‘Խմբագրական. Թե ինչու է Ս. Սարգսյանը ԱԽՔ-ին գործուղել ընդդիմադիր դաշտ’

3703

Շատ լավ հասկանալով, որ իր ապօրինի իշխանությունն անհնար է օրինական ճանապարհով վերարտադրել, վարչախումբն ի սկզբանե դրա համար ստեղծել է երկու գործիք։ Առաջինը քրեական բնույթի է՝ ընտրությունները կեղծելը հնարավոր բոլոր միջոցներով։ Սակայն նկատի ունենալով հասարակական տրամադրություններն ու կայուն ընդդիմացումը՝ հասկացել է, որ միայն այդ գործիքը բավարար չէ երաշխավորված արդյունքի հասնելու համար։ Ուստիեւ ստեղծել է նաեւ մի այլ՝ «ժողովրդավարական» բնույթի գործիք, որ վաղուց հայտնի է «կեղծ ընդդիմություն» անվանումով։ Անաչառ հայացքով նայելու դեպքում շատ դժվար է ասել, թե 1998 թվականից ի վեր նախագահական ընտրություններում այս գործիքներից որն է առավել արդյունավետ աշխատել։ Համենայն դեպս, ոչ մեկը չի կարող ժխտել, որ առանց կեղծ ընդդիմության վճռորոշ դերակատարության՝ անհնար պիտի լիներ միայն ուժով ու ընտրակեղծարարությամբ կանխել 1998-ին՝ Կարեն Դեմիրճյանի, 2003-ին՝ Ստեփան Դեմիրճյանի, 2008-ին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ 2013-ին՝ Րաֆֆի Հովհաննիսյանի տարած հաղթանակների արձանագրումը։

Կեղծ ընդդիմության ամենաակնառու ու թափանցիկ դերակատարումը 2008թ. նախագահական ընտրություններում էր, մասնավորաբար՝ Արթուր Բաղդասարյանի խաղացած դերը։ Նա ոչ միայն կարողացավ մոլորեցնել ընդդիմադիր հասարակության զգալի մի մասին, ապա անակնկալ իշխանութան կողմն անցնելով՝  ծանր հուսախաբության մատնեց նրան, այլեւ դրանով իսկ հնարավոր դարձրեց մարտիմեկյան հեղաշրջումն ու սպանդը։ Ողջ հասարակության համար մինչեւ վերջ ակնհայտ դարձած այս իրողության հանդիման՝ քաղաքական շատ վերլուծաբաններ արձանագրեցին, թե դրանով իշխանության ընտրական այս գործիքը՝ կեղծ ընդդիմությունն այնպես խայտառակվեց, որ այն այլեւս անվերականգնելի ու անօգտագործելի պիտի լինի հետագա ընտրություններում։ Ոչ մեկը չէր պատկերացնում, թե ինչպես այդ խայտառակությունից հետո դրա դերակատարները եւ, առաջին հերթին՝ Ա. Բաղդասարյանը,  կարող են մարդամեջ դուրս գալ թեկուզ ամենահեռավոր գյուղում, մեղմ ասած՝ նախատինքի ու հայհոյանքների չարժանանալով։ Եւ դուրս էլ չեկան. մեկին Ս. Սարգսյանը թաքցրեց Հանրային խորհրդում, մեկին՝ Ազգային ժողովում, իսկ հիմնական դերակատար Ա. Բաղդասարյանին՝ Ազգային անվտանգության խորհրդում։

Հետաքրքիր է, սակայն, այս երեքի նկատմամբ էլ Ս. Սարգսյանի միատեսակ վերաբերմունքն ի սկզբանե, որ պատկերավոր մի խոսքով կարելի է կոչել «մտրակի եւ բլիթի» վերաբերմունք։ Այս մարդկանց առավելագույնն օգտագործելով ու առատ փոխհատուցելով հանդերձ՝ հենց ինքն է նաեւ նրանց (մակ)անվանադիրը, մեկին՝ «Իդիոտ», մեկին՝ «Դատարկ դհոլ» (կրճատ՝ Դհոլ), մեկին՝ «Հաճախորդ» կոչելով։ (Արդարացի լինելու համար փակագծում ասենք, որ առաջին դեպքում նա կրկնապատկված՝ «իդիոտ եւ տականք» ձեւով ետ է ստացել վիրավորանքը)։ Ինչպես հայտնի է՝ մականունները մարդկանց ամուր սոսնձվում-կպչում են այն դեպքում, երբ դրանք, որպես բնութագրիչներ՝ առավելագույնս դիպուկ են, ուստի այս դեպքերում (դարձյալ՝ հանուն արդարության) պետք է ընդունել Ս. Սարգսյանի ճշգրտությունը։ Արձանագրենք նաեւ, որ շատ ավելի պակաս վիրավորական է, երբ մարդն իր վարքագծի կամ ծառայության համար արժանանում է միայն «մտրակի» կամ միայն «բլիթի», քան երկուսը միասին։

