‘Խմբագրական. «Թող ոչ մի զոհ չպահանջվի` քեզնից բացի»’

2930

Շանթ Հարությունյանի եւ իր համախոհների կասեցված երթին ու ձերբակալություններին հաջորդած բուռն բանավեճերն սպասելի էին: Ի վերջո, առօրեական միջադեպ չէր կատարվածը, թեկուզեւ անհաջող, բայց հեղափոխության փորձ էր: Եվ հիմա մեկը գրեթե աստվածացնում է Շանթին, մյուսը դատապարտում է, երրորդը` հեգնում, չորրորդը` լռում: Խոսքը «հավերժական» լռողների մասին չէ կամ Սերժիկ Սարգսյանի պնակալեզների, այլ նրանց, ովքեր շատ որոշակի տեսակետ ունեն, բայց գիտակցում են` որքան էլ զգուշորեն ընտրեն յուրաքանչյուր բառը, ակամա հայտնվելու են կամ աստվածացնողների, կամ դատապարտողների, կամ էլ հեգնողների ցուցակում, եւ լռում են, որովհետեւ այս երեքից ոչ մեկը չեն:

Մի քիչ ետ դառնանք: Մինչ երթը` օրեր առաջ Շանթը նստացույց սկսեց Ազատության հրապարակում, եւ ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ նրա մտադրությունը հեղափոխությամբ հանցագործ իշխանություններից երկիրը փրկելն էր: Ինչպես եւ ինչով` ոչ ոք չգիտեր, միացողները հատուկենտ էին, իսկ աստվածացնողները, ինչպես հետագան վկայեց` բազմաթիվ: Սպասվելիք հեղափոխությամբ ոգեշնչվածներն իրենց հիացմունքն արտահայտում էին սրճարաններում, հեռուստաէկրանի առջեւ նստած, ֆուտբոլ նայելով գարեջուր խմելիս, հեռու-հեռուներից եւ, իհարկե, Ֆեյսբուքում ու որոշ լրատվամիջոցներում:

Թվում է` եթե աստվածացնում են Շանթին ու նրա ձեռնարկը, ուրեմն` հավատում են նրա հռչակած հեղափոխության հաղթանակին: Կամ գոնե` հաղթանակի մերձեցմանը: Եվ եթե հավատում են, ուրեմն` տարրական տրամաբանությունը եւ բարոյականությունը հուշում են, որ այդ մարդիկ պետք է Շանթի կողքին լինեին Մաշտոցի պողոտայում` բախումների ժամանակ: Չէ, այնտեղ չէին: Շանթը մի քանի տասնյակ համախոհների հետ ճամփա ընկավ հեղափոխություն անելու, եւ ճանապարհի հենց սկզբին նրան «ուղեկցեցին» բանտախուց: Դրանից հետո ի՞նչ էր ենթադրվում: Ենթադրվում էր, որ այն մարդիկ, ովքեր իրենց հեռակա հիացմունքով թեւ էին տալիս Շանթին, առնվազն պետք է մեղքի զգացումից սսկվեին, որ մենակ էին թողել իրենց հույսուհավատին: Ենթադրությունը ենթադրություն էլ մնաց: Նրանք շարունակում են բացճակատ աստվածացնել եւ լուտանքներ թափել նրանց հասցեին, ովքեր ցավում են կատարվածի համար, բայց որքան էլ անկեղծորեն ջանք են թափում, որ հիանան` ինչպիսի՜ ամոթ, չեն կարողանում: Ճիշտ են անում, թե սխալ` այլ հարց է: Բայց արդյո՞ք այս մարդկանց կեցվածքը Շանթի հանդեպ ավելի ազնիվ չէ, քան նրանցը, ովքեր այս անհաջողության մատնված ձեռնարկի հանդեպ իրենց վերաբերմունքն արտահայտում են մոլի ֆուտբոլասերի պես` կողքից նայում ու «տուշ» են տալիս` իրենց ազատատենչ հոգիներում վերաշարադրելով Չարենցին. «Թող ոչ մի զոհ չպահանջվի` քեզնից բացի»:

Այս իրավիճակը ձեզ չի՞ հիշեցնում Ղարաբաղյան պատերազմի տարիների այն «քաջազուններին», որոնք այնքան դժգոհ էին, որ Հայկական բանակը դանդաղում է, որ Բաքուն չի գրավում, չնայած սրանց գերակշիռ մասի տեսած եւ օգտագործած զենքը ճայթռիկն էր, իսկ իրենք կամ իրենց սիրասուն զավակները զանազան ճանապարհներով կա՛մ ազատվել էին բանակում ծառայելու պարտավորությունից, կա՛մ բարեհաջող հայտնվել յոթ սարից ու յոթ ձորից այն կողմ:

 

Պատերազմից հետո՛ էլ ոչինչ չփոխվեց. ժամանակ առ ժամանակ հեռուստաէկրանին կամ լրատվամիջոցների էջերում հայտնվում են հերթական քաջազուններն ու հոխորտում` պետք լինի, նորից կկռվենք Ադրբեջանի դեմ: Կռվողներն ու զոհվողներն, անշուշտ, իրենք չեն լինելու, ոչ էլ` իրենց զավակները: Իրենք գիտակցում են, հրաշալի՛ են գիտակցում, որ հանուն հայրենիքի զոհվելը պատիվ է, եւ մեծահոգաբար այդ պատիվը «պարգեւում են» ուրիշներին: Իրենք համեստ են, առանց հերոսանալու էլ կապրեն:

Հիմա՛ էլ նույնն է. Շանթ Հարությունյանի ձերբակալությունից հետո հիացողների մի պատկառելի բանակ է ձեւավորվել: Ի՜նչ հուզիչ են հիանում, ի՜նչ գեղեցիկ շարադասությամբ են դասավորում բառերը, ի՜նչ մոլեգնությամբ են անարգանքի սյանը գամում նրանց, ովքեր առնվազն տարակուսած են ու շվարած կատարվածից հետո:

Մահ կամ ազատությու՞ն: Սա էլ է տարբերակ: Բայց սա հենց ա՛յն տարբերակն է, որի դեպքում մարդն ինքն է գնում դեպի մահ, ոչ թե ուրիշներին է ճամփում ու թիկունքից ծափահարում:

Շանթ Հարությունյանն ու իր համախոհների փոքրիկ ջոկատը պատրա՞ստ էին մեռնել… Երեւի պատրաստ էին: Բարեբախտաբար` ողջ են: Թեկուզ` բանտախցերում:

Եվ այս պահին` արդարացի, թե ոչ, բայց ուրիշներին ամոթանք տալու իրավունք վաստակել են միայն Շանթն ու իր հետ Մաշտոցի պողոտայում Սերժիկ Սարգսյանի համազգեստավոր հանցագործների դեմ կռիվ տվողները: Մնացած նահատակապաշտները գուցե լռե՞ն: Կամ գուցե ներողությու՞ն խնդրեն Շանթից, որ իր կողքին չէին, ու դադարե՞ն սրեր ճոճել նրանց դեմ, ովքեր հենց սկզբից չէին քաջալերում Շանթի դոնկիխոտությունը:

Մի տարբերակ էլ կա` ուշացումով շարունակել նրա կիսատ թողած գործը: Անշուշտ, ոչ նույնպիսի «անձնազոհությամբ», ինչպես այժմ «պայքարում են» ոչ անհայտ «վճռականները»:   

Նախորդ հոդվածը‘Օգնենք Ասատուրին ազատվել հաշմանդամությունից’
Հաջորդ հոդվածը‘Կիվիրյանին Կոմիտաս 5-ի գործով կանչել են դատախազություն ‘