‘Խմբագրական. Ժառանգորդ օպերացիա. Սերժի «մուտիտը»’

3196

Վերջին շրջանում նկատելի է Սեյրան Օհանյանի՝ որպես իշխանական հավանական ժառանգորդի մասին խոսակցությունների աշխուժացումը: Դրա մանրամասներից, տարբերակներից, ինչպես նաեւ տարածման տարբեր տեխնոլոգիաներից այստեղ չեմ ուզում խոսել, ոչ էլ հետաքրքիր եմ համարում Օհանյանի անձի քննարկումը քաղաքական տեսակետից: Ըստ իս՝ այս խոսակցությունները պետք է գնահատել որպես իշխանական «մուտիլովկա», եւ հենց որպես այդպիսին էլ անհրաժեշտ է քննարկել՝ ինչո՞ւ է այն տարածվում, ո՞վ է տարածում, եւ ո՞րն է իրականությունը իշխանական «ժառանգության» հարցում:

Սերժ Սարգսյանը չի պատրաստվում հանձնել իշխանությունը

Ինչո՞ւ եմ կարծում, որ եղածը քաղաքական-տեղեկատվական «մուտիլովկա է»: Այն պարզ պատճառով, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում որեւէ մեկին հանձնել իշխանությունը 2018-ից հետո. նրա ծրագիրն է իշխանությունը պահել սեփական ձեռքերում: Այս ուղղության թիվ մեկ ցուցիչը սահմանադրական փոփոխությունների նախագիծն է, որի շուրջ է կազմավորվում վերջին շրջանի քաղաքական փուլի դիրքավորումը: Բազմիցս մանրամասնորեն փաստարկվել է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը 18-ից հետո իշխանությունը պահելու՝ Սարգսյանի պլանն է. կարիք չկա կրկին դա ապացուցելու: Կարեւոր է փաստել, որ ո՛չ քաղաքական վելուծաբաններից եւ մեկնաբաններից, ո՛չ էլ քաղաքական սուբյեկտներից որեւէ մեկը, չհաշված, իհարկե, զուտ իշխանական պաշտոնական վարկածի շրջանակներում ստիպված խոսողներից եւ ՀՀԿ առաջնորդի հետ հերթական գործարքի գնացած Դաշնակցությունից, երբեւէ չի վիճարկել այս պնդումը՝ կասկածի չի ենթարկել սահմանադրական փոփոխությունների նախագծի՝ հիշյալ քաղաքական նպատակը, հետեւաբար՝ կարող ենք ապացուցված համարել, որ նպատակը հենց այդպիսին է: Պարզ է, ուրեմն, որ Սերժը ժառանգորդ գործողության իրական նպատակ չունի՝ իր ժառանգորդ տեսնելով հենց … ինքն իրեն: Քանի դեռ նա չի հրաժարվել սահմանադրական փոփոխությունների նպատակից, իշխանական ժառանգորդի մասին ցանկացած խոսակցություն պետք է համարել այս կամ այն նպատակով տարածվող «մուտիտ»: Այլ հարց է, թե արդյո՞ք կհաջողվի Սերժին իրականացնել սահմանադրականի իր ծրագիրը. դա էլ կախված է բացառապես այն դիմադրությունից, որն ի հայտ կբերեն քաղաքական եւ հասարակական ուժերը:

Անվանապես ընդդիմադիր կեղծարարները

Այս պայմաններում, ի դեպ, բոլոր քաղաքական հավակնություն ունեցող խմբերն ու անհատները, որոնք ցայսօր պասիվ, զուտ դիտորդի կամ վերլուծաբանի դեր են ստանձնել այս խնդրում, կամա թե ակամա խաղում են ՀՀԿ առաջնորդի կողմում, եւ բացարձակապես կապ չունի, թե արանքում ինչ քֆուրներ են տալիս Սերժի հասցեին կամ որքա՛ն ուժգին են քննադատում նրա իշխանությունը: Պարզ է, որ եթե որեւէ քաղաքական սուբյեկտ ակտիվորեն չի ներգրավված սահմանադրական փոփոխությունները վիժեցնելու գործին, ապա՝ ա. նրա նույնիսկ ամենասուր քննադատությունը զրոյական արժեք ունեցող ձեւականություն է, բ. նա համաձայն է, որ Սարգսյանը պահպանի իշխանությունը, գ. նա ինքը հրաժարվում է երբեւէ իշխանություն ստանձնելու որեւէ հավակնությունից՝ չհաշված ապագայում ՀՀԿ ցուցակում ընդգրկվելը: Ընդ որում՝ ստից «մենք էլ ենք դեմ»-ով այս հարցից չես պրծնի՝ խոսքը հենց ակտիվ՝ քննադատական եւ գործնական դիմադրության մասին է: Թե չէ, եթե, ձեռի հետ ասած, «դե մենք էլ ենք դեմ-ով» լիներ, «հրե՛ս»՝ Սերժն ինքը դեռ չի ասել՝ պաշտոնապես դեմ է, թե կողմ, նույնիսկ մի անգամ ասել է, թե այնքան էլ կողմ չի, բայց դե, ի՛նչ արած, եթե սահմանադրական հանձնաժողովը պնդի, ինքը ստիպված կարող է համաձայնել, մինչդեռ պարզ է, որ սահմանադրական փոփոխությունների թիվ մեկ շահառուն ու նախաձեռնողը հենց ՀՀԿ առաջնորդն է:

Այս առումով չեմ դադարում զարմանալ, թե ինչպե՛ս են մարդիկ ցայսօր շարունակում լրջորեն քննարկել ոչ միայն ա՛յն, թե ո՛վ կարող է լինել Սերժի կողմից ընտրված ժառանգորդը, այլեւ ա՛յն, թե ո՛վ կարող է լինել 18-ի ընդդիմադիր թեկնածուն: Սրանք բացարձակապես ժամանակավրեպ խոսակցություններ են, քանի որ եթե իրականություն դառնա Սարգսյանի պլանը, ապա նախագահի ո՛վ լինելը դառնում է երկրորդական, արարողակարգային հարց, իսկ մարդիկ, որոնք այսօր ամենաակտիվ կերպով չեն մասնակցում սահմանադրական փոփոխությունների ծրագրի դիմադրության կազմակերպմանը, չեն փորձում մոբիլիզացնել իրենց կողմնակիցներին, կամ պետք է համարվեն հիմարներ, կամ էլ կեղծողներ, որոնք իրականում վաղուց հրաժարվել են որեւէ մեծ քաղաքական հավակնություններից, այդ թվում՝ «նախագա» դառնալու երազանքներից: Պարզապես՝ մեր հասարակությունն այնքան միամիտ է, որ նույնիսկ այս պարզ տրամաբանությունը չի ուզում ընկալել:

Ներիշխանական քֆուր-քյաֆարը

Ինչեւէ, դառնանք «մեր» «գերագույն գլխավորին»: Իհարկե, ինչ-որ պահի նա կարող է հրաժարվել սահմանադրական փոփոխությունների ծրագրից (դրանով իսկ ընդունելով իր փաստացի պարտությունը ներքաղաքական խաղում), եւ այդ դեպքում իշխանական «թագաժառանգի» հարցը կդառնա իրական: Բայց պետք է հաշվի առնել, որ հրաժարումը սահմանադրական նախագծից պետք է բերի մեծ անկայունության իշխանական ճամբարում: Մի բան է, եթե Սարգսյանն ի սկզբանե չնախաձեռներ իշխանությունը սեփական ձեռքերում պահելու ծրագիրը եւ «սուս-փուս» ժառանգորդ ընտրեր իրեն, այլ բան է, երբ նա ժառանգորդին պետք է ընտրի ստիպված՝ հրաժարվելով իր նախնական ծրագրից՝ հասարակական ճնշման տակ: Պարզ է, որ այս դեպքում ՀՀԿ առաջնորդի վարկանիշը, մեղմ ասած՝ չի բարձրանալու հենց իշխանական  թիմի մեջ, եւ ժառանգության իշխանական հավակնորդներն ավելի ազատ են սկսելու գործել, եւ մեկը մյուսին չի խնայելու, ոչ էլ նախկինի պես ենթարկվելու են «շեֆին»: Պատկերացնելու համար, թե հենց այսօր, մինչ Սարգսյանը դեռ չի հրաժարվել իր ծրագրից, ի՛նչ է կատարվում ներիշխանական մրցակցության դաշտում, բավական է, օրինակ, ընթերցել «ժառանգորդ» խաղացնող բարձրաստիճան պաշտոնյաների թիմը ներկայացնող ֆեյսբուքյան ֆեյքերից (կեղծանվամբ հանդես եկողներից) մեկի գրառումները (անուններ չենք տալիս): Այդ էջում այնպիսի հայհոյանքներ են սփռված մեկ այլ հնարավոր «ժառանգորդի» հասցեին, որ նույնիսկ քֆուրին սովոր ականջը կարող է թառամել: Իսկ գրառումներից մեկում ասվում է՝ «վերջը X-ն է սրանց խեղդելու: Սատկացնելու ա»: Այսինքն՝ պոտենցիալ հավակնորդի թիմն ապագայում «ընդդիմադիր» կամ, այսպես ասած՝ «հակաքրեաօլիգարխիկ» դիրքերից խոսելու հայտ է ներկայացնում, թերեւս՝ մոտավորապես այն ոճով, որով Սերժի թիմը՝ Սերժի նախորդի նկատմամբ:

Սերժի որեւէ ժառանգորդ նրան «գցելու է»

Ի դեպ, ահա եւս մեկ պատճառ, թե ինչո՛ւ Սարգսյանը չի պատրաստվում որեւէ մեկին ժառանգել իշխանությունը: Նա ամենեւին էլ չի ուզենա հայտնվել իր նախորդի վիճակում, որը, փոխանցելով իշխանությունն իր վաղեմի «ընկերոջը», այսօր հայտնվել է այդ «ընկերոջ» իսկ քարոզչության հարվածների տակ եւ դուրս է մղված իշխանությունից: Իսկ այն, որ որեւէ մեկին, թեկուզ՝ սեփական փեսային, էլ չասած՝ մյուսների մասին, իշխանությունը փոխանցելով՝ Սերժը հայտվելու է ոչ միայն իր նախորդի, այլեւ գուցե տասնապատիկ բեթար վիճակում՝ կասկած չկա: Նախ՝ դա պատահականություն չէ, այլ բռնապետական, ոչ օրինակարգ համակարգերի համար տիպական երեւույթ, որի լավագույն օրինակը Սովետական Միությունն էր, ուր ամեն տվյալ պահի «վոժդն» ինքնահաստատվում էր ի հաշիվ նախորդի (նույնը հաճախ տեղի էր ունենում Հռոմեական կայսրությունում եւ Բյուզանդիայում, որոնք սովետականին բավական նման համակագեր էին՝ որպես իրավական եւ փաստացի իրականության խորն անջրպետով բնորոշվող): Երկրորդ՝ հասարակական նվազագույն վարկանիշ ունենալու համար Սերժի որեւէ ժառանգորդ, թեկուզ դա լինի Սաշիկն իսկ, պետք է «գցի» Սերժին: Երրորդ՝ Սերժի կառավարման տարիներին, նրա իսկ հովանավորությամբ, հասարակական գիտակցությունը մանիպուլյացիաների ենթարկելու տեխնոլոգիաները, հատկապես՝ իշխանություն լինելով՝ ընդդիմություն խաղալու տեխնոլոգիան, այնպիսի ծաղկում ստացավ, որ ցանկացած ժառանգորդ չի կարող դրանից չօգտվել մեծագույն հաճույքով: Նույնիսկ չեք պատկերացնում, թե դեմքի ինչպիսի՛ լուրջ արտահայտությամբ եւ աչքերի ի՛նչ աստիճանի անմեղ արտահայտությամբ «վոժդի» այսօրվա զինակիցները մերկացնելու են մութ անցյալը՝ նոր վոժդի հովանու ներքո, իսկ ջահելները պարզապես հերթ չեն տալու իրար Սարգսյանի հանցավոր վարչակարգի մութ կետերը բացահայտելու գործում: Այս ամենը ՀՀԿ առաջնորդը այս կամ այն չափով գիտակցում է եւ ամեն բան կանի՝ նման ապագա չունենալու համար:

Սարգսյանը կարող է փորձել ձգել սահմանադրական փոփոխությունների նախագծի պաշտոնական սկիզբը, որպեսզի մարտավարական, գուցե եւ ռազմավարական տեսակետից թուլացնի ընդդիմության դիրքերը, կարող է փորձել գնալ վա-բանկ եւ ասել իր վերջնական «այո»-ն (այս քայլը կարելի է գնահատել մոտավորապես որպես պատերազմի հայտարարություն), կարող է համապատասխան ճնշման տակ հրաժարվել դրանցից՝ ընդունելով իր պարտությունը, բայց ժառանգորդի մասին նա այս պահին ամենից քիչ է մտածում:

 «Մուտիլովկայի» նպատակը եւ «հավաստի աղբյուրները»

 Իսկ ահա ժառանգորդի թեման որպես մուտիլովկա մեյդան հանելը կարող է մասը լինել նրա «խորամանկ» ծրագրի: Դրանով Սարգսյանը բավականին պարզ խնդիրներ կարող է լուծել: Օրինակ՝ պատրանք ստեղծել, թե ինքն իբր արդեն գնացող է, «կաղ բադ է», որ նրա ազդեցությունն ու նշանակությունն այսուհետ նվազելու են՝ թուլացնելով հակաիշխանական լարվածությունը հասարակության մեջ, ցրելով մարդկանց ուշադրությունն իր անձի նկատմամբ: Բացի այդ՝ քանի որ մարդիկ անասելի հոգնած են նրանից ու նրա կառավարումից, ապա ցանկացած նոր իշխանացուի հայտնվելը, նույնիսկ՝ եթե նա իշխանության մաս է, կարող է մարդկանց թեկուզ մի մասին ինչ-որ հույս ներշնչել, «ֆորտըչկան» բացելու ազդեցություն թողնել: Կարող ենք թվարկել եւ այլ բազմաթիվ մեծ ու փոքր պատճառներ, բայց ամբողջական թվարկումը տվյալ դեպքում այդքան էլ էական չէ:

Ուրեմն՝ պետք է արձանագրենք, որ այնքան ժամանակ, քանի դեռ Սարգսյանը չի հրաժարվել Սահմանադրական փոփոխությունների իր ծրագրից, այդքան ժամանակ՝ ա. իշխանական որեւէ ժառանգորդի մասին ցանկացած խոսակցություն պետք է համարենք որպես իշխանական իսկ «մուտիլովկա», բ. 18-ի նախագահական ընտրությունների հեռանկարով ներկայացված ցանկացած «թեկնածուական» հայտ, լինի դա ընդդիմադիր թե իշխանամետ դաշտից, նույնպես պետք է այդպիսին համարվի:

Հատկապես ուշադիր պետք է լինել, երբ «ժառանգորդի թեման», իբր՝ իմիջիայլոց, մեյդան է գցվում ընդդիմադիր համարում ունեցող ԶԼՄ-ներում՝ հավաստի աղբյուրներին հղելով: Սովորաբար՝ դրանց հավաստի աղբյուրնեը լինում են Բաղրամյան 26-ի ջահելների ցուցումները եւ նույն տեղում մշակվող տեղեկատվական-«մուտիտաբանական» գործողությունները:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Australian Open. Հայտնի է դարձել տղամարդկանց մրցաշարի եզրափակչի առաջին մասնակցի անունը ‘
Հաջորդ հոդվածը‘Կառավարության մոտ նստացույց է սկսվել (ուղիղ, ֆոտո)’