Այստեղ ավելացնենք, որ 2008թ. հետո փոխվեց Ա. Բաղդասարյանի՝ մինչ այդ տարածում գտած «Հաճախորդ» մականունը՝ ԱԽՔ-ով։ Կարելի է վստահաբար ասել, որ հայաստանյան մականունավորների համաստեղության մեջ սա ամենահայտնին է ու ամենահանրաճանաչը։ Ավելին՝ այն, արդեն որպես բառարմատ, ամրորեն մտել է մեր լեզվի մեջ իր ոչ միայն գոյականական, այլեւ ածականական, բայական ու մակբայական տասնյակ կիրառումներով։ Անցած տարիներին գրավոր նյութերում այդ բառարմատով արձանագրված բառակազմությունների ոչ լրիվ ցուցակ՝ մի քանի տասնյակ միավոր, անգամ հրապարակվել է։ Ըստ այդմ՝ այսուհետ որեւէ բառարանագիր չի կարող անտեսել այս հանգամանքը եւ ԱԽՔ-ը իր տասնյակ բառակազմություններով չի կարող չմտցնել հայերենի բառարաններ։

Ինչո՞ւ հասարակական-քաղաքական լեքսիկոնում ԱԽՔ-ը հաղթեց ու դուրս մղեց «Հաճախորդին»։ Բացատրությունն ակնհայտ է. 2008թ. Ա. Բաղդասարյանի խաղացած դերից ու դրսեւորած վարքագծից հետո «հաճախորդը», որպես բնորոշում, այլեւս շատ մեղմ էր՝ արտահայտելու համար արգահատական այն վերաբերմունքն ու նողկանքի այն զգացողությունը, որ համատարած առաջացել էր ողջ հասարակության մեջ՝ քաղաքական շրջանակներից սկսած, մինչեւ Հեռվաշեն գյուղի՝ աշխարհի անցուդարձից ամենահեռու վերջին հովիվը։ Մինչդեռ ԱԽՔ-ը հայերենում նողկանք արտահայտող հայտնի ձայնարկութան հետ հնչյունական նույնությամբ արտահայտում էր հենց այդ՝ նողկանքի եւ արգահատանքի համատարած դարձած զգացումը նրա նկատմամբ։

Սույն փաստն, իմիջիայլոց (ամենայն լրջութամբ), հաստատում է գիտական այն պնդումը, որ որեւէ լեզվում նոր բառ չի կարող ստեղծվել, քանի դեռ չկա տվյալ առարկան կամ երեւույթը։ Իսկ երբ առարկան կամ երեւույթը ներմուծվում է դրսից, այն սովորաբար գալիս է իր օտար անվանմամբ։ Այնպես որ, Աճառյանից հետո հայերենի հաջորդ արմատական բառարանի հեղինակը պիտի ունենա այսպիսի բառահոդված. «ԱԽՔ – բնիկ հայ բառ, առաջացել է…» եւ այլն։ Իսկ թե ինչպես պետք է այն թարգմանվի այլ ժողովուրդների լեզուներով, որոնց հասարակական, քաղաքական կյանքում դեռ անծանոթ է այս երեւույթը, դա արդեն իրենց հոգսն է, թող բառը փոխառեն հայերենից։

