիսի համադրությունը:
Կա՞ արդյոք կյանք Մարսում
Եթե որևէ մեկին թվում է, որ ինքը տիրապետում է դրանց մեծ մասին, բայց հաջողության չի հասնում, ապա, կարծում եմ, արժե նա ևս մեկ անգամ վերլուծի իր քայերը՝ համոզվելու համար, որ նրա «ունեցվածքը» թվացյալ է: Օրինակ, վստահ եմ, բոլոր քաղաքական խմբերը վստահ են գոնե նրանում, որ իրենք և հենց իրենք ամենալավ գաղափարների կրողներն են: Իրականում, սակայն, խոսքը պետք է լինի ոչ թե գաղափարի մասին՝ ընդհանրապես, այլ քաղաքակա՛ն գաղափարի, ինչը նշանակում է, որ այդ գաղափարը պետք է ոչ միայն «լավը» և «ճիշտը» լինի, այլև համապատասխանի տվյալ ժամանակին և պայմաններին, այդ թվում՝ տվյալ հասարակության պատկերացումներին և կենսական պահանջներին: Նույնը վերաբերում է ծրագրին, որը պետք է բխի տվյալ հասարակության ա՛յս պահի քաղաքական և հասարակական քարտեզի վերլուծություններից, և առաջարկի մարդկանց իրագործելի թվացող լուծումներ: Թե չէ, օրինակ, շատ լավ գաղափար է Մարս թռչելը, բայց դա դեռ չի նշանակում, որ դա այս պահին, այն էլ՝ մեր երկրում, կարող է դառնալ քաղաքական գաղափար և քաղաքական ծրագիր: Մյուս կողմից էլ՝ ա՛յլ պահին և ա՛յլ երկրում Մարս թռչելն էլ կարող է քաղաքական նպատակի վերածվել (օրինակ, երբ թռիչքը ոչ միայն տեխնիկապես հնարավոր դառնա, այլև բավականաչափ անվտանգ, էժան և մատչելի, իսկ Մարսի գաղութացումն էլ սկսված լինի առաջին «կոնկիստադորների» կողմից):
Կարելի է քննարկել նաև քաղաքական ուժի մյուս անհարժեշտ բաղադրիչների խնդրահարույց կողմերի մասին բռնապետական երկրում, բայց կարևորը, որ ցանկացած դեպքում հարցը ոչ թե ինչ-որ մեկի չարակամությունն է կամ նավսը, այլ առարկայական բարդությունները: Դրա համար էլ օրինաչափություն է, ոչ թե բացառություն, երբ հակաբռնապետական պայքարում ընդդիմադիր ուժերը ոչ թե մրցակցում են միմյանց հետ, այլ լայն համախմբում են ստեղծում, տարասեռ ուժերի լայն ճակատով են հանդես գալիս, որի շրջանակներում փոխզիջումներն անխուսափելի են: Բռնապետության դեմ պայքարի այլ օրինակներ պարզապես չկան, կամ կան, բայց տողերիս հեղինակը տեղյակ չէ դրանցից: Բայց եթե, այդուհանդերձ, որևէ խումբ կամ գործիչ իր համար ընտրել է այլ ուղի՝ համարելով, որ ինքը կարող է շրջել համաշխարհային պատմության օրինաչափությունները, ինչո՞ւ ոչ, եթե հավատացողներ կան, որ դա անկեղծ մղում է, թող փորձի, միայն թե այդ դեպքում գիտակցելով, որ ձախողման մեղքը ոչ թե առասպելական մենաշնորհն է, ոչ էլ հայի թախծոտ աչքերը, այլ հասարակության օրենքները: Այսինքն՝ նույնիսկ եթե մի օր «վատ ընդդիմադիրներն» իրենց նավսոտ մենաշնորհով դաշտից հեռանան, միևնույն է, մեր ազնիվ և պայծառ «տղերքը» իրենք են ստիպված լինելու նույն մեթոդներով հաջողության հասնել՝ լայն համախմբմամբ, այդ թվում՝ այնպիսի ուժերի հետ, որոնց հետ նախկինում լուրջ խնդիրներ են ունեցել կամ էլ ունեն: Ես, իհարկե, վստահ եմ, որ մեր քաղաքական դաշտում չկան այնպիսի միամիտ տղերք և աղջիկներ, որոնք այսքանը չեն հասկանում, բայց, մեծ հաշվով իրավունքը հավատացողինն է՝ ոչ մեկին տեսակետս չեմ պատրաստվում պարտադրել:
Հրանտ Տեր-Աբրահամյան
‘