* * *

Որքան էլ 2008թ. կեղծ ընդդիմությունը լիակատար բացահայտված ու ջախջախված՝ Սերժ Սարգսյանը չէր կարող համակերպվել թանկարժեք ու կենսական այդ գործիքը կորցնելու մտքի հետ։ Եւ նա սկսեց աշխատել երկու ուղղությամբ։ Առաջին՝ գտնել նոր «հաճախորդներ», ու հատկապես՝ հենց այն ուժի շրջանակներից, որից ինքը ջախջախիչ պարտություն էր կրել։ Նրա համառ ու առատաձեռն աշխատանքն այս ուղղությամբ կարծես թե խոստանում է ինչ-որ արդյունքներ տալ (բայց սա այլ թեմա է, թողնենք այլ առիթի)։ Երկրորդ՝ համբերատար վերականգնել կեղծ ընդդիմության՝ 2008-ին ջախջախված մեքենան (այնպիսի մի սրտացավությամբ, ինչպես հայտնի ֆիլմում Ադամն էր վերականգնում իր ջախջախված «Անտիլոպը»)։ Հենց այդ նպատակով, ինչպես արդեն ասացինք, 2008-ի հիմնական դերակատարներին, ըստ իրենց խաղացած դերի, փակեց ապահով պաշտոններում՝ հույս ունենալով, որ ըստ հայտնի ժողովրդական իմաստության՝ «ժամանակը կբուժի վերքերը», շատերի մոտ շատ բան մոռացության կմատնվի։

Եւ ահա, հերթանական անգամ եկել է իր փայփայած «հաճախորդներին» եւս մեկ անգամ գործի դնելու ժամանակը։ ԱԽՔ-ը, իշխանական բարձունքներից, ինչպես 2006թ. Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, այժմ էլ՝ Ազգային անվտանգության քարտուղարի պաշտոնից, գործուղվում է ընդդիմություն։ Մի՞թե Սերժ Սարգսյանը մտածում է, թե նույն մարդու դերակատարությամբ կարելի է նույն դաժան խաղը խաղալ ժողովրդի հետ։ Այս առիթով «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը գյումրեցուն հատուկ պատկերավոր խոսքով դիպուկ նետել է. «Ո՞վ է նրան ներշնչել, թե նա իրավունք ունի ծաղրել մեր բանականությունը»։ Բանականություն ունեցող յուրաքանչյուր ոք, անշուշտ, թույլ չի տա այդ ծաղրը։ Ուրեմն, գուցե այս դեպքում խուճապի մեջ հայտնված Ս. Սարգսյանի եւ ԱԽՔ-ի թիրախը հասարակության հատակի այն լղարիկ շե՞րտն է, որ խնդիր ունի թե՛ հիշողության, թե՛ բանականության հետ։ Բայց դա շատ քիչ է։

Խարդավանքների վարպետ Ս. Սարգսյանն այս անգամ շտապ, բոլորովին այլ մի ծրագիր է իրականացնում։ Եւ այդ ծրագիրն, իհարկե, առնչվում է Քառյակին, որի դրած պահանջների ու խոստացած հանրահավաքի վտանգի դեմ նա առայժմ որեւէ հակաթույն չի գտել։ ԱԽՔ-ը այժմ նրան պետք է ոչ թե մարդկանց խաբելու, գայթակղելու, մոլորեցնելու, իր կողմը ձգելու, այլ վանելու համար։ Որպես 2008թ. փետրվարից ի վեր եւ առ այսօր ամենամեծ վանողական ուժ ունեցող արգահատելի կերպար՝ նա գործուղվել է ընդդիմադիր դաշտ՝ Քառյակին որեւէ կերպ քսվելու, նրա հետ որեւէ կերպ առնչվելու, նույն բաները կրկնելու միջոցով միասնական գործելու տպավորություն ստեղծելու, եթե կարողանա՝ Քառյակ մտնելու համար։ Կարելի է միայն պատկերացնել, թե այդ դեպքում սեփական բանականության ու արժանապատվության հարգն իմացող քանի տասնյակ ու հարյուր հազարավոր մարդիկ երես կթեքեն Քառյակից։ Ահա եւ Սերժ Սարգսյանի իրական, խարդավական ծրագիրը, որի գործող անձը հայ իրականության մեջ ուրիշ ոչ ոք լինել չէր կարող, քան ինքը՝ ԱԽՔ-ը։ 

Նախորդ հոդվածը‘Հովիկը Աբրահամյանը խոսքի տերը չեղավ. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘Բախտներս բերել է, որ Ռուսաստանը առայժմ չի պահանջում լուծարել ԱԺ-ն. «ՉԻ